Աստծուն հնազանդվելը զոհաբերությունից լավ է
«Արդարությամբ ու իրավունքով վարվելն ավելի ընդունելի է ՏԻՐՈՋԸ, քան զոհաբերությունը»: Առակներ 21.3
Երբ Սավուղ թագավորը չհնազանդվեց Տիրոջ պատվիրաններին, Սամուել մարգարեն հանդիմանեց նրան.
«Մի՞թե ՏԵՐՆ ավելի հաճույք է ստանում ողջակեզներից ու զոհերից, քան ՏԻՐՈՋ ձայնին հնազանդվելուց։ Ահա, հնազանդությունը զոհաբերությունից ավելի լավ է, ու անսալը՝ խոյերի ճարպից»։ 1 Թագավորներ 15.22
Աստված շատ վշտացավ Սավուղի անհնազանդության պատճառով և Սամուելին ասաց.
«Զղջում եմ Սավուղին թագավոր դարձնելուս համար, քանի որ Ինձ հետևելուց դադարեց ու չկատարեց Իմ հրամանը։ Եվ դա խիստ վշտացրեց Սամուելին, ու ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը»: 1 Թագավորներ 15.11
Սավուղի մեղքը եռակի էր.
1. Նա չհնազանդվեց Աստծո տված պատվիրաններին
2. Նա այդ մասին ստեց Սամուելին
3. Նա խնայեց թշնամու անասունները, որոնց Տերը պատվիրել էր մորթել, և ցանկացավ դրանք զոհաբերել Աստծուն։
Որքան անմիտ էր նա, որ մտածում էր՝ կարող է հաճեցնել Աստծուն՝ Նրա առջև բերելով այն, ինչը Տերը ցանկանում էր ոչնչացնել։ Նա ազնիվ մարդ չէր և այդ պատճառով չէր հասկանում, թե որքան չար սիրտ ուներ, և այդպիսով, նա դուռ բացեց սատանայի համար։ Որքան լավ կլիներ, եթե նա ազնիվ գտնվեր և արդար լիներ Տիրոջ առջև։ Բայց որքան արագ նա պարտություն կրեց թագավոր օծվելուց հետո։ Նրա կյանքն Աստվածաշնչի ամենամեծ ողբերգություններից մեկն է։
«Ամբարտավան աչքերն ու գոռոզ սիրտը և ամբարիշտներ լապտերը մեղք են»։ Առակներ 21.4
Հպարտ մարդու մեջ մի տարօրինակ բան կա, որն արտահայտվում և բացահայտվում է «մարմնի լեզվով»։ Մարդու ամբարտավան տեսքն «ազդանշան» է նրա սրտում եղող չարիքի մասին։ Մարդուն պետք չէ ինչ-որ բան անել չար լինելու համար։ Հպարտությունն ինքնին անօրինություն է Աստծո առջև, և Նա ատում է դա։
Կարևոր չէ, թե ինչպիսի աշխատանք կամ գործողություն է անում հպարտ մարդը. անկախ ամենից՝ նրա շարժառիթը հպարտությունն է։ Նրա բոլոր գործերը, նույնիսկ բարեգործությունները չար են։ Ի՞նչ օգուտ, եթե մարդը մեծ զոհաբերություններ, նվերներ է տալիս, բայց ոչ թե կարեկցանքից, այլ հպարտությունից ելնելով։ Նույնիսկ այդ մարդու արած զոհաբերություններն են մեղք, քանի որ նա ուզում է, որ գովաբանեն իրեն։ Եթե մի բան ենք անում, որպեսզի պատիվ, փառք և համբավ ստանանք, ապա սխալ ենք վարվում։
«Ամբարիշտի զոհաբերությունը պիղծ է, հատկապես, երբ այն չար մտադրությամբ է մատուցվում»: Առակներ 21.27
Աբրահամը հրաժարվեց Սոդոմի թագավորից անգամ մի փոքր գումար ընդունել, քանի որ Սոդոմը չափազանց չար ու մեղավոր էր, և քաղաքում ամեն ինչ անիծված էր։
Մեղավորների զոհաբերությունը գարշելի է Աստծո համար։ Աստված, ով գիտի, թե ինչ կա յուրաքանչյուրի սրտում, գիտի, թե ինչի համար է մեղավորը ցանկանում զոհաբերել և որն է նրա դրդապատճառը։
Կայենը ևս անընդունելի զոհ բերեց, և այն մերժվեց։
Երբ Իսրայելի որդիները ոսկե հորթ պատրաստեցին, նրանք դրան զոհեր մատուցեցին (Ելից 32.8):
Ոզիա թագավորը լավ թագավոր էր, բայց երբ հպարտությունը նրա սիրտ մտավ, նա հանցանք գործեց Տիրոջ առջև՝ մտնելով տաճար և խունկ վառելով Աստծո համար, ինչը, Տիրոջ խոսքերով, կարող էին անել միայն քահանաները (2 Մնացորդաց 26.15-21):
Կարևորը ոչ թե մեր բերած զոհաբերությունն է, այլ զոհաբերություն կատարելիս՝ մեր սրտի վիճակը։ Երկու բան պետք է անթերի լինի՝
• Զոհաբերությունը, որ կատարում ենք Աստծուն
• Մեր սրտի վիճակը, երբ զոհաբերություն ենք անում։
Հեղինակ՝ Շերոն Բասս
Աղբյուրը՝ ieshua.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը