Եվ երբ նրանք ճաշեցին, Հիսուսն ասաց Պետրոսին. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, դու ինձ սիրո՞ւմ ես դրանցից ավելի»: Նա ասաց. «Այո, Տե՛ր, Դու գիտես, որ ես սիրում եմ Քեզ»: Նա ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ գառներին»: Եվ դարձյալ ասաց նրան՝ երկրորդ անգամ. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց Նրան. «Այո, Տե՛ր, Դու գիտես, որ ես սիրում եմ Քեզ»: Նա ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ գառներին»: Նա երրորդ անգամ ասաց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տրտմեց, որովհետև երրորդ անգամ ասաց Նրան, թե. «Տե՛ր, Դու ամեն բան գիտես, Դու գիտես, որ ես սիրում եմ Քեզ»: Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին» (Հովհ. 21.15-17)։

Թեև Հիսուսը դրվեց գերեզման և եղավ թե՛ մահացածների և թե՛ կենդանի եղողների աշխարհներում, զարմանալիորեն նույնը մնաց՝ թե՛ իր ձևով, թե՛ իր դիրքով: Նրա չարչարանքները, մահը և հարությունը չկարողացան փոխել Նրան: Նա նույն Հիսուսն է հավիտյան: Երբ Նա հայտնվեց իր աշակերտներին, նրանց հետ վարվեց ճիշտ նույն քնքշությամբ՝ որպես իր որդիների և ընկերների: Նա ուշադիր էր նրանց հանդեպ և հետևում էր նրանց, քանի որ հարցրեց. «Ուտելու բան ունե՞ք» և նրանց ֆիզիկական քաղցը բավարարելուց հետո սկսեց զբաղվել նրանց հոգու առողջությամբ և աճով: Նա սկսեց դա մեկից, ով գուցե մտածում էր, թե ամենամեղավորն է, մեկից, ով մատնել էր իր Ուսուցչին երեք անգամ և հետո դառնապես լացել:

Այստեղ մի հանդիսավոր հարց է հնչում, որ Հիսուսն ուղղում է Պետրոսին, ոչ թե, որ ինքը տեղեկանար, քանի որ ինչպես Պետրոսն էր ասում. «Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»,- այլ հենց Պետրոսի համար, որ նա՝ Պետրոսն, ինքն իրեն քններ: Լավ է, որ քրիստոնյան մեղք գործելուց հետո կարողանա լավ ուսումնասիրել հետևանքները: Ճիշտ կլինի, որ նա քննի իր անձը: Որովհետև մեղքը կասկածանքի լուրջ պատճառներ է տալիս, և սխալ կլինի, որ քրիստոնյան գեթ մեկ ժամ ապրի իր հոգևոր կարգավիճակի հետ կապված կասկածներով, փոխարենն այդ մեկ ժամն անցկացնի սեփական անձի քննությամբ: Ինքնաքննությունը պետք է հատկապես հաջորդի մեղքին, այն պետք է լինի ամենօրյա սովորություն յուրաքանչյուր քրիստոնյայի համար և գործնականորեն անդադար կիրառվի:

Ես  կարծում եմ, որ մեր Փրկիչն այս հարցն ուղղեց Պետրոսին, որ նա դա ինքն իրեն խոստովանի: Եվ մենք կարող ենք ենթադրել, որ այս առավոտ այս հարցն ուղղված է նաև մեզ, որ մեր սրտում պահենք: Թող մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն ասի. «Ես սիրո՞ւմ եմ Տիրոջս: Ես սիրո՞ւմ եմ Փրկչիս: Ես սիրո՞ւմ եմ հավիտյան օրհնյալ Ազատարարին»:

Աղբյուրը՝ thekingdomcollective.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Սրբագրեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.