Աստծո մոտ զինվորների պակաս երբեք չի լինում. Չարլզ Սպերջեն
Մեկ մարդն Աստծո հետ արդեն մի ամբողջ բազմություն է, նույնիսկ եթե հակառակ կողմում հազարավորներն են կանգնած: Ապա այլևս ինչո՞ւ է պետք հաշվել մարդկանց թիվը:
Հաճախ մենք կարող ենք չափից շատ օգնականներ ունենալ, բայց Աստված չկարողանա գործել նրանց միջոցով: Նման օրինակ կարող ենք տեսնել Դատավորաց գրքում.«Եվ Տերն ասաց Գեդեոնին. ժողովուրդը տակավին շատ է. ջրի մոտ իջեցրու նրանց, և այնտեղ քեզ համար նրանց փորձեմ. և որի համար քեզ ասեմ, թե սա քեզ հետ գնա՝ նա քեզ հետ թող գնա, և որի համար քեզ ասեմ, թե դա քեզ հետ չգնա՝ նա թող չգնա» (Դատավորաց 7.4):
Այնտեղ ոչինչ չկատարվեց, մինչև Աստծո զորավարը չբազմապատկեց Իր ուժերը՝ միաժամանակ կրճատելով զինվորների քանակը:
Աստծո մոտ երբեք չի լինում զինվորների պակաս: Երբ Նա ցանկացավ հիմնել Իր ժողովուրդը, կանչեց Աբրահամին և օրհնեց նրան: Երբ Նա ցանկացավ հաղթել հպարտ փարավոնին, օգտագործեց բանակ, որը բաղկացած էր ընդամենը մեկ մարդուց՝ այն էլ խոսելու խնդիր ունեցող:
Սուրբ Գիրքը բազում օրինակներ ունի, թե ինչպես Աստված շատ հաճախ նախընտրում է օգտագործել առանձին անհատների, ովքեր բացառապես Աստծուն են ապավինում, քան թե ռազմական կրթություն ստացած զորքերի, որոնք առաջնորդվում են լավ ուսումնառած գնդապետների կողմից:
Աստված զորավոր է այնքան, որ կարող է թշնամուն թույլ տալ բազում առավելություններ ունենալ, սակայն, այնուամենայնիվ, հաղթել ու պարտության մատնել նրան:
Եթե միայն հավատանք, որ Աստված մեզ հետ է, ապա այլևս ի՞նչ նշանակություն կունենան մեզ համար մարդկանց մեծ բազմությունները:
Ի՛մ եղբայր, ի՛մ քույր, եթե Աստված ուղարկել է քեզ մի գործ կատարելու, Նրա զորությունը կօգնի քեզ իրականացնելու Իր ծրագիրը: Հենց այս պատճառով ապավինի՛ր այդ խոստմանը և խիզախություն առ:
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը