Եթե դեռ տարակուսում ես՝ կյանքդ հանձնել Քրիստոսին, թե ոչ...
Աստված մեզ միտք է տվել, որպեսզի արժևորենք Նրա հայտնության փաստը: Եսայի 1.18-ում Աստված մեզ այսպիսի կոչ է անում. «Հիմա եկեք ու վիճաբանենք (կշռադատենք)»: Հիսուսը ցույց է տալիս բանականության կարևորությունը, երբ ասում է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը» (Մաթևոս 22.37):
Սակայն Աստվածաշնչում Աստված հիմնականում զրուցում է սրտից սիրտ ճանապարհով: Կրկին և կրկին Նա խոսում է սրտով խոնարհ լինելու անհրաժեշտության մասին:
Նա զգուշացնում է սիրտը կարծրացնելու վտանգի մասին: Չնայած Ավետարաններում հաճախ է խոսվում մտքի մասին, բայց մոտ հնգապատիկ ավելի անգամ խոսվում է սրտի մասին: Աստված ցանկանում է մեզ հետ խոսել ոչ միայն մտավոր մակարդակով, այլև՝ սրտից սիրտ ճանապարհով:
Այդպիսին է նաև իմ դիրքորոշումը: Եթե դու կամ քո ծանոթներից որևէ մեկը տարակուսում է կյանքը Քրիստոսին նվիրելու հարցում, ապա պատկերացնում եմ ինձ քո հետ սեղանի շուրջ նստած՝ երես առ երես սրտանց զրուցելիս: Գուցե ասում ես. «Երբեք հրաշք չեմ տեսել, ինչպե՞ս կարող եմ հավատ ընծայել մի այնպիսի պատմության, որում պատմվում է հրաշքների մասին»:
Հավատացած եմ, որ ճշմարտությանը հասնելու միակ ճանապարհը կանխակալ կարծիքներն անտեսելն է: Ի՞նչ կլինի, եթե իրոք կա Աստված, և Նա տեսնում է երկիրը, մեծապաշտոն մարդկանց սրտի հպարտությունը, վեր բարձրացող մարդկանց եսակենտրոնությունը և սովորական մարդկանց եսասիրությունը: Ի՞նչ կլինի, եթե իրոք այս Աստվածը որոշել է հայտնվել որոշ մարդկանց, եթե Նա որոշել է, որ Իր մասին կհայտնի ոչ թե հպարտներին, ամբարտավաններին ու սնապարծներին, այլ հեզերին, ընկածներին, հոգով աղքատներին:
Թեև տարբեր փիլիսոփայական և կրոնական խմբերի պատկանող բազում մարդիկ սիրում են խոսել իրենց՝ Աստծո հետ ունեցած հարաբերության մասին, սակայն Եսայի մարգարեին հայտնված ճշմարտություններից մեկն այն է, որ Աստված իրականում չի փորձում հաղթել ճանաչված լինելու մրցույթում: Ինչպես նշվում է Բ Պետրոս 3.9-ում, Նա առավելապես չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն ապաշխարի, սակայն, միևնույն ժամանակ, Նա չի փորձում Իրեն հայտնել ցանկացած մարդու:
Ինչպես Եսային գրում է. «Հիրավի դու ծածկապատված Աստված ես, ով Իսրայելի Փրկիչ Աստվածը» (Եսայի 45.15): Տարօրինակ չէ՞: Կարո՞ղ եք պատկերացնել Աստծուն թաքնված: Ինչո՞ւ Նա պիտի այդպես աներ: Ահա պատասխանը. Նա սպասում է: Նա սպասում է այնպիսի հանգամանքների, երբ մարդիկ բավական խոնարհ սիրտ կունենան Իր ձայնը լսելու և Աստծո հետ անձնական հարաբերություն սկսելու համար: Ինչպես Հիսուսն ասել է Հայտնություն 3.20-ում. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ»։
Աստվածաշնչում երեք անգամ պարզ ասվում է (և բազմիցս՝ ոչ այդքան բացահայտ), որ Աստված դեմ է հպարտներին, սակայն շնորհ է տալիս խոնարհներին (Առակաց 3.34, Հակոբոս 4.6, Ա Պետրոս 5.5): Ես հավատում եմ, Աստված ցանկանում է, որ մեր հարցերն Իրեն ուղղենք, սակայն գալիս է ժամանակ, երբ Նա ասում է. «Ժամանակն է գործել ըստ Իմ պատասխանի: Այլևս մի հապաղիր»:
Եվ երբ պատասխան ենք տալիս Նրան այդ պահին, մեր սիրտը բացում ենք հրաշքները տեսնելու հավանականության առջև: Իմ հայրը ժամանակին քաղաքում հայտնի մի հարբեցող էր, ով Քրիստոսին դարձավ իր կյանքի մայրամուտին և այնքան շատ փոխվեց, որ իր կյանքի վերջին 14 ամսվա ընթացքում շատերն ընդունեցին Քրիստոսին: Այս ամենից հետո ինչ տեսել և ապրել եմ, սա հրաշք էր: Ոչինչ, ոչ ոք, ճշմարիտ Աստծուց բացի, չէր կարող մարդու կյանքում նման փոփոխություն առաջացնել: Եվ երբ նայում եմ սեփական կյանքիս, պետք է ասեմ, որ ոչինչ, գերբնական Աստծուց զատ, չէր կարող առաջացնել այն փոփոխությունները, որ Աստված է արել իմ կյանքում:
Եթե քո սիրտը և միտքը փնտրում են Աստծո սերը, ապա դիմի՛ր Նրան, և թող Աստված օրհնի քեզ քո որոնման ընթացքում:
Ջոշ Մաք-Դաուել