Նոյեմբերի 13-ին աշխարհում նշվում է Բարության միջազգային օրը։ Այն ստեղծվել է Ճապոնիայում 1997թ.-ին` միավորելով կամավորներին տարբեր երկրներից, ովքեր իրենց գործերով քաջալերում են մարդկանց բարի արարքների: Այս օրը հայտնի մարդիկ` դերասաններ, հասարակական և քաղաքական գործիչներ, մասնակցում են բարեգործական միջոցառումների և մարաթոնների, որոնք կազմակերպվում են աշխարհի շատ քաղաքներում և երկրներում:

Բարիին հնարավոր չէ հաղթել, ինչպես խավարը չի կարող մարել լույսը, ինչպես հրդեհը չի կարող այրել օվկիանոսը, ինչպես գիշերը չի կարող կանգնեցնել օրվան:

Բարուն կարելի է վիրավորել, բայց նա կների: Նրան կարելի է մերժել, բայց նա կսպասի: Նրանից կարելի է փորձել փախչել, բայց նա կհետապնդի քեզ: Բարին կարելի է անգամ սպանել, բայց նա հարություն կառնի:

Մարդիկ ստեղծվել են բարության համար: Բարի մարդը կժառանգի իմաստություն, գիտություն և ուրախություն (Ժողովող 2.26): Չարը չունի ապագա, նրա ճրագը կմարի (Առակաց 24.20): Աստվածաշունչն Աստծուն անվանում է բարի: Իսկ սատանան միշտ չար է ու դժգոհ:

Մարդկանց ստեղծել է Աստված, որպեսզի լինեն այնպիսին, ինչպիսին Ինքն է՝ բարի: Բարի մարդը իրենով հայտնում է Քրիստոսի բնավորությունը այս չար աշխարհում:

Քրիստոնյայի բարձրագույն կոչումը հանդիսանում է չարին բարիով հաղթելու խնդիրը և չարից հաղթված չլինելը (Հռոմ. 12.21): Երբ մենք այդպես ենք վարվում, մենք հայտնում ենք մարդկանց մեր Հոր բնավորությունը, Ով քաղցր է և՛ երախտամոռների, և՛ չարերի վրա (Ղուկաս 6.35)։

Երբ Հիսուսին մատնեցին, զրպարտեցին ու խաչեցին խաչի վրա, չարը տոնում էր: Բայց կարճ: Քրիստոս հարություն առավ, ու չարը վերջնականապես և անդառնալի պարտվեց: Հիսուս Քրիստոսի հարությունը բարու վերջնական հաղթանակն է չարի նկատմամբ:

Բարին ստեղծեց այս աշխարհը և կառավարում է այն: Երբ անգամ այնպես է երևում, թե չարը կառավարում է իրավիճակը, դա ժամանակավոր է: Չարը դատապարտված է պարտության, քանի որ նա չունի կյանքի զորությունը: Բարին մնում է հավիտյան․․․

 

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.