Ամուսնությանը պետք է պատրաստվել նախօրոք, այլ ոչ թե ամուսնությունից հետո:

Շատ հաճախ սիրո փնտրտուքներում մենք այնքան ենք ձգտում գտնել «համապատասխան մարդու», որ վերջիվերջո կորցնում ենք ինքներս մեզ:

«Համապատասխան» մարդ գտնելը լավ նպատակ է, բայց ոչ պակաս կարևոր է ժամանակ և ուժ տրամադրել ինքդ քո ներսում հայացք գցելուն, որպեսզի վստահ լինենք, որ ինքներս էլ համապատասխանում ենք այն չափանիշներին, որոնք առաջադրում ենք մեր «երկրորդ կեսին»:

Չէ՞ որ դա անարդար է. եթե դու ունես պահանջների ցուցակ քո կողակցի համար, նույնպես և պետք է ունենաս պահանջների ցուցակ ինքդ քեզ համար: Թվում է, թե սա պարզ ու հասարակ մի բան է, բայց շատ հաճախ մենք պոտենցիալ կնոջը կամ ամուսնուն ներկայացնում ենք ավելի դժվար պահանջներ, քան ինքներս մեզ:

Ի՞նչ է հարկավոր, որպեսզի մեզ կոչեն համապատասխան զույգ…

Ես կնշեմ մի քանի բնավորության գծեր, որոնց մասին հարկ է խորհել: Իհարկե, այդ գծերն անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել, նույնիսկ ամուսնությունից հետո: Բայց աճի ընթացքը պետք է սկսել այս պահից և խնդրել Աստծուն, որ մեզ դարձնի այնպիսին, ինչպիսին Ինքն է ցանկանում տեսնել:

Արմատավորվիր հավատքի մեջ

Մարդու կյանքում չկա առավել կարևոր բան, քան Աստծո հետ փոխհարաբերությունները: Այդ փոխհարաբերությունների միջոցով մենք բացահայտում ենք, թե ինչ է նշանակում սիրել և սովորում ենք այդ սիրով լցնել մեր ռոմանտիկ փոխհարաբերությունները:

Մի մոռացիր քո հավատքի մասին, երբ սկսում ես հանդիպել ինչ-որ մեկի հետ, քանի որ միայն հավատի վրա կարելի է կառուցել լիարժեք փոխհարաբերություններ:

Ժամանակ տրամադրիր ինքնաճանաչմանը

Միակ ճանապարհը իմանալու, թե ինչ ես դու ուզում՝ հասկանալն է, թե ով ես դու:

Ինքնաճանաչումը շատ կարևոր բաղադրիչ է գիտակից ու երկարատև հարաբերությունների հաստատման հարցում, քանի որ այդ հարաբերությունների մեջ դու ողջ պատկերի 50%-ն ես կազմում:

Քո սեփական թուլություններն ու ուժեղ կողմերը, վախերն ու տաղանդները, սեփական բարդույթներն իմանալը շատ կարևոր է ապագա փոխհարաբերությունների համար, քանի որ «առողջ մարդկանց» մոտ ձևավորվում են «առողջ հարաբերություններ»:

Եթե ցանկանում ես ինքդ էլ դառնալ համապատասխան կողակից ինչ-որ մեկի համար, պետք է ժամանակ տրամադրես ինքդ քո ներսը անկեղծ քննելուն և ավելի լավը դառնալուն:

Պայքարիր սեփական բարդույթներիդ դեմ

Ասում են, որ ինքնավստահությունն ու մարդու լիարժեքությունը հակառակ սեռի համար ավելի գրավիչ է, քան ֆիզիկական գեղեցկությունը: Ինքնավստահ մարդը գիտի, որ իր արժեքը ոչ թե մարդկային փոխհարաբերություններից է կախված, այլ Աստծո հետ ունեցած հարաբերություններից: Վստահ մարդիկ սիրում են տալու ցանկությունից դրդված, այլ ոչ թե ինչ-որ բան իրենց համար ձեռք բերելու նպատակով:

Սովորիր լինել ամբողջական

Անկեղծություն, հավատարմություն, հարգանք, մաքրություն. ամբողջական կյանքը ակնկալում է ինքդ քո մեջ բարեպաշտ բնավորության ձևավորում:

Ամբողջականությունը սկսվում է ավելի շուտ, քան ինչ-որ մեկի հետ փոխհարաբերություններ սկսելը և արտահայտվում է նրանով, թե ինչպես ենք մենք վարվում մարդկանց հետ, որոնց Աստված դրել է մեր կողքին:

Սկսիր քո կյանքի համար պատասխանատվություն կրել

Ինչպե՞ս ես տնօրինում քո գումարները, ինչպե՞ս ես իրականացնում խոստումներդ և այլն. ամուսնությանը պատրաստ մարդը պատասխանատվություն է կրում այդ ամենի համար:

Այլ կերպ ասած՝ որպեսզի ամուսնանալ, պետք է հասունանալ: Եվ լինել հասուն մարդ, չի նշանակում հասնել որոշակի տարիքի: Կարելի է միշտ էլ հոգով երեխա մնալ՝ փափագել արկածների և պահպանել զարմանալու հատկությունը:

Բայց ժամանակակից հասարակաությունը մարդկանց թույլ է տալիս երկար ժամանակ չհասունանալ և առջևում նպատակներ չդնել, իրենց անհաջողությունների համար մեղադրել ուրիշներին, այլ ոչ թե պատասխանատվություն կրել սեփական որոշումների և գործողությունների համար:

Գիտակցիր քո դերը կյանքում և փոխհարաբերություններում, սովորիր հասունանալ և գործել: Երբ դու կարողանաս պատասխան տալ քո կյանքի համար, այդ ժամանակ դու նաև պատրաստ կլինես պատասխան տալու քո «երկրորդ կեսի» սրտի համար, որը նա քեզ է վստահում:

Սովորիր պարտականություններ վերցնել քեզ վրա

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարդիկ վախենում են պարտականություններից: Եվ դա վերաբերում է ինչպես մասնագիտության ընտրությանը, այնպես էլ առաջիկա հանգստայան օրերի ծրագրմանը:

Մեր հասարակությունը  կաթվածահարված է վախով, որը թույլ չի տալիս հավատքի քայլեր անել:

Նայիր քո կյանքին և ինքդ քեզ հարց տուր՝ «իսկ ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը պարտականություններին, ինչպիսի՞ բարդույթներ ու վախեր են ինձ ետ պահում պարտականություններ կրելուց և իմ կյանքով ապրելուց»:

Ամուսնությանը պատրաստ մարդը շարժվում է հավատքով, ոչ թե վախերով:

Գտիր իսկական ընկերներ

Ամուսնությանը պատրաստ մարդը գիտի, որ փոխհարաբերությունները արժեքավոր են և խոսքն այստեղ միայն ռոմանտիկ փոխհարաբերությունների մասին չէ: Հասուն մարդիկ ունակ են լուրջ և երկարատև ընկերության՝ փորձառություն ձեռք բերելով իմաստուն ընկերներից և կիսվելով նրանց հետ, ում կարող են օգնել:

Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես է մարդն իրեն ցուցաբերելու ռոմանտիկ փոխհարաբերություններում, նայեք նրան, թե ինչպես է վարվում իր ընկերների հետ:

Փոխհարաբերություններ զարգացրու այն մարդկանց հետ, ում Աստված դրել է քո կողքին, որպեսզի պատրաստ լինես քո ամբողջ կյանքի սիրուն:

Քո մեջ զարգացրու օգտակար սովորություններ

Հավատում ես դու, թե ոչ, բայց բոլոր այն խնդիրները, որոնք քեզ հանգիստ չեն տալիս հիմա, չեն լքելու քեզ նաև հարսանիքից հետո: Այնպես որ, ինքդ քեզ կատարելագործելու համար ավելի լավ ժամանակ չի լինի. այդ պահն արդեն հասունացել է, սկսի՛ր գործել:

Խոսքը հիշեցնում է մեզ, որ ժուժկալությունը Հուգու պտուղներից մեկն է: Քո կյանքի ո՞ր բնագավառում է բացակայում այդ ժուժկալությունն ու կարգապահությունը. գումարները փախչո՞ւմ են ձեռքերիդ միջից, չե՞ս կարողանում զսպել զգացմունքներդ, սեռական գայթակղությունները քո ուժերից վե՞ր են…

Այն, թե ինչպես ես դու անցկացնում քո կյանքի թանկագին վայրկյանները, ձևավորում է քո սովորությունները, որոնք հետագայում կամ կօգնեն քո ընտանեկան կյանքին, կամ էլ կթունավորեն այն ողջ կյանքի ընթացքում:

Սովորիր հաղորդակցվել բարեկիրթ ձևով

Ամուսնությունը զրույց է ողջ հետագա կյանքի ընթացքում: Բայց շատերը մուտք են գործում ամուսնական կյանք՝ առանց իմանալու, թե ինչպես շփվել կամ հարթել կոնֆլիկտները: Մենք թաքցնում ենք մեր զգացմունքները, սառնություն ենք ցուցաբերում, երբ նեղացած ենք, կամ էլ զայրույթի պահին դիմացինի երեսին ենք նետում թունավոր խոսքեր:

Դիմելու և խոսելու ունակությունը կարևոր է ամեն տեղ, հատկապես՝ ամուսնության մեջ:

Ինչպե՞ս ես դու հաղորդակցվում: Դու պասի՞վ, թե՞ ագրեսիվ զրուցակից ես, թե՞ անդադար պնդող: Դու զրուցում ես միայն եղանակի ու նորաձևության մասի՞ն, թե՞ ունակ ես խորը թեմաների շուրջ զրույցների… Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել:

Ահա որոշակի ճշմարտություն «առողջ ամուսնության» մասին. այն սկսվում է ավելի վաղ, քան աղջկան մատանիով առաջարկություն անելը:

Այնպես որ, նախքան քո ապագա «երկրորդ կեսին» բարձր չափանիշների ցուցակ ներկայացնելը, ինքդ քեզ նայիր՝ արդյոք այդ չափանիշներից որևէ մեկն ունե՞ս:

Եվ աղոթիր Աստծուն, որ Նա օգնի քեզ բարձրանալ և հաստատվել հավատքի մեջ, ու այս ամենը սկսելու մի սպասիր, որ կյանքումդ մեկը հայտնվի, սկսի՛ր հենց հիմա:

Հեղինակ՝ Դեբրա Կեյ Ֆիլետա
Աղբյուրը՝ CrossNews.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.