Մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր աղոթքներն ազդեցիկ լինեն: Ոչ ոք չի աղոթում հենց այնպես կամ ոչինչ չստանալու համար: Հակոբոս 5.16-ն ասում է. «Արդարի ջերմեռանդ աղոթքը շատ ազդեցություն ունի»: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել «շատ» բառի վրա: Փաստորեն, որոշ աղոթքներ կարող են շատ ազդեցիկ լինել, իսկ մյուսները՝ ոչ այնքան, միգուցե լինեն նաև աղոթքներ, որոնք ոչ մի ազդեցություն էլ չեն ունենա: Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն պետք է լինի աղոթքը, որպեսզի այն ազդեցիկ լինի.

1. Հիսուսի անունով - Սուրբ Գիրքը մեզ կոչ է անում աղոթել Հիսուսի անունով. «Եվ ինչ որ էլ խնդրեք Իմ անունովը, այն կանեմ...» (Հովհաննես 14.13):

Աղոթել Հիսուսի անունով նշանակում է առաջին հերթին աղոթել Նրա անունից: Սա նշանակում է ոչ թե ընդամենն իմանալ այդ անունը, այլ այդ անվան Տիրոջը: Մենք կարող ենք աղոթել Նրա անունից, եթե վերստին ծնված ենք և մտերիմ փոխհարաբերություն ունենանք Նրա հետ: Այդ ժամանակ, երբ մենք աղոթում ենք Հիսուսի անունից, կարծես թե Հիսուսն ինքն է դիմում մեր բերանով, որի հետևանքն ակնհայտ է:

2. Հավատով - Երբ մենք աղոթում ենք, պետք է վստահ աղոթենք, առանց երկմտելու: Հակոբոս 1.5-8 համարներում ասում է, որ երկմիտ մարդը ոչինիչ էլ չի ստանա: Հավատով եղած աղոթքը միշտ պատասխանվում է: Խնդիրը շատ անգամ նրանում է, որ մենք «ոչ»-ը որպես պատասխան դժվարանում ենք ընդունել:

3. Աստծո կամքի համեմատ - ինչպե՞ս իմանանք Աստծո կամքը: Իհարկե՛, առաջին հերթին Սուրբ Գրքից: Եթե մեկը Սուրբ Գրքի հետ կապ ունենալ չի սիրում, Նա չի կարող իմանալ Աստծո կամքն ընդհանրապես և չի կարող Նրա կամքն իմանալ նաև որոշակի պարագայում: Ընթերցանության և աղոթքի մեջ Աստված կարող է և ուզում է մեզ հայտնել Իր կամքը:

4. Արդարությունով - Հակոբոսը իր թղթի 5.16 համարում ասում է, որ ազդեցիկ է արդար մարդու աղոթքը: Այսինքն՝ որպեսզի մեր աղոթքները լսելի լինեն Աստծո համար, նախ և առաջ մենք պետք է սովորենք լսել ու հնազանդվել Աստծուն և Նրա խոսքին: Թերամտություն է մտածել, որ Աստված կարող է լսել քո ձայնը, եթե դու մերժում ես Նրա ձայնը, որը շատ պարզ շարադրված է Աստվածաշնչում:

5. Ջերմեռանդ - Ի՞նչ տևողություն ունեն մեր աղոթքները, ինչքանո՞վ ենք մենք կախված Աստծուց... Մենք պետք է հարատևենք աղոթքների մեջ, և եթե մի աղոթքի պատասխան ուշանում է, շարունակենք ջերմեռանդ աղոթել, մինչև որ պատասխան ստանանք մեր Տիրոջից: Մեր Աստված բարի Աստված է, Նա իրոք ուզում է, որ մենք պատասխան ստանանք մեր աղոթքներին, դրա համար էլ Իր Սուրբ Խոսքով մեզ ուղղություն է ցույց տալիս:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.