Երբ մարտադաշտում դու միակ զինվորն ես…
Ես մեծացել եմ ոչ քրիստոնյա ընտանիքում, ապաշխարել եմ մանկական ճամբարում, երբ տասը տարեկան էի: Այնտեղ` ճամբարում, ես առաջին անգամ լսեցի Քրիստոսի մասին:
Լսելով Ավետարանը՝ ես միանգամից գիտակցեցի, որ ինձ Քրիստոս է պետք: Եվ իմ մեջ ցանկություն առաջացավ մոտիկից ծանոթանալու Նրա հետ: Մեկ շաբաթը բավական եղավ, որ ես դադարեմ ընդդիմանալ Աստծուն և հրավիրեմ Նրան իմ կյանք:
Այդ ամառային ճամբարում և հետագայում իմ շուրջը հաճախ էին լինում հավատացյալ մարդիկ, որոնց շնորհիվ ես ինձ զգում էի մի մեծ ընտանիքի՝ Քրիստոսի մարմնի անդամ: Սակայն մեր տանը լիովին այլ մթնոլորտ էր տիրում, որովհետև ծնողներս Քրիստոսին չէին հավատում:
Իմ ապաշխարությունից ու Քրիստոսին հետևելու որոշումից անցան տարիներ, իսկ ես դեռ շարունակում էի լինել միակ հավատացյալը մեր ընտանիքում:
Այդ կարգավիճակն ինձ ստիպում էր կասկածել, արտասվել, վախենալ, անհանգստանալ ու տառապել: Ահավոր ճնշվում էի այն մտքից, որ մեր տանը միայն ես եմ կիրակի առավոտյան գնում եկեղեցի և Աստվածաշունչ կարդում: Միայնության զգացում ունեի:
Սակայն Աստված օգտագործում էր իմ իրավիճակը՝ դարձնելու ինձ այնպիսին, ինչպիսին կամ այսօր:
Հնարավոր է ձեր ընտանիքում ամեն բան այլ է: Բայց մեզնից յուրաքանչյուրն ուշ թե շուտ մի օր կհայտնվի այնպիսի միջավայրում, ուր Հիսուս Քրիստոսի միակ հետևորդը կլինի` աշխատավայրում, դպրոցում, ընտանիքում, ընկերների շրջապատում և այլն:
Նման իրավիճակներում արժե հիշել մեր հեռանկարների մասին և հաշվի առնել 3 բան.
1. Պետք չէ հուսալ, որ ձեր շուրջը կլինեն միայն քրիստոնյաներ:
Աստված մեզ դնում է ամենատարբեր իրավիճակներում: Մեր խնդիրն է օգտագործել այդ իրավիճակներն Աստծո ծրագրերն իրագործելու համար: Երբ անհավատ մարդկանց մեջ եք հայտնվում, նախ խնդրեք Աստծուն՝ ցույց տալ, թե ինչպես նրանց հետ ճիշտ փոխհարաբերություններ կառուցեք: Եվ պատրաստ եղեք, որ Աստված հենց ձեզ կօգտագործի՝ Իր ճշմարտությունը հայտնելու համար:
2. Դուք Աստծո ընտանիքի մի մասն եք:
Երբ դուք միակ քրիստոնյան եք աշխարհիկ միջավայրում, հնարավոր է երբեմն մենակության զգացում ունենաք: Նման պահերին շատ կարևոր է հիշել՝ ցանկացած դեպքում դուք Աստծո ընտանիքի մի մասն եք, անդամը և Քրիստոսի ժառանգակիցը: Յուրաքանչյուր հավատացյալ ձեզ համար եղբայր կամ քույր է, և այդ ազգակցության միջոցով դուք ստացել եք Աստծո ընտանիքի անկոտրում միաբանությունը:
Դա ընտանիք է, որտեղ դուք պետք է սովորեք, ուղղվեք և սիրեք իրար: Դա ընտանիք է, որին դուք կարող եք ապավինել և նվիրել ձեզ, որովհետև այդպիսով նվիրվում եք հավիտենականին:
Իրականում Աստծո ընտանիքի մի մասը լինելը հիմքն է մնացած բոլոր փոխհարաբերությունների, աշխարհում ունեցած մեր փոխհարաբերություններինը նույնպես:
3. Սրտերը Աստված է փոխում, ոչ թե դուք:
Հռոմեացիների 8.37-ում ասվում է. «Ամեն բան հաղթում ենք նրա միջոցով, ով մեզ սիրեց»: Ինչ իրավիճակներ էլ լինեն ձեր ընտանիքում, Աստված արդեն հաղթանակ ունի ամեն փոխհարաբերություններում և կյանքի բոլոր հարցերում: Նա է «զորագլուխը և կատարողը» (Եբրայեցիների 12.2), ոչ թե դուք:
Տարիներ շարունակ, ես ինքս փորձում էի Աստված լինել: Ես բարկանում էի, երբ ծնողներս չէին ընդունում Քրիստոսին: Սակայն ամեն անգամ Աստված ինձ հիշեցնում էր այս խոսքերը. «Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ՝ ջուր տվողը, բայց աճեցնող Աստվածը» (1 Կորնթացիների 3.7):
Առանց Հիսուսի ոչինչ անել չենք կարող: Բայց Նրա հետ ամեն բան կարող ենք:
Աղոթե՛ք ձեր ընկերների ու հարազատների համար, պատմե՛ք նրանց Ավետարանը և հիշեք՝ Աստված է կատարողը, ոչ թե դուք: Եվ այս գիտակցումով ապրեք խաղաղության մեջ, մի՛ անհանգստացեք՝ մարդկանց փրկությունը ձեր ուսերին չէ դրված:
Աստված է միակ փրկողը:
Հեղինակ՝ Կորին Կարվեր