Երբ հանդիպում են սերն ու վիշտը…
«... եթէ ցորենի հատը հողի մէջ չ’ընկնի եւ մեռնի, ինքը մինակ կ’մնայ. Բայց եթէ մեռնի, շատ պտուղ կ’բերէ»: Հովհաննես 12.24
Եկել էր Նրա ժամը: Նա քայլում էր նրանց մեջ, սովորեցնում, հրաշքներ կատարում, և Նա սիրում ու հոգ էր տանում նրանց մասին: Բայց ահա եկել էր Նրա ժամը, և խաչը Նրա առջև էր: Նրան սպասվող ժամը լի էր լինելու փորձություններով և տառապանքներով. «Հիմա իմ անձը խռոված է. Եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը...»: Հովհաննես 12.27
Հիսուսը քայլելու էր խաչի երկար, ամայի ճանապարհով: Սեփական կյանքը խնայելու փոխարեն Նա Իր կյանքն էր զոհելու, ինչպես ցորենի հատիկ: Նա մահանալու էր, թաղվելու երկրի խավարում, բայց արդյունքում շատ պտուղ էր տալու: Չնայած Իրեն սպասվող արհավիրքին և Իր հոգում առկա դժվարություններին՝ Նա հաստատակամ էր. «...սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ։ Հա՛յր, փառաւորիր քո անունը...»:
Այն մասին, թե ինչ է կատարվել այնտեղ՝ խաչի վրա, կան շատ տեսություններ: Ըստ պաշտոնական աստվածաբանության՝ այդ տեսությունները փորձում են հասնել այն հիմնակետին, թե ինչ Հիսուսը իրականացրեց Իր մահվան միջոցով: Աստվածաբանների համար քավության ուսումնասիրությունները բերրի հետազոտական դաշտ են, քանի որ քավության իմաստը և ազդեցությունը բազմազան է, բարդ և արտասովոր:
Օրինակ՝ մեկ տեսություն ենթադրում է, որ քավությունը հանդիսանում է զոհաբերված կյանքի գերագույն օրինակ, որին կանչված են հետևելու Հիսուսի հետևորդները: Այլ տեսություններ պնդում են, որ խաչը աստվածային սիրո գերագույն խորհրդանիշն է կամ այն, որ խաչը ցույց է տալիս Աստծո աստվածային արդարությունը մեղքի դեմ՝ որպես Նրա կատարյալ օրենքի խախտում: Այլ տեսություններ պնդում են, որ խաչը հաղթահարել է մեղքի և չարի ուժերը, վերականգնել Աստծո պատիվն Աստծո սրբության և արդարության նկատմամբ կամ փոխարինել մահվանը, որին մենք բոլորս արժանի էինք մեղքի պատճառով:
Թեև քավության բնույթը կարող է ներառել բոլոր այս տեսությունների ամբողջությունը, այնուամենայնիվ, Հիսուսի խոսքերը, որոնք գրված են Հովհաննեսի ավետարանում, ցույց են տալիս, որ Նրա մահը առատաբեր կյանքի միակ ուղին էր լինելու, որի արդյունքում այն բերելու էր առատ պտուղներ: Այս դեպքում Հիսուսը չէր մշակում քավության տեսություն, այլ փոխարենն ընտրում էր հողե պարզ օրինակ՝ ցույց տալու, թե ինչ էր կատարվելու խաչի միջոցով: Ժամը վրա էր հասել. «... եթէ ցորենի հատը հողի մէջ չ’ընկնի եւ մեռնի, ինքը մինակ կ’մնայ. Բայց եթէ մեռնի, շատ պտուղ կ’բերէ»:
XIX դարի աստվածաբան և քարոզիչ Չարլզ Սպերջենը գրել է, որ Աստվածաշնչի այս հատվածը հարուստ է քավության բնույթը նկարագրող արտասովոր մտքերով.
«Արտասովոր երևույթ է սա. Նրա փառքը երևաց Նրան բաժին հասած ամոթի միջոցով ... մեր Տիրոջ փառքի մեծությունը ծագում է այն պահին, երբ Նա Ինքն Իրեն խոնարհեցնում է և հնազանդվում մահվանը, անգամ՝ խաչի մահվանը: Նրա հեղինակությունը կայանում է նրանում, որ Նա Իր անձը երբեք հեղինակություն չդարձրեց: Նրա փշե պսակը նոր փայլ էր հաղորդում խաչից ... Մենք երբեք չպետք է մոռանանք դա, և եթե երբևէ գայթակղվենք այն մտքից, որ խաչյալ Փրկիչը շուտով եկող Արքան է, մենք պետք է հանդիմանվենք այն փաստով, որ այդ կերպ մենք «կզրկենք» մեր Տիրոջը բարձրագույն պատվից» (Հովհաննես 12.23-25):
Սպերջենն ընդարձակում է այս տեսակ մահվան արտասովոր բնույթը՝ կյանքի կոչելով այն: Միայն խաչի միջոցով է. ինչպես ցորենի հատիկը պետք է մահանա պտուղ տալու համար, այնպես էլ խաչով կատարվեց Քրիստոսով նոր կյանք ունենալը և Աստծո հետ հաշտվելը: Սպերջենն առավել զորեղ կերպով ցույց է տալիս, թե որն է հանդիսանում քրիստոնեության հիմնաքարը՝ Քրիստոսի մահը Նրա քարոզչության կյանքն է: Տե՛ս, եթե Քրիստոսի քարոզչությունը կամ Նրա օրինակը եղել է անհրաժեշտ կենսական հիմնակետը, ապա Նա Իր քարոզչությամբ և Իր օրինակով կարող էր բազմապատկել Իրեն հետևող քրիստոնյաների քանակը: Բայց Նա հստակորեն ասում է. «...մինչեւ չմեռնի, պտուղ չի տա...»։
Մենք տեսնում ենք այս արտասովոր «ծնունդը» ամեն գարուն: Մեռած եւ արևից այրված շագանակագույն սերմնահատիկները՝ թաղված մութ հողի մեջ ամբողջ ձմեռ, հանկարծ փթթած դուրս են գալիս իրենց հողեղեն գերեզմանից՝ լի կյանքով ու պայծառ գույներով: Նրանց փառքը քողարկվեց տգեղ կերպարանքով և առատապես արտացոլվեց կանաչ տերևներով ու ծաղիկներով: Սա տեղի ունեցավ նաև Տիրոջ հետ Նրա տանջանքի և մահվան պահին. փառքն ու լիությունը արարվեցին վշտից, ամոթից, մահից ու տառապանքից: Գողգոթայի խաչում ծածկված անչա՜փ գեղեցիկ, կյանք արարող այդ Սերմը...
Մինչ Զատկի առավոտվա գեղեցկությունը ցորենի փոքր սերմնահատիկը մահանում է՝ որոշ ժամանակ մնալով թաղված հողում: Սա աներևակայելի հրաշք է, որի միջոցով կարող ենք գալ դեպի Փառքը, որի միջոցով մենք կարող ենք վերագտնել մեր կյանքը:
Տեսե՛ք՝ Իր գլխից, ձեռքերից, ոտքերից
Վշտի և սիրո կաթիլը հոսեց:
Երբևէ հանդիպե՞լ էին իրար այս տեսակ սեր ու վիշտ
Կամ փուշերը կազմել այսքա՜ն հարուստ պսակ:
Հեղինակ՝ Մարգարետ Մ. Շուլ
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը