Արդյո՞ք դու անկախ ես
Այս հարցն ակամայից մեզ հիշեցնում է բաներ, որոնք մեզ արգելված են անել: Այս աշխարհն անկախությունը վերագրում է բոլորի կարծիքն արհամարհելուն, սրտի ցանկացած քմահաճույքը կատարելուն, սեփական անձը ոչնչից չզրկելուն: Իսկ ո՞րն է անկախության աստվածային տարբերակը: Աստծո Խոսքն ասում է. «Որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը» (Բ Կորնթացիս 3.17):
Շատերը կարծում են, թե քրիստոնեությունը մարդուն սահմանափակում է, արգելքներ դնում: Բայց եթե ուշադիր կարդանք Աստծո Խոսքը, կտեսնենք, որ աշխարհում միակ Անձն, Ով մեզ ուզում է տալ ազատություն և անկախություն, Աստվածաշնչի Աստվածն է: Նա Իր նմանությամբ ստեղծեց մարդուն և տվեց ազատություն, սեփական որոշումներն ինքնուրույն կայացնելու իրավունք: Նա թեև ամենակարող է, բայց երբեք չի կառավարում քո կյանքը: Նա իսկական ու անկեղծ հարաբերությունների Աստված է: Նա ուզում է լինել քո լավագույն խորհրդատուն, քանի որ միայն Նա ամբողջովին գիտի քեզ, քո անցյալը, ներկան և ապագան: Նրա մեծագույն նպատակը քեզ անկախ տեսնելն է, երբ դու ինքդ ես որոշում, թե ում նմանվել և ինչ անել: Դավաճանությունն ու սուտը կստիպեն չներել, վիրավորանքն ու կոտրվածութունը՝ չսիրել, խաղամոլությունը՝ աղքատանալ, ալկոհոլը՝ անսթափանալ: Ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Այս աշխարհում ամեն բան և ամեն ոք ջանում է մեզ ստիպել, կառավարել, փոխել: Իսկ Աստված առաջարկում է խորհրդատվություն, առաջնորդություն, ապաշխարություն: Աստծո Խոսքը չի սահմանափակում, այլ հետ է պահում կախվածություններից՝ մեղքից, որ ճահճի պես կլանում է մարդու բանականությունը, կամքը, ազատությունը:
Հիմա նորից ինքդ քեզ տո՛ւր այս հարցը. «Արդյո՞ք ես անկախ եմ»:
Լիլիթ Հարությունյան