Երբ թվում է, թե ոչ մեկը չկա քո կողքին, նույնիսկ` Աստված
Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացում, որ ոչ մեկը չկա ձեր կողքին, և նույնիսկ Աստված է ձեզ մեջքով շրջվել: Երբևէ զգացե՞լ եք, որ հիասթափությունները, վախերը և միայնությունը վերահսկում են ձեր մտքերին: Եվ գուցե այդ պահին թվացել է, որ ձեր աղոթքները անպատասխան են մնում, որ ձեր փորձությունը, ցավը չափազանց ծանր են ձեզ համար, և նույնիսկ թերագնահատել եք Աստծո սերը՝ ուղղված ձեզ; Իհարկե այդ պահին շատ դժվար է, բայց և շատ կարևոր է տարբերակել զգացումները իրականությունից:
Ճշմարիտ է, որ մարդիկ կարող են նեղացնել ձեզ, վիրավորել ձեր զգացմունքները և նույնիսկ ձեր դեմ դուրս գալ, քանի որ մենք ապրում ենք ապականված և մեղավոր աշխարհում: Չնայած նրան, որ ձեզ կարող է թվալ, որ Աստված ձեզ մեջքով է շրջվել, սակայն դա անհնար է; Աստվածաշնչում՝ Նրա ճշմարիտ խոսքում, Նա խոստում ունի մեզ համար. «Եվ քո առջևից գնացողը նույն Ինքը՝ Տերն է, Նա քեզ հետ է լինելու, Նա քեզ չի թողնի և քեզ չի լքի, մի վախենա, մի զարհուրիր» (Բ Օրինաց 31.8): Եվ Աստված չի կարող ստել (տե՛ս Տիտոս 1.2, Եբր. 6.8)։
Ժամանակ առ ժամանակ Աստված կարող է հեռու և հանդարտ թվալ, բայց Իր իմաստությամբ Նա կարող է դա օգտագործել՝ ձեզ Իրեն մոտեցնելու համար: Արդյոք դու ինքդ փնտրո՞ւմ ես Աստծուն; Հնարավոր է, որ ձեզ թվացել է, որ Աստված ձեր կողքին չէ, քանի որ դուք եք թիկունք դարձրել Նրան և հեռացել եք Նրանից: Աստվածաշնչում մենք կարող ենք տեսնել Աստծո շատ մարդկանց, որոնք այս նույն զգացողություններն են ունեցել:
Սաղմոսների հեղինակները անկաշկանդ և բացահայտ կերպով աղաղակեցին, որ Աստված և մյուսները հեռացել են իրենցից։ Թե՛ սաղմոսների հեղինակները և թե՛ շատ ուրիշներ իրենց հիասթափությունը հայտնեցին Աստծուն: Բայց նրանք բոլորը իրենց սրտերում գիտեին, որ կարող են վստահել Աստծո խոստումներին և ուրախանալ Նրա ներկայությամբ։ Չնայած նրանք ունեին անորոշության, միայնության և հիասթափության զգացումներ, պահեր, բայց և նրանք առանց կասկածի գիտեին, որ Աստված իրենց կողմն է, և Աստծո սերը, ուղղված իրենց, երբեք չի վերջանում: Աստված նրանց կողմն էր, և այսօր դուք ևս վստա՛հ եղեք, որ Նա ձեր կողքին է:
Կարող եք ամուր բռնել այս խոսքերը. «Եթե անգամ հայրս ու մայրս ինձ լքեն, Տերն ինձ կընդունի» (Սաղ. 27:10): Դավիթը գիտեր, որ եթե նույնիսկ իր ծնողների սերը ձախողվի, Աստծո սերը անսասան է իր հանդեպ:
Մի քանի առաջարկ, որոնք քեզ կօգնեն.
1.Ձգտե՛ք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել հոգատար, դրական և ուրախ մարդկանց հետ: Հեշտ է միայնության զգացում ունենալ, երբ շուրջդ անսրտացավ, նեգատիվ և անուշադիր մարդիկ են:
2. Քննե՛ք ձեր կյանքը, գո՞ւցե ձեր գործողությունները կամ բառերը վիրավորում են մարդկանց և հեռացնում են ձեզանից կամ նրանց մոտ տպավորություն են ստեղծում, որ դուք նրանց աջակցության կարիքը չունեք;
3. Փնտրե՛ք Քրիստոսի և Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցի և դարձեք եկեղեցու մի մասնիկը: Իհարկե, քրիստոնյաները կատարյալ չեն, բայց նրանք ներված են և ձգտում են ունենալ կարեկից սիրտ, ինչպես Քրիստոսը: Եթե դուք գիտեք հոգատար մեկին, ով ակտիվ է եկեղեցում, հարցրե՛ք նրան իր եկեղեցու և հավատքի մասին։ Հաճախե՛ք եկեղեցի։
4. Ձեր ձե՛ռքը վերցրեք Աստվածաշունչը, կարևոր է, որ վերցնեք այնպիսի տարբերակ, որը ավելի պարզ և հասկանալի կլինի ձեզ։ Այնտեղ դուք կգտնեք շատ խոստումներ ձեզ համար, ամենակարևորը՝ կընկերանաք Հիսուսի հետ։ Կտեսնեք, որ Նա երբեք չի թողնի ձեզ, և որ Նրա սերը երբեք չի պակասում: Հիսուսը միշտ ձեր կողքին է,Նա սիրում է ձեզ և պատրաստ է օգնել: Մոտեցե՛ք Նրան և Նա կմոտենա ձեզ:
Սաղմոս 13
- Ով Տեր, Մինչև ե՞րբ ես ինձ մոռանալու, Մինչև ե՞րբ ես Քո երեսն ինձնից ծածկելու:
- Մինչև ե՞րբ եմ հոգուս մեջ խռովվելու՝ ամեն օր սրտիս մեջ տրտմություն ունենալով. մինչև ե՞րբ է թշնամիս վրաս բարձրանալու:
- Նայի՜ր, ո՜վ իմ Տեր Աստված ու լսի՜ր ինձ, լուսավորի՜ր իմ աչքերը, որպեսզի մահվան քնով չքնեմ:
- Չլինի թե թշնամիս ասի. «հաղթեցի նրան»: Կամ թե ինձ նեղողներն ուրախանան, որ սասանվեցի:
- Բայց ես Քո ողորմությանը հուսացի, իմ սիրտը Քո փրկությամբ է ցնծալու:
- Երգելու եմ Տիրոջը, քանի որ ինձ հետ գթառատ վարվեց:
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը