Մեկտեղ հավաքվելու պատվեր.

Նոր Կտակարանում չեք կարող հանդիպել միայնակ քրիստոնյաների: Նրանք միշտ միասին էին՝ միասին հաց էին կտրում, ընկերություն անում: Գործք. առ. 2.42 խոսքն այսպես է ասում.

«Եվ նրանք հաստատորեն շարունակում էին առաքյալների ուսմունքի, հաղորդակցության, հաց կտրելու և աղոթքի մեջ»:

Ինչպե՞ս կարող ենք հաստատորեն հետևել առաքյալների ուսմունքին՝ առանց հավաքվելու կիրակնօրյա ժողովին և լսելու  շաբաթվա այլ օրերի աստվածաշնչյան ուսուցումները: Նոր Կտակարանում տասնյակ անգամներ կարելի է հանդիպել «միմյանց» բառին, և միշտ այդ բառի ենթատեքստում դրված է Քրիստոսի մարմինը՝ եկեղեցին: Եկեղեցին չի փրկում, բայց փրկված անձը պետք է փափագի ընկերակցության մեջ լինել սուրբերի հետ, ինչպես երկաթը երկաթ է սրում (Առակաց 27.17): Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մեկտեղ հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց հորդորենք և այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտենում է (Եբր. 10.25): Այդ օրը շատ արագ է մոտենում, և մենք հիմա ավելի շատ ունենք միմյանց կարիքը, որպեսզի հորդորենք միմյանց (Եբր. 3:13):

Հիսուսը տալիս է հովիվներ և ուսուցիչներ.

«Եվ Նա մի քանիսին տվեց, որ հովիվներ և ուսուցիչներ լինեն, սրբերի կատարելության համար, ծառայության գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար» (Եփեսացիս 4.11-12): Մարդը չկանչեց նրանց ծառայության, այլ Հիսուսը կանչեց ծառայելու՝ Աստծո Խոսքը հավատարմորեն քարոզելու, որպեսզի ձեր միտքը նորոգվի և ձեր կյանքը փոխվի: Հիսուսն ասաց. «Ես կշինեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթահարելու այն» (Մատթեոս 16.18):

Նա չասաց, որ կշիներ Իր եկեղեցին և դժոխքի դռները չեն հաղթահարելու այն, մինչ ոմանք հավատան, որ դրա կարիքը չկա կամ որ 21-րդ դարը դրա անհրաժեշտությունը չի ունենալու: Աստվածաշունչը երբեք չի ասում, որ երբ քրիստոնյաները մեկտեղ են, ապա դա եկեղեցին է, այլ երբ նրանք մասնակցում են Տիրոջ ընթրիքին, այսինքն՝ երբ նրանք Տիրոջ ներկայության մեջ են, Տիրոջ գործի մեջ են, Տիրոջ հետ են (Ա Կորնթացիս 11.17):

Մենք միմյանց կարիքն ունենք.

Պողոսը գրում է. «Եվ եթե մեկ անդամը նեղություն է կրում, բոլոր անդամները նրա հետ նեղություն են կրում, կամ եթե մեկ անդամը փառավորվում է, բոլոր անդամները նրա հետ ուրախանում են: Այժմ դուք Քրիստոսի մարմինն եք և մասնավորապես՝ Նրա անդամները» (Ա Կորնթացիս 12.26-27):

Նեղություններն ու փորձություններն ավելի հեշտ է անցնել հավատացյալների մեջ, քան՝ միայնության: Այս օրինակը ես էլի եմ օգտագործել. հսկա սեկվոյաները՝ կարմրավուն ծառեր, ունեն հարյուր ոտնաչափ բարձրություն և ավելի քան հազար տարեկան են, բայց նրանց արմատները մակերեսային են: Փոթորիկի ժամանակ, երբ այս ծառը միայնակ լինի, արմատախիլ կլինի, բայց երբ այս ծառերը միասին են լինում, նրանց արմատները միահյուսվում են իրենց ճյուղերի պես, և նրանք դիմանում են փոթորիկին: Նրանք պահում են միմյանց փոթորիկների ժամանակ: Հիշե՜ք, որ հակառակորդը մռնչացող առյուծի պես պտտվում ու փնտրում է, թե ում կարող է կուլ տալ (Ա Պետրոս 5.8): Նա հազվադեպ է հարձակվում նախիրի վրա, այլ փնտրում է նրան, ով առանձնացած է նախիրից և վիրավորված, որպեսզի հարձակվի:

Ծառայություններ.

Տարբեր եկեղեցիներ ունեն տարբեր ծառայություններ՝ ծերերի խնամք, օգնություն կարիքավորներին, ավետարանչություն, ծառայություն բանտերում, ծերանոցներում, մանկատներում և այլն: Միասին, որպես Քրիստոսի մարմին, մենք կարող ենք ավելին, քան միայնակ մարդը: Աստված մեզ տվեց Հոգու պարգևներ, որպեսզի սպառազինի և օգնի եկեղեցուն: Հոգու պարգևները անհատի համար չեն, այլ բարի օրինակ լինելու, հորդորելու, քաջալերելու, և սպառազինելու սուրբերին: Պողոսն ասում է, որ միասին մենք կաճենք Նրա մեջ, որ գլուխն է, այսինքն՝ Քրիստոսի, Ումից բոլոր մարմինը, հոդերի միջոցով միացված և միահյուսված, յուրաքանչյուր մասի ներգործուն աշխատանքի չափով, աճում է և կառուցվում սիրո մեջ (Եփեսացիս 4.15-16):

Այսինքն՝ Քրիստոսը մեզ տվեց ավետարանիչներ, հովիվներ, ուսուցիչներ, որպեսզի սպառազինի Իր մարդկանց ծառայելու Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև բոլորս էլ հասնենք հավատի միասնության և Աստծո Որդու ճանաչմանը, կատարյալ մարդ լինելու, Քրիստոսի կատարյալ հասակի չափն ունենալու (Եփես.4.11-13):  Այն բանի համար, որ այլևս երեխա չլինենք, որոնք այս ու այն կողմ են տարուբերվում, վարդապետության ամեն մի քամուց քշվում են՝ մարդկանց խաբեությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են (Եփեսացիս 4.14):

Ոմանք ասում են, որ սիրում են Աստծուն, բայց չեն կարողանում շփվել այլ քրիստոնյաների հետ: Ես հայր եմ, և եթե մեկն ասի, որ սիրում է ինձ, բայց ուշադրություն չդարձնի իմ երեխաներին ու չշփվի նրանց հետ, ես այդքան էլ սիրալիր չեմ լինի նրա հանդեպ: Այո՜, մենք եկեղեցու կարիքը ունենք, և եկեղեցին էլ մեր կարիքն ունի, և մենք կարող ենք աջակցել Քրիստոսի մարմնին: Քրիստոսի մարմինն ունի շատ անդամներ, բայց միայն մեկ գլուխ՝ Քրիստոսը: Մարմնի տարբեր անդամներ ծառայում են տարբեր կարողություններով, և նրանք ջանում են աճել շնորհով ու փառաբանել Աստծուն:

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.