Ինչպե՞ս աղոթել: Ինչպե՞ս է Աստված պատասխանում մեր աղոթքներին:

Երբևէ ճանաչե՞լ ես մեկին, ով լիովին վստահում է Աստծուն: Երբ ես աթեիստ էի, մի ծանոթ ունեի, ով հաճախ էր աղոթում: Նա ամեն շաբաթ ինձ հետ մի բանի մասին էր զրուցում, ինչն աղոթքով հանձնել էր Աստծո հոգածությանը, և ամեն շաբաթ ես տեսնում էի, թե ինչպես է Աստված արտասովոր կերպով պատասխանում նրա աղոթքներին: Կարո՞ղ ես պատկերացնել, թե որքա՜ն դժվար էր աթեիստիս համար շաբաթ շաբաթի հետևից տեսնել այդ ամենը: Որոշ ժամանակ անց «պատահականության» փաստարկն արդեն այնքան էլ համոզիչ չէր ինձ համար:

Իսկ ինչո՞ւ էր Աստված պատասխանում նրա աղոթքներին: Ամենակարևոր պատճառն այն էր, որ նա Աստծո հետ հարաբերություն ուներ: Նա ցանկացել էր Հիսուսի հետևորդը դառնալ և, ի վերջո, լսել էր Նրա ասածները: Ըստ ծանոթիս պատկերացման՝ Աստված նրա կյանքն առաջնորդելու իրավունք ուներ: Նա շատ ուրախ էր դրա համար: Նրա աղոթքները Աստծո հետ հարաբերության բնականոն ընթացքի արտահայտությունն էին, և ինքը շատ բնական էր համարում իր կարիքների համար Աստծո մոտ գնալը, ինչպիսին էլ լինեին այդ կարիքները: Ավելին, հիմնվելով Աստվածաշնչի վրա, նա համոզված էր, որ Աստված ուզում է, որ ինքն այդպես վստահի Նրան:

Ծանոթիս հարաբերությունն Աստծո հետ շատ նման էր աստվածաշնչյան այս խոսքերին. «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի Նա, թե ինչ, որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ»1: «Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, և Նրա ականջները դեպի նրանց աղոթքը»2:

Այսպիսով՝ ինչո՞ւ Աստված չի պատասխանում բոլորի աղոթքներին:

Պատասխանը, հավանաբար, Նրա հետ ունեցած հարաբերության մեջ է: Մարդիկ, գուցե, գիտեն, որ Աստված գոյություն ունի, և երբեմն էլ երկրպագում են Նրան, սակայն աղոթքներին պատասխան ստանալը կապված է Աստծո հետ իրական հարաբերություն ունենալու հետ: Այդ հարաբերությունը չունեցող մարդիկ, հավանաբար, երբեք իրենց մեղքերի համար ներում չեն ստացել Աստծուց:
Ինչու՞ աղոթքները պատասխան չեն ստանում, որովհետև…«Ահա, Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց և Նրա ականջը չի ծանրացել լսելուց, այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր և ձեր Աստծո մեջտեղը, և ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզնից, որ չլսի»3:

Բաժանման այս զգացողությունը բնական է… Երբ մարդիկ Աստծուն խնդրում են ինչ-որ բանի համար, սովորաբար ինչպե՞ս են դա անում: Նրանք սկսում են այս բառերով. «Աստված, ես, իրոք, Քո օգնության կարիքն ունեմ այս հարցում…»: Իսկ հետո մի քիչ դադար են տալիս ու շարունակում. «Ես գիտեմ, որ կատարյալ կյանքով չեմ ապրում Քո առջև և իրավունք չունեմ Քեզնից խնդրելու…»: Մարդը տեղյակ է սեփական ձախողումներին ու մեղքերին և գիտի նաև, որ Աստված նույնպես տեղյակ է դրանցից: Նա հասկանում է, որ չի կարող Աստծուն խաբել, սակայն չգիտի, թե ինչպես մեղքերի թողություն ստանա Նրանից: Մարդկանցից շատերը չգիտեն, թե ինչպես կարող են այնպիսի հարաբերություն սկսել Աստծո հետ, որ Նա լսի իրենց աղոթքները: Միայն այս հարաբերության առկայության շնորհիվ է հնարավոր աղոթքներին պատասխաններ ստանալը…

Աստված մեզ լսելու համար հիմքեր ունի…

Նախ անհրաժեշտ է, որ մարդը հարաբերության մեջ մտնի Աստծո հետ: Ինչու՞: Եկեք պատկերացնենք, որ Մայք անունով մի մարդ խնդրում է Փրինսթոնի համալսարանի նախագահին համատեղ վարկ վերցնել՝ իր համար մեքենա գնելու նպատակով: Եթե Մայքը անձնապես չի ճանաչում Փրինսթոնի համալսարանի նախագահին, ապա մեքենայի համար համատեղ վարկ ստանալը դժվար թե իրականություն դառնա, բայց եթե այդ նույն խնդրանքով համալսարանի նախագահին դիմի նրա դուստրը, ապա չեմ կարծում, թե այդ հարցում խնդիրներ ծագեն: Այս երկու օրինակների տարբերությունը հարաբերությունների մեջ է:

Եթե մարդն Աստծո զավակ է և Աստծուն է պատկանում, Աստված ճանաչում է նրան և լսում նրա աղոթքները: Հիսուս ասում է. «Ես եմ բարի Հովիվը, և Ես ճանաչում եմ, նրանց, որ Իմն են, և ճանաչվում եմ նրանց կողմից… Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են, և Ես ճանաչում եմ նրանց, և Իմ հետևից գալիս են։ Եվ Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք չի հափշտակի նրանց Իմ ձեռիցը»4:

Իսկ ինչ վերաբերում է Աստծուն… դու իրո՞ք ճանաչում եք Նրան, և արդյո՞ք Նա ճանաչում է քեզ: Արդյո՞ք ունես Աստծո հետ այն հարաբերությունը, որը երաշխիքն ու գրավականն է աղոթքներին պատասխան ստանալու համար, թե՞ Աստված ընդամենը հեռավոր և աղոտ գաղափար է քո կյանքում: Եթե Աստված հեռու է քեզանից, և վստահ չես Նրան ճանաչելու հարցում, ապա կարող ես Նրա հետ հարաբերություն սկսել հենց հիմա և ընդունել Նրան:

Արդյո՞ք Աստված անպայման կպատասխանի քո աղոթքին:

Բոլոր այն մարդկանց համար, ովքեր ճանաչում են Աստծուն և վստահում Նրան, Հիսուսն աննկարագրելի առատաձեռն առաջարկ է անում. «Եթե մնաք Ինձնում և Իմ խոսքերը ձեզնում մնան, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք և կլինի ձեզ»5: Որպեսզի Նրա մեջ մնանք, և Նրա խոսքերը մնան մեր մեջ, մենք պետք է մեր կյանքն ապրենք Աստծո առջև՝ վստահելով Նրան և լսելով Նրա խոսքերը: Այսպիսի մարդիկ կարողանում են Աստծուց խնդրել այն ամենն, ինչ կամենում են: Ահա՛ ևս մի հրաշալի խոստում. «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի Նրան, թե ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք Նրանից»6: Աստված մեր աղոթքներին ըստ Իր կամքի է պատասխանում (և ըստ Իր իմաստության, սրբության և մեր հանդեպ ունեցած սիրո):

Իսկ որտե՞ղ ենք մենք սխալվում: Մեզ թվում է, թե գիտենք Աստծո կամքը, քանի որ որոշ բաներ մեզ համար տրամաբանական են թվում: Մենք կարծում ենք, թե միայն մեկ «ճիշտ» պատասխան կա մեր աղոթքին, և հենց դա՛է Աստծո կամքը, ու…հենց այստեղ է, որ ամեն բան բարդանում է:
Մենք ապրում ենք գիտելիքի և ժամանակի սահմանափակ միջավայրում և միայն սահմանափակ տեղեկատվության ենք տիրապետում իրավիճակի և այդ իրավիճակում հնարավոր հետագա զարգացման մասին, մինչդեռ Աստծո իմացությունն անսահմանափակ է: Միայն Նա՛ գիտի մարդու կյանքում կամ պատմության մեջ դեպքերի զարգացման ընթացքի կամ տեղի ունեցող իրադարձությունների մասին ամբողջությամբ և այս ամենի մեջ Ի՛ր նպատակներն ունի, որոնք շատ ավելին կարող են լինել, քան մենք պատկերացնում ենք:

Այսպիսով՝ Աստված չի պատրաստվում անել ինչ-որ բան պարզապես միայն այն պատճառով, որ մե՛նք ենք դա համահունչ համարում Իր Խոսքին, այլ անում է՝ըստ իր իմաստության և շա՛տ ավելին…

Ի՞նչ է անհրաժեշտ անել: Ի՞նչ է Աստված հակված անելու:

Երկար կարելի է խոսել այն մասին, թե Տերն ինչպիսի մտադրություններ ունի մեր վերաբերյալ: Ողջ Աստվածաշունչը այն հարաբերության նկարագրությունն է, որն Աստված է ուզում, որ մենք ապրենք, և այն կյանքի, որը Նա ուզում է մեզ պարգևել:
Ահա՛ ասվածի մի քանի օրինակ.

«Եվ դրա համար Տերը սպասելու է, որ ձեզ ողորմի, և դորա համար, որովհետև Տերը իրավունքի Աստված է: Երանի՜ այն բոլորին, որ սպասում են Նրան»7: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես Մեկը, որ աթոռից վեր է բարձրանում, որպեսզի գա քեզ օգնելու՝ Նա «բարձրանալու է, որ ձեզ գթա»: «Աստծո ճանապարհը կատարեալ է… Նա պահապան է ամեն Իրեն հուսացողների համար»8: «Տերը հավանում է Իրենից վախեցողներին, որ Իր ողորմությանն են հուսացած»9:

Այնուամենայնիվ, Աստծո սիրո մեծագույն դրսևորումն ու նվիրման արտահայտությունը հետևյալն է. «Ոչ ոք նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար»10: Սա խոսում է Հիսուսի արածի մասին: Եվ այսպես. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ, Որ Իր Որդուն էլ չխնայեց, այլ մեր բոլորի համար մատնեց Նրան, էլ ինչպե՞ս Նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ»11:

Իսկ ի՞նչ կասեք «չպատասխանված» աղոթքների մասին:

Փաստ է, որ մարդիկ հիվանդանում են և անգամ մահանում, կյանքի ընթացքում բախվում են ֆինանսական խնդիրների և տարբեր տեսակի այլ դժվարին իրավիճակների: Ինչո՞ւ:

Աստված մեզ սովորեցնում է մեր անհանգստություններն Իրեն փոխանցել, նույնիսկ եթե իրավիճակն անփոփոխ է մնում. «Ձեր բոլոր հոգսը Նրա վրա գցեք, որովհետև Նա հոգս է անում ձեզ համար»12: Իրավիճակները կարող են վերահսկողությունից դուրս թվալ, սակայն դա այդպես չէ: Երբ թվում է, թե ողջ աշխարհը փուլ է գալիս, Աստված կարող է մեզ Իր ապահովության մեջ պահել: Այստեղ է, որ մարդը կարող է իր երախտագիտությունն արտահայտել Աստծուն՝ Նրան ճանաչելու համար: «Տերը մոտ է։ Ոչ մի բանի համար հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու միտքը Քրիստոս Հիսուսում»13: Աստված կարող է քո խնդրիներին այնպիսի լուծում տալ և իրավիճակից այնպիսի ելք առաջարկել, որոնք վեր են քո բոլոր պատկերացումներից (շատ քրիստոնյաներ կարող են նման օրինակներ թվարկել իրենց կյանքից), սակայն եթե իրավիճակները չեն բարելավվում, Աստված կարող է քեզ Իր խաղաղությամբ լցնել: Նա ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս՝ Ես տալիս եմ ձեզ: Ձեր սիրտը չխռովվի և չվախենա»14:

Հենց նման իրավիճակներում է (երբ ամեն բան շարունակում է մնալ անտանելի), որ Աստված ակնկալում է, որ մենք շարունակենք վստահել Իրեն. «Քայլեք հավատքով, այլ ոչ թե աչքի երևույթով»,- ասում է Աստվածաշունչը: Սակայն սա կույր հավատք չէ: Այն հիմնված է հենց Աստծո բնույթի վրա: Բարձր կամրջի վրայով երթևեկող մեքենան ապահով անցնում է այդ կամրջի ամրության և ամբողջականության շնորհիվ: Դա կախված չէ վարորդի զգացողություններից, կարծիքից կամ մեքենայում մյուս ուղևորների հետ ունեցած քննարկումներից: Մեքենային կամրջի մյուս կողմ ապահովությամբ հասցնողը կամրջի ամբողջականությունն ու ամրությունն են, ինչին վարորդը գիտակցաբար վստահում է:

Նույն կերպ Աստված է ակնկալում, որ մենք վստահենք Նրա ամբողջականությանը, Նրա բնույթին…, Նրա կարեկցանքին, սիրուն, իմաստությանը, արդարությանը և այլն: Նա ասում է. «Հավիտենական սիրով սիրել եմ քեզ: Դրա համար քաշեցի քեզ ողորմությունով»15: «Հուսացեք Նրան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեք ձեր սրտերը Նրա առաջին: Աստված մեր ապավենն է»16:

Ամփոփում

Աստված առաջարկում է մի հարաբերություն, որի ժամանակ Նա պատասխանում է Իր զավակների աղոթքներին (նրանց, ովքեր ընդունել են Աստծուն իրենց կյանքի մեջ և փափագում են հետևել Նրան): Նա առաջարկում է մեր բոլոր անհանգստություններն աղոթքով Իրեն փոխանցել, և Ինքը դրանց լուծում կտա Իր կամքի համեմատ: Երբ դժվարությունների միջով ենք անցնում, պետք է վստահենք Աստծո խնամքին և ընդունենք Նրա խաղաղությունը, որը գործում է ցանկացած իրավիճակում: Մեր հույսի և հավատքի հիմքը հենց Աստծո բնույթն է. որքան ավելի լավ ենք ճանաչում Նրան, այնքան ավելի ենք սկսում Նրան վստահել:

Հեղինակ՝ Մերլին Ադամսոն
Աղբյուրը՝ avetaber.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.