Աստված ունի նպատակ ու ծրագիր. աֆղան քրիստոնյաները դիմում են աղոթքի խնդրանքով
Ամբողջական քաոս է տիրել Աֆղանստանում այժմ, քանի որ թալիբները վերահսկողություն են հաստատել ողջ երկրով մեկ, ինչը վախ է առաջացրել կրոնական փոքրամասնությունների, այդ թվում ՝ քրիստոնյաների մոտ:
YouTube- ում տեղադրված երկու մասից բաղկացած հարցազրույցում Աֆղանստանում գտնվող եկեղեցու անանուն առաջնորդը ասել է, որ թալիբները «մեծ ազդեցություն ունեն» մարդկանց վրա՝ տեղեկատվություն կորզելու առումով:
Նա ասաց, որ որոշ քրիստոնյաներ նույնիսկ չեն կարող վստահել իրենց սեփական ընտանիքի անդամներին:
«Թալիբները գալիս են մզկիթի տարածք, հարցնում, թե ընտանիքի քանի անդամներ են դրա մասը կազմում, և նրանք վերցնում են այնտեղ ապրող բոլոր մարդկանց անունները: Աֆղանստանի հյուսիսում գտնվող Թալիբանը վերահսկում է որոշ տարածքներ։ Թալիբները մտնում են տներ, պահանջում սնունդ և փող: Նրանցից ոմանք անգամ ժամանակին քրիստոնյաներ են եղել », - նշեց հովիվը:
Իսկ նրանց, ովքեր չեն ենթարկվում զինյալների պահանջներին, սպառնում են սպանել:
«Միանշանակ, նրանք կսպանեն հայտնի քրիստոնյաներից մի քանիսին և այդ կերպ կփորձեն տարածել այն վախը, որ իրենց դեմ եղող ոչինչ չի հանդուրժվելու», - ավելացրեց եկեղեցու առաջնորդը:
Նա մատնանշեց, որ «ավելի թույլ մարդիկ», ինչպիսիք են կանայք և տարեց գյուղացիները, հավանաբար ստիպված կլինեն իսլամ ընդունել:
Եկեղեցու առաջնորդը ասաց, որ շատ քրիստոնյաներ աղոթքի մեջ են ողջ օրը՝ կապված այս ճգնաժամի հետ:
«Անշուշտ, մենք վստահում ենք Տիրոջը և աղոթում, որ Նա պատերազմի իր ժողովրդի համար», - ասաց նա: «Մենք հավատում ենք Աստծուն և հավատում ենք, որ որպես քրիստոնյաներ հալածանք պետք է կրենք: Ինձ նման քրիստոնեություն ընդունած յուրաքանչյուր մահմեդական հավատացյալ գիտի կրոնափոխության հետևանքները: Իսլամը շատ հստակ է. ուրացության գինը մահն է: Եվ չկա ոչ մի ողորմություն»:
Եկեղեցու առաջնորդը ավելացրեց. «Աստված նպատակ և ծրագիր ունի: Նա գիտի, թե որն է ավելի լավ իր աֆղան երեխաների համար»:
Խնդրում եմ՝ շարունակեք աղոթել աֆղան ժողովրդի համար, որպեսզի նրանք կարողանան ուժ, իմաստություն և խաղաղություն գտնել Տիրոջ խոստումների մեջ:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ cbn.com