Աստվածաշնչյան 5 համար և 5 աղոթք պատերազմի և թշնամու հնարքների դեմ
Աստվածաշունչը բազմաթիվ անգամներ է խոսում պատերազմների մասին։ Բարձրյալ Աստծո անուններից մեկը` Սաբաովթ է, որ նշանակում է Զորաց Աստված։ Թեպետ Նա զորքերի Տերն է ու կոչվում է Հզոր պատերազմող, ով երբեք պարտություն չի ճաշակել, այնուամենայնիվ, խոսելով Հիսուսի մասին, Եսայան Նրան պիտի անվաներ Խաղաղության իշխան։ Աստծո Խոսքը խրախուսում է մեզ աղոթել այն քաղաքի, երկրի և ազգի խաղաղության համար, որտեղ բնակվում ենք։ Մատթեոս ավետարանի 5-րդ գլխում Տեր Հիսուսն ասաց, որ Աստծո որդիները խաղաղարար են։
Ձեզ ենք ներկայացնում աստվածաշնչյան 5 համարներ, որոնք կխաղաղեցնեն մեզ և կօգնեն ավելի արդյունավետ աղոթելու պատերազմական իրավիճակների մեջ.
1.«Մի՛ վախեցեք, կանգնե՛ք և տեսեք ՏԻՐՈՋ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար։ Որովհետև ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին (թշնամիներին) այլևս պիտի չտեսնեք հավիտյան։ Տերը ձեզ համար պիտի պատերազմի, և դուք լուռ մնացեք»։ Ելից 14.13-24
Այս խոսքը սթափ լինելու, կանգուն մնալու և խուճապի չմատնվելու կոչ է։ Պատերազմական իրավիճակներում անչափ կարևոր է սթափ և արթուն մնալ և ոչ մի կերպ խուճապի չմատնվել։ Ահա այդ դեպքում է, որ Աստված ասում է, կմիջամտի և կպատերազմի մեր փոխարեն։
Աղոթենք. «Ո՛վ Սաբաովթ Տեր` Զորքերի Տեր, ես Քո Որդի Հիսուսի անունով մի կողմ եմ վանում վախը, տագնապն ու խառնաշփոթությունը։ Սթափվում եմ, կանգնում, որպեսզի տեսնեմ Քո փրկությունը։ Իմ աչքերը տեսնելու են Քո փրկությունը և չեն տեսնելու թշնամու երեսը, որովհետև Դու պիտի պատերազմես իմ և իմ ազգի համար»։
2. «Բոլոր քեզ դեմ շինած զենքերը պիտի չհաջողվեն»։ Եսայա 54.17
Ահա մի հրաշալի աղոթք. «Տե՛ր խորտակիր և խափանիր ամեն զենք, որ իմ ազգի դեմ է ուղղված։ Թող ոչ մի փամփուշտ և արկ չհաջողվի և չվնասի որևէ մեկին»։
3. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան թե նրանց հետ եղողները»։ 4-րդ Թագավորաց 6.16
Աստվածաշնչյան այս պատմության մեջ ասորիները մեծաքանակ զորքով շրջապատել էին Իսրայելի Սամարիա քաղաքը։ Օրհասական վիճակ էր, ամենուրեք տագնապ, վախ և խուճապ էր տիրում։ Սակայն Եղիսե մարգարեի այս խոսքերը, ուղղված իր ծառային, պիտի սթափեցնեին վերջինիս և նրա աչքերը բացվելով` նա պիտի տեսներ հրեշտակների այն մեծ բազմությունը, որ նրանց շուրջն էր։ Արդյունքը լինում է թշնամական բանակի խայտառակ պարտությունն ու Աստծո Ժողովրդի փրկությունը։
Միասին աղոթենք. «Տե՛ր, ես գիտեմ, որ Քեզանից վախեցողների շուրջ Քո հրեշտակները բանակ են դնում և պահպանում են։ Ես չեմ վախենում, այլ աղոթում եմ, որ Քո հրեշտակներն ի գործ անցնեն և պաշտպանեն մեր երկրի սահմանները, քաղաքներն ու բնակավայրերը»։
4. «Տերը դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում է կրակով»։ Սաղմոս 46.9
Միասին աղոթենք. «Տե՛ր, դադարեցրու այս պատերազմը, խաղաղություն բեր մեր երկրի սահմաններին, փշրիր, կոտրատիր և այրիր ամեն մի զենք, որ Քո ժողովրդի դեմ դուրս կգա»։
5. «Նա դատաստան պիտի տեսնի ազգերի միջև ու հանդիմանի շատ ժողովուրդների, և նրանք իրենց սրերից խոփեր պիտի ձուլեն, և իրենց նիզակներից` մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, ոչ այլևս պատերազմել պիտի սովորեն»։ Եսայա 2.4
Աղոթենք. «Տե՛ր, Հզոր Աստված, Քո դատաստանը թող տեսնեն այն ազգերը ու Քո հանդիմանությանն արժանանան այն ժողովուրդները, որոնք սուր են բարձրացնում դրացիների վրա։ Խափանի՛ր ամեն սուր և պատերազմական գործիք և խաղաղությունդ հաստատիր ազգերի մեջ։ Ամեն»։
Եվ վերջում դարձյալ աղոթենք մեր զինվորների` հատկապես դիրքապահների համար։ Հռչակենք սաղմոս 91-ի խոսքերը նրանց վրա.
Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կ’ասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։ Որովհետեւ նա կ’փրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։ Նա կ’ծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կ’լինիս. Նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ։ Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. Այն նետիցը որ թռչում է ցերեկը։ Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. Այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը։ Հազար հոգի քո կողմիցը կ’ընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. Բայց քեզ չի մօտենալ։ Միայն քո աչքերովը կ’նայիս, եւ ամբարիշտների հատուցումը կ’տեսնես։ Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. Դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր. Քեզ չար բան չի հասնիլ. Եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին։ Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ Նորանք ձեռների վերայ կ’առնեն քեզ, որ քո ոտը քարի չ’դպցնես։ Առիւծների եւ իժերի վերայ կ’գնաս. Առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կ’տաս։ Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կ’փրկեմ նորան. Ես բարձր կ’անեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը։ Նա կ’կանչէ դէպի ինձ՝ եւ ես կ’լսեմ նորան. ես նորա հետ կ’լինիմ նեղութեան մէջ. Կ’ապրեցնեմ նորան եւ փառաւոր կ’անեմ նորան։ Երկայն օրերով կ’կշտացնեմ նորան. Եւ իմ փրկութիւնը ցոյց կ’տամ նորան։
Հեղինակ՝ Վազգեն Զոհրաբյան
Աղբյուրը՝ derekprincearmenia.com