Աստվածահաճո ճանապարհը. Ինչո՞ւ Հիսուսն այդքան քիչ ապրեց
Երեսուներեք ու կես տարի…
Հիսուս սկսեց իր երկրային ծառայությունը երեսուն տարեկանում և ավարտեց երեք ու կես տարի անց: Նրա երկրային կյանքն ու ծառայությունն ավարտվեցին, երբ Նա երեսուներեք ու կես տարեկան էր:
Վերջերս ինձ հետաքրքրում էին մի շարք հարցեր.
Իսկ ինչո՞ւ Հիսուսն ապրեց այդքան քիչ: Ինչո՞ւ էր նրա ծառայությունն այդքան կարճ: Մի՞թե նա բժշկեց բոլոր հիվանդներին ու կերակրեց բոլոր սովածներին: Արդյոք չմնացի՞ն այն քաղաքներում անիծվածներ, կույրեր, կաղեր, խուլեր, որոնց, բացի Հիսուսից, ոչ ոք ի զորու չէր օգնելու:
Արդյոք հնարավոր չէ՞ր ապրել գոնե ևս տասնյակ տարի: Այդ դեպքում դեռ որքա˜ն դժբախտների հնարավոր կլիներ բերել հույս, բժշկություն և ուրախություն…
Դե, կարծում եմ, որ մարդիկ էլ հենց այս ամենն էին սպասում Նրանից:
Նրանք «ակամայից» ցանկանում էին Նրան թագավոր դարձնել. շատ բաների կարելի էր հասնել այդ դիրքով 10-20 տարիների ընթացքում:
Մյուսները, հետևելով Նրան, նույնպես ինչ-որ ակնկալիքներ ունեին:
Կային նաև այնպիսիները, ովքեր խղճում էին Նրան. «Ողորմիր ինքդ քեզ: Թող դա չլինի քեզ հետ…»:
Բայց Քրիստոս մերժեց մարդկային խղճահարությունն ու ափսոսանքը, հիասթափեցրեց նրանց սպասումները և գնաց դեպի խաչի մահ:
«… Հետս գնա, սատանա, դու գայթակղություն ես ինձ, որովհետև դու միտք չես անում Աստծո, այլ մարդկանց բաները» (Մաթևոս 16.22-23):
Ուշադիր նայեք Հիսուսի կյանքի ճանապարհին: Նա թույլ չէր տալիս ոչինչի և ոչ մեկին շեղել Իրեն, թեքել ճանապարհից, զբաղեցնել Իրեն որևէ «կարևոր» գործով, հորինել ևս ինչ-որ նպատակ, կամ առաջացնել ինքնախղճահարություն: Նա հստակ գիտեր Իր միսիան, Իր գործը, Իր անելիքը, և ամուր բռնել էր դրանք:
Այո, Նա չբժշկեց բոլոր անիծվածներին և չբացեց բոլոր կույրերի աչքերը: Նա չքարոզեց Ավետարանը՝ շրջելով ամբողջ աշխարհով մեկ: Նա չլուծեց շատ հարցեր ինչպես հանրության, այնպես էլ առանձին մարդկանց: Լինելով հավատարիմ Իր միսիային՝ Հիսուս գնաց դեպի խաչը երեսուներեք ու կես տարեկանում…
Դա էր Նրա ճանապարհը:
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր հստակ ճանապարհը՝ Աստծով հաստատված: Եվ Նա տվել է մեզ կոնկրետ անելիքներ ու նպատակներ: Մեզ պետք է, պարզապես, ամուր բռնել դրանք՝ ինչ էլ լինի:
Մենք պետք է գնահատենք ժամանակը, չզբաղվենք ունայնությամբ, այլ ամբողջությամբ տրվենք Աստծո կամքին, որ կա մեր կյանքերի համար:
Ունայնությունը, ծուլությունը, սնափառությունը, ինքնախղճահարությունը. սրանք բոլորը գայթակղություններ են, որ շեղում են մեզ մեր ճանապարհից՝ դրդելով մտածել մարդկայինը, այլ ոչ՝ աստվածայինը: Թույլ մի տվեք ոչ մի բանի և ոչ մեկին կագնեցնելու կամ էլ շեղելու ձեզ աստվածահաճո ճանապարհից:
«Արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք. ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ. գնեցեք ժամանակը. որ օրերը չար են: Նրա համար մի եղեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը» (Եփեսացիս 5.15-17):
Պավել Ֆյոդորուկ