Դեկտեմբերի 18-ին աշխարհը նշում է Միգրանտների միջազգային օրը
1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության Միջազգային կոնվենցիան: Միգրանտների միջազգային օրը նշելու որոշումը կապված էր վերջին տարիներին աշխարհում միգրանտների թվի զգալի աճի հետ: Վեհաժողովը ընդգծել է բոլոր միգրանտների իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովման հետագա քայլերի անհրաժեշտությունը:
Փորձագետների գնահատմամբ՝ միջազգային միգրանտների ընդհանուր թիվը 2000 թվականի 175 միլիոնից 2015 թվականին հասել է 244 միլիոնի: Մոլորակի յուրաքանչյուր երեսունհինգերորդ բնակիչ միգրանտ է, որը ապրում և աշխատում է իր երկրից դուրս: Յուրաքանչյուր տասներորդ միգրանտի տարիքը 15 տարեկանից ցածր է: Միգրանտների մեծ մասը ապրում է Եվրոպայում (76 միլիոն) և Ասիայում (75 միլիոն):
Միգրացիոն գործընթացի հետ կապված խնդիրների անկանխատեսելիությունը, հրատապությունն ու բարդությունը համաձայնեցված գործողություններ և համագործակցություն են պահանջում տարածաշրջանների և երկրների միջև: Միավորված ազգերի կազմակերպությունը ակտիվ դեր է խաղում այս ոլորտում՝ նպաստելով երկրների և տարածաշրջանների միջև երկխոսության և փոխգործակցության ձևավորմանը, ինչպես նաև խրախուսելով փորձի փոխանակումը և հնարավորությունների ընդլայնումը համագործակցության ոլորտում:
Միգրանտների միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններում մարդու իրավունքների և միգրանտների հիմնարար ազատությունների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև ներգաղթյալների իրավունքների մասին օրենքները բացատրող տարբեր ակցիաների և աշխատանքային սեմինարների միջոցով: