Ավետարանական հավատքի եկեղեցիների միության հայտարարությունը
Հարգելի՛ եղբայրներ, քույրեր և հայրենակիցներ, հաշվի առնելով նախընտրական այս հակամարտ և հուզումնալից շրջանը, երբ մասնավորապես ավետարանական եկեղեցիների տարբեր ներկայացուցիչների ու համայնքների հասցեին հնչում են անհիմն ու անտեղի մեղադրանքներ առ այն, որ նրանք հարում կամ սատարում են այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական գաղափարախոսությանը՝ հայտարարում ենք.
Ավետարանական հավատքի եկեղեցիների միությունը, հավատարիմ լինելով իր իսկ հռչակած հասարակական-սոցիալական հայեցակարգին՝ չի սատարում և չի հարում որևէ քաղաքական գործչի կամ կուսակցության և չի զբաղվում քաղաքական գործունեությամբ։
Մեր առաքելությունը սկզբունքորեն տարբերվում է քաղաքական գործընթացներից և նրանում է, որպեսզի մեր համեստ մասնակցությունը բերենք մեր հայրենակիցների՝ հատկապես մատաղ սերնդի քրիստոնեական դաստիերակությանը, ինչի արդյունքում, մեր համոզմամբ երկրում կառաջանա խաղաղության, համերաշխության, արդարության և փոխադարձ հոգատարության մթնոլորտ, որը մեր հասարակական զարգացման և քաղաքակրթության հնարավոր միակ հիմքն է։
Եկեղեցիների սույն ընտանիքի անդամները, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, առաջնորդվելով իրենց խղճի և տրամաբանության թելադրանքով՝ ազատորեն մասնակցում են ընտրություններին իրենց նախընտրած կուսակցության օգտին քվեարկելու համար։ Նախընտրություն, որի ձևավորման մեջ ոչ մի բաժին չունեն եկեղեցիների սպասավորները։
Միևնույն ժամանակ Ավետարանական հավատքի եկեղեցիների հովվական կազմը կոչ է անում մեր հայրենակիցներին և հատկապես եկեղեցու անդամներին ու սպասավորներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն ու համերաշխություն՝ առաջնորդվելով ոչ թե քաղաքական նկրտումներով և շահադիտական ամբիցիաներով, այլ քրիստոնեական սիրով և ավետարանական ողջախոհությամբ։
Մենք մեր աղոթքն ենք հայցում առ Աստված, որպեսզի Քրիստոսի երկնառաք սերը թագավորի բոլորիս սրտերում, որպեսզի լծվենք հայրենաշինության և ազգի լուսավորման աստվածային առաքելությանը։
Հարգանքներով՝ Ավետարանական հավատքի եկեղեցիների միության հովվական խորհուրդ