Ավագ Երեքշաբթի. քանի դեռ ժամանակը մեր ձեռքերում է
Չարչարանաց շաբաթի երկրորդ օրը՝ Ավագ Երեքշաբթին, պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Այս օրը նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդոց 7.11):
Ավագ Երեքշաբթի օրը մարդկության Արարիչը, մարդու կերպարանքով զգեստավորված, նստեց Ձիթենյաց լեռան վրա, որն օրինակն է վերին արքայության, և Իր աշակերտներին պատմեց Իր չարչարանքների, տաճարի ավերման, աշխարհի վախճանի, նեռի գալստյան, գործվելիք պղծությունների և Իր երկրորդ՝ հրաշափառ գալստյան մասին: Վերջում այս ամենն ամփոփեց «Տասը կույսերի» առակով (Մատթեոս 25․1-13), այդ պատճառով էլ առակը Ավագ Երեքշաբթի օրվա հիշատակությանն է նվիրված:
Առակում պատմվում է, որ տասը կույսեր իրենց լապտերներն առած փեսային և հարսին դիմավորելու ելան: Այս կուսերից հինգը հիմար էին, հինգը՝ իմաստուն: Հիմարներն իրենց հետ լապտերներ վերցրին, իսկ իմաստունները՝ թե՛ լապտերներ և թե՛ ամանով ձեթ: Երբ փեսան ուշացավ, տասն էլ քուն մտան: Կեսգիշերին ձայն հնչեց, թե՝ ահա փեսան գալիս է, նրան դիմավորելու ելե՛ք: Այն ժամանակ բոլոր կույսերը արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարներն իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվե՛ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխանեցին. «Գուցե թե՛ մեզ և ձեզ չբականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե՛ք»: Երբ փեսան եկավ, իմաստուն կույսերի հետ հարսանյաց սրահ մտավ, իսկ հիմար կույսերը, որ գնացել էին իրենց լապտերների համար ձեթ առնելու՝ վերադառնալով հայտնվեցին փակ դռների առջև:
Սբ. Հովհան Ոսկեբերանը գրում է. «Լեզվի կնիքը ձեռքն է, այսինքն՝ ինչ որ ասվում է խոսքով, պետք է հավաստվի գրով, բարեգործությամբ, որը որպես ձեթ վառվում է Երկնային Արքայություն առաջնորդող լապտերում»:
Ավագ Երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու և Երկնքի Արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման:
Օրը մարդկանց պատրաստ գտնվելու հրավեր է տալիս, պատրաստ՝ իրենց հավատով, խոհերով ու գործերով, հակառակ դեպքում կհայտնվեն Երկնքի Արքայության փակ դռների առջև և կլսեն Աստծո մերժումը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթեոս 25․12): Այդ իսկ պատճառով Տերը նաև պատգամում է. «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը և ո՛չ ժամը» (Մատթեոս 25․13):
Աղբյուրը՝ surbzoravor.am