Ավանակի թողած տպավորիչ դասը
Երևի տասը տարի կլինի անցած այն դասախոսությունից, որն այսօր ականջներիս նոր թարմությամբ է հնչում։ Բանավոր քննարկում էր «Ես-կոնցեպցիայի տեսության» վերաբերյալ. հնչում էին զանազան կարծիքներ, հետևություններ, բայց ինձ համար ամենատեղին ու չմոռացվողը՝ ընկեր Դավթյանի անդրադարձն էր. «Նրանք Հիսուսի մոտ բերեցին ավանակին ու իրենց հանդերձները վրան գցեցին, և նա նստեց ավանակի վրա։ Շատերն իրենց հանդերձներն էին փռում ճանապարհին, իսկ մյուսները՝ ճյուղեր, որ կտրել էին ծառերից։ Առջևից գնացողներն ու հետևից եկողները աղաղակում էին ու ասում. «Ովսաննա՜, օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը» (Մարկ. 11.7-10)։
Սկզբում զարմացա, հետո ավելի ուշադրությունս ուղղելով իր մեկնությանն՝ ինքս ինձ համար բացահայտեցի մեր «ես»-ի այն ինքնամեծար ելևեջները, որոնց մասին երբևէ ինքնուրույն չէի խորհրդածի։ Դասախոսս շատ հանգիստ, առանց շտապելու ներկայացնում էր աստվածաշնչյան մի ճշմարտություն, որով փորձում եմ կիսվել Ձեզ հետ….
Հիսուսը մուտք գործեց Երուսաղեմ՝ հեծնելով ավանակին. մարդիկ իրենց հանդերձները և ուռենու ճյուղերը փռում էին ճանապարհին, որ Հիսուսը դրանց վրայով անցներ։ Ե՛կ, այստեղ կանգ առնենք. Մի պահ պատկերացրե՛ք, որ ավանակը սխալմամբ մտածեր, որ այդ պատիվն ու մարդկանց գովեստներն ուղղված են իրեն և ոչ թե՝ Հիսուսին…
Այնքան տպավորիչ դաս էր ինձ համար, որ մինչև այսօր խորհում և աղոթում եմ, որ չլինի հանկարծ ինչ-որ ժամանակ, որ Հիսուսը գործածի ինձ՝ փայտե անոթիս, որևէ ծառայության մեջ ու ես ակամա, ճիշտ ավանակի պես, այդ փառքն ու գովեստն իմը համարեմ, վայ՝ ինձ, թող որ մեր Աստված արթուն միտք և իմաստություն տա ինձ, որ իրենից խոնարհություն սովորեմ…
Ամփոփելով ասելիքն իմ՝ ցանկանում եմ հիշել սուրբգրային հետևյալ հատվածը. «Ուստի Հուդան, իր հետ վերցնելով զինվորների խմբին և ավագ քահանաների ու փարիսեցիների պահապաններին, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ։ Հիսուսն, իմանալով այն բոլոր բաները, որ պատահելու էին իրեն, առաջ գնաց ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք պատասխանեցին. «Հիսուս նազովրեցուն»։ Նա էլ ասաց. «Ես եմ»։ Նրա մատնիչը՝ Հուդան էլ էր նրանց հետ կանգնած։ Սակայն երբ նրանց ասաց՝ «Ես եմ», նրանք հետ-հետ գնացին ու գետին ընկան։ Ուստի նա նորից հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս նազովրեցուն»։ Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասացի, որ ես եմ։ Եթե ինձ եք փնտրում, թողեք, որ նրանք գնան» (Հովհ. 18.3-8)։
Սա այն հատվածն է, որտեղ Հուդան պետք է մատնի, ցույց տա Հիսուսին. գիտեք՝ ինչու՞, որովհետև նրանք դեմքով չէին էլ ճանաչում այդ հասարակ տեսքով հրեային, ով այդքան ազդեցիկ խոսք էր խոսում մարդկանց, ով անհաշվելի հրաշքներ ու բժշկություններ ուներ իր հաշվին, ով՝ ընդամենը կա՛մ տասներկուսից մեկն էր, կա՛մ՝ հարյուր քսանից։
Հիսու՜ս, իմ խոնարհ ու հեզ Ուսուցիչ, իմ Ամենաուսուցիչ, սովորեցրու՛ ինձ, Տեր, որ երբևէ չշոյվեմ՝ հաճոյանալով անձովս կամ Քո՝ ինձ տրված շնորհներով ու տաղանդներով։ Ով Տեր, ինչպես, գաղատացիներին գրված Պողոսի նամակում. «Եվ կենդանի եմ այսուհետև, բայց ոչ թե ես, այլ Քրիստոս է իմ մեջ ապրում: Եվ հիմա, որ կենդանի եմ մարմնով, Աստծո Որդու հավատքովն եմ կենդանի, որ սիրեց ինձ եւ իրեն մահվան մատնեց ինձ համար» (Գաղ. 2.20), խնդրում եմ, թող որ այլևս ոչ թե ես, այլ Դու երևաս ինձանում։ Ամեն։
Անուշ Վարդումյան