Սաղ. 33.12 - «Երանի այն ազգին՝ որ նրա Աստվածը Տերն է, և այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգություն ընտրեց նրան»:

Մեկ անգամ հոգևոր եղբայրներից մեկն ասաց ինձ. «Կարծում եմ՝ տարբեր ազգեր, որոնք այլ կրոնի են պատկանում, պետք է մեկ օր մի հրաշք լինի, որ նրանք էլ ազգովի դառնան Աստծուն, ինչպես մենք դարձանք չորրորդ դարում»։ Եվ ես անմիջապես հարցրեցի նրան՝ մի՞թե մենք ազգովի դարձանք Աստծուն՝ թեկուզև պետականորեն ընդունեցինք քրիստոնեությունը որպես ազգային կրոն։

Չէ՞ որ պետականորեն կրոն ընդունելը երբեք չի կարող փոխել ամբողջ ազգի սիրտը և մտածելակերպը։ Եվ շատերը վստահ շարունակում էին իրենց կուռք չաստվածներին պաշտել՝ պահելով նրանց սովորությունները և ուսմունքը այնպես, ինչպես նաև ոմանք այսօր։ Եթե անգամ ընդունենք, որ բոլորը փոխվեցին այն ժամանակ, ի՞նչ կասենք այսօրվա մասին։ Այսօր էլ կարող ենք կոչվել քրիստոնյա պետություն և ազգ, բայց մի՞թե մեր ազգի Տերը Աստվածն է։ Եթե այո, ապա ինչո՞ւ մեր գործերը չեն խոսում մեր Տիրոջ մասին։

Չէ՞ որ Տերն ունի պատվերներ, և մենք պետք է հետևենք Տիրոջը, որովհետև Նա Տեր է… Այսինքն՝ կարող ենք ունենալ անունը, բայց ոչ կյանքը, և Աստծո իրականության մեջ մենք չենք դիտվում այնպես, ինչպես մենք ենք մեզ կոչում։ Բայց երանի այն ազգին, որ կարող է համարձակ ասել, որ իր Աստվածը Տերն է` Սուրբ Երրորդությունն է։ Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ հայեր, մենք ունենք ամեն նախադրյալները, որպեսզի կոչվենք Նրա ժողովուրդը։

Կոչ եմ անում, որ մեր հավատքի մեջ անկեղծ և իրական լինենք, որ մեր դավանանքը լինի քրիստոնեական հիմունքերի վրա, որ մեր կյանքը համապատասխանի Աստվածաշնչին։ Որովհետև եթե Նա է մեր Տերը, ուրեմն մենք Ամենակարող Աստծո ժառանգորդներն ենք։ Նշանակում է՝ մենք նրա հետնորդն ենք, ինչ Նա ունի, տալիս է, փոխանցում է մեզ, նշանակում է, որ Նա մեզ համար կանգնած է պաշտպանելու համար։

Օրինակ, երբ Իսրայելը գերության մեջ էր Եգիպտոսում, Աստված կանգնեց Իր ժողովրդի՝ Իսրայելի համար, և հրաշքներով դուրս հանեց նրանց գերությունից։ Նույն՝ Եգիպտոսում գտնվելու ժամանակ, Աստված շատ մեծ հարվածներով հարվածեց Եգիպտոսի ժողովրդին՝ տասը անգամ տարբեր հարվածներով, բայց դրանցից ոչ մեկ չմոտեցավ Իսրայել ժողովրդին, որովհետև Աստված պահեց նրանց ամեն աղետից, հիվանդությունից, մահից և հարվածից։

Ասվերոս թագավորի ժամանակ, երբ բնաջնջման վտանգ էր սպառնում Իսրայելին, Աստված հրաշքով՝ Եսթեր թագուհու միջոցով փրկեց նրանց։ Հովսափատ թագավորը, երբ պատրաստվում էր պատերազմելու Ամմոնացիների և Մովաբացիների հետ, Տերը նրանց ասաց. «Ձեր փոխարեն Ես եմ պատերազմելու, դուք կանգնեք և տեսեք ձեր հաղթությունը»։

Այսպիսով, եթե մենք Աստծո ժողովուրդն ենք, ապա այս բոլոր օրհնությունները մեր ժողովրդի և երկրում էլ պետք է լինի։ Իսկապես, մեծ արտոնություն է լինել Աստծո ժողովուրդը, որովհետև Նա պահել, պաշտպանել, զորացրել, սրբացրել, բժշկել, կերակրել և հաղթություն պարգևել գիտի Իր անունով կոչվող ժողովրդին։

Ահա թե ինչու է պետք հավիտենական կյանք ունենալուց բացի հավատալ Նրան և լինել Իր ժողովուրդը։ Աստված Տեր է, Նրանից շատ ջանքեր չեն պահանջվում լինել պարզապես Տեր Իր ժողովրդի համար, ու երբ որ թշնամին` չարը, մեզ մոտենա իր տարբեր փորձություններով և հարվածներով, նա գործ է ունենալու մեր Տիրոջ հետ, որովհետև մենք պատկանում ենք Նրան։

Արտավազդ Թադևոսյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.