Արամ Խաչատրյան-120
2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը։ Ինչպես հայտնում է ԿԳՄՍՆ, 120-ամյակին նվիրված՝ Հայաստանում և արտերկրում նախապատրաստվում ու իրականացվում են հոբելյանական մի շարք միջոցառումներ։
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվանձանում, հայ կազմարարի ընտանիքում:
18 տարեկանում Խաչատրյանը տեղափոխվել է Մոսկվա: 1922թ-ին ընդունվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ` չունենալով նույնիսկ տարրական երաժշտական գիտելիքներ: Նա միևնույն ժամանակ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: Կոնսերվատորիայում նա սովորում էր կոմպոզիտորական գործ և նվագախմբի համար նոտայագրություն: Այս ընթացքում նա սովորում էր նվագել թավջութակի վրա։
Կոնսերվատորիան ավարտելուց հետո սկսվում է նրա կարիերայի ակտիվ շրջանը։ 1936թ.-ին Խաչատրյանը գրում է իր առաջին մեծ գործը՝ «Դաշնամուրի կոնցերտը», որը նրան հաջողություն է բերում ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այնուհետև նա գրել է ևս երկու սիրված կոնցերտ՝ «Ջութակի կոնցերտը» (1940) և «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» կոնցերտը (1946)։ «Ջութակի կոնցերտ»-ն արժանացել է պետական մրցանակի և ստացել է համաշխարհային ճանաչում։ Այն դարձել է միջազգային երաժշտացանկի մաս:
Խաչատրյանը գրել է նաև երգեր, եկեղեցական երաժշտություն, ինչպես նաև երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար: Նա ստեղծել է մոտ 25 ֆիլմերի երաժշտություն, այդ թվում հայկական առաջին հնչունային ֆիլմի` «Պեպո»-ի համար (1935)։ Խաչատրյանը ներշնչվել է ազգային երգերի հավաքագրող, երաժշտագետ Կոմիտասից, Ալեքսանդր Սպենդիարյանից, Ռոմանոս Մելիքյանից։
Ա․ Խաչատրյանը հայկական առաջին բալետի կոմպոզիտորն էր, որը կոչվում էր «Երջանկություն»: Այնուհետև նա գրում է նաև «Գայանե» և «Սպարտակ» բալետները, որոնք դասվում են նրա լավագույն ստեղծագործությունների շարքին: «Գայանե» բալետի վերջին գործողության համար գրված «Սուսերով պար»-ը Խաչատրյանի ամենաճանաչված և աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է:
Խաչատրյանը մահացել է Մոսկվայում 1978 թվականի մայիսի 1-ին՝ իր 75 ամյակի շեմին։ Թաղվել է մայիսի 6-ին Երևանում՝ «Կոմիտասի աննվան պանթեոնում»՝ հայազգի այլ մեծերի՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի կողքին։
Արամ Խաչատրյանի անունը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը, լարային կվարտետը, դաշնակահարների և կոմպոզիտորների ամենամյա մրցույթը։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գլխավոր մուտքի դիմաց Արամ Խաչատրյանի արձանն է, որը տեղադրվել է 1999թ.` մեծն Ա. Խաչատրյանի ծննդյան օրը (հունիսի 6)։
Արամ Խաչատրյանն ասել է․«Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ․․․ Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը։ Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»»։