Չլինի թե հոգնեք ու թուլանաք
Նա իր բերանը չբացեց: Եսայա 53.7
Որքան շնորհք է պահանջվում, որ սխալ հասկացողությունը, չարախոսությունը կամ զրպարտությունը ընդունենք քաղցր եւ անուշ հոգով: Սրանցից ավելի ծանր բաներ չկան փորձելու հավատացյալի նկարագիրը: Սրանք պետք է փաստեն մեր մաքուր կամ կեղծ ոսկի լինելը: Արդյոք գիտե՞նք, թե որքա՜ն մեծ օրհնություններ են ծածկված նման փորձությունների ետեւում:
Եթե միայն կարողանայինք Դավիթի նման ասել. «Թողեք, որ նա անիծի…, թերեւս Տերը այսօրվա նրա տված անեծքի տեղը ինձ բարիք հատուցանի», երբ իր թշնամին՝ Սեմեն նրան անիծելով քարեր էր նետում նրա վրա (Բ.Թագ. 16:11,12):
Ոմանք իրենց հակառակորդների կողմից ասված աննպաստ եւ սխալ արտահայտություններից այնպես են վշտանում, որ նույնիսկ իրենց աստվածային կոչումից են ետ կանգնում եւ կորցնում իրենց տեսիլքը՝ ապրելով հասարակ եւ տկար մի կյանք: Սա նման է մեղուների բույնին: Եթե մեղուներից վախենալով մեղրը չհավաքես, նրանք քեզ պիտի խայթեն, եւ դու պիտի կորցնես թանկագին, համեղ եւ օգտակար մեղրը ունենալու առիթը:
Խնդրենք, որ Տերը մեզ ավելիով տա Իր ա՛յն Հոգուց, որը նախատվում էր, բայց Ինքը չէր նախատում, չարչարվում էր, բայց Ինքը չէր սպառնում, այլ Ինքն իրեն արդարությամբ հանձնում էր դատողին, մինչեւ որ Իր կոչումը եւ Աստծո կամքը կատարեց լիովին:
Այսուհետ միշտ հիշեք, թե Նա այսպես համբերեց, երբ մեղավորները Իր դեմ հակառակ էին խոսում եւ չլինի, որ հոգնեք եւ թուլանաք: Ջ.Պ.Սիմբսըն
«Վտակներ անապատի մեջ» գրքից