Բարին երբեք չի մահանում. մտքեր Վիլյամ Սարոյանից
Այս ոչ հայկական անունը կրող և հայկական ազգանուն ունեցող մարդը ծնվել է Ֆրեզնոյում՝ Կալիֆորնիայում, հայ գաղթականների ընտանիքում:
Եվ մենք՝ հայերս, երբեք չէինք պատկերացնի, որ օվկիանոսից այն կողմ մի մարդ կդառնա մեր ազգի անփոխարինելի մասնիկը:
Նա ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աշխարհում»:
Ահա մի քանի մեջբերումներ նրա մտքերից.
«Աղոթքը օվկիանոս է, որը դառնում է ավելի ընդարձակ, ինչքան ավելի հեռու ես լողում նրա մեջ»:
«Երբ երկու հայ հանդիպեն աշխարհի որևէ վայրում, կտեսնեք, թե արդյոք նրանք չե՞ն ստեղծի Նոր Հայաստան»:
«Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է»:
«Ամեն ճիշտ բան անմահ է»:
«Բարին երբեք չի մահանում: Եթե մահանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի»:
«Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում»:
«Փնտրիր բարին ամենուրեք… Արթնացրու առաքինությունը, ում սրտում էլ որ այն գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի, աշխարհի սարսափներից ու ամոթից: Եվ քանի ապրում ես… ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ»:
«Յուրաքանչյուր երեխա ուզում է մեծերի մեջ մանկական ինչ-որ բան գտնել: Եվ եթե գտնում է դա ինչ-որ մեկի մեջ` սիրում է այդ մարդուն բոլորից առավել»: