Մեծագույն կորուստը, որ երբևէ եղել է, տեղի է ունեցել Եդեմի պարտեզում, որտեղ մարդը կորցրեց իր ազատությունը՝ պարտվելով սատանային և դառնալով նրա ծառան:

Ամենադաժան ստրկությունը, որ տեսել է մարդկությունը, մեղքին գերի լինելն է: Իսկ ազատության և անկախության համար մղված մեծագույն պայքարը մեղքի գերությունից ազատվելու պայքարն է եղել:

Հիսուսը եկավ, որ քո կյանքում առկա մեղքի գերությունը գերի բռնի, և հիմա չկա մի այնպիսի մեղք և այնպիսի գերություն, որից անհնար լինի ազատագրվել: Ինչպես Եգիպտոսի գերությունից դուրս եկածների սրտում դեռ առկա էր Եգիպտոսի մեղքի գերությունը, այնպես էլ մերօրյա շատ քրիստոնյաների սրտում դեռ առկա է նախկին կյանքի մեղքի գերությունը:

Գերությունը սատանայից է, և մարդը դժբախտ է, երբ տանջվում է այդ գերության ստրկության մեջ: Գերությունը չարիք, պատիժ և արհավիրք է: Մեղքի գերի մարդիկ չեն կարող Տիրոջն իրական օրհնություն բարձրացնել:

Մեծագույն ազատությունը մեղքի գերությունից ազատ լինելն է: Ազատությունն Աստծուց է, և մարդը երջանիկ է, երբ վայելում է այդ ազատությունը: Բարձրացրեք ձեր աչքերը դեպի Երկինք և տեսե՛ք իրական ազատությունն ու ճշմարիտ Ազատարարին:

Իրապես ազատ մարդը միայն կարող է գիտակցել, որ իր դիմացինն էլ իրավունք ունի իր նման երջանիկ լինելու, և ամեն բան կանի նրան երջանկացնելու համար: Դիմացինի հետ վարվիր այնպես, ինչպես որ կուզենաս քո հետ վարվեն (ոսկե օրենքը). սա կարող են պահել միայն իրապես ազատ մարդիկ:

Ամենաողբերգական բանը, որ տեսել եմ իմ ծառայության տարիների ընթացքում, գերությունից մեծ գնով ազատագրված քրիստոնյայի կամովի վերադառնալն է նախկին ստրկությանը: Որտեղ Աստծո Հոգին է, այնտեղ է ազատությունը, և քրիստոնյայի կյանքում Աստծո ներկայության նշանը նրա կյանքում մեղքի գերության, որը նույնն է թե՝ ազատության առկայությունն է:

Նա, ով իսկական քրիստոնեական ազատության համը մեկ անգամ առել է (մեղքի գերությունից իրապես ազատ լինելու), երբեք այլևս չի տրվի մեղքի գերության դառնությունը ճաշակելու գործին: Ազատ մարդիկ ազատ են՝ Աստծո կամքը կատարելու իրենց ընտրությունների մեջ, իսկ ոչ ազատները, թեև մեծ ցանկություն կարող են ունենալ Աստծո կամքին հնազանդվելու հարցում, սակայն գերի են և չեն կարող համապատասխան որոշումներ կայացնել:

Ամեն տեղ՝ անգամ երկնքում, կա գերության վտանգը: Աստված իմաստություն տա, որ չընկնենք այդ քողարկված գերության տակ, այլ ապրենք ազատ՝ տեսիլքի համեմատ: Ազատ մարդիկ օգնում են, որ մարդիկ բարձրանան, և վախ չեն ներշնչում դիմացինին, այլ մխիթարություն և քաջալերանք:

Ազատ մարդու աշխարհայացքը կախված է երկու հիմնացույցից՝ ճանաչել սեփական կոչումը և ճանաչել այն Մեկին, ով շնորհել է այդ թանկարժեք ազատությունը: Հենց այդ ազատությունն էլ բերում է գիտակցում՝ ո՞վ ես, ո՞րն է առաքելությունդ և ո՞ւմ ես ծառայում: Եվ արդեն մահվան մահճում մարդը պետք է կարողանա պատասխանել այս մեծ հարցին՝ արդյոք կատարեցի՞ այն ամենը, ինչի համար Աստված ինձ ուղարկել էր այս աշխարհ և հանձնարարություն տվել:

Մերժե՛ք բոլոր կապանքները՝ և՛ կրոնական, և՛ ավանդապաշտական, և՛ պապական, և՛ հասարակական, և՛ ընտանեկան, և՛ մնացած այլ կապանքներն ու ապրեք Աստծո պարգևած ազատության մեջ: Ազատ լինելու բանաձևը սա է՝ «Ես գիտեմ, որ Տերն է ինձ դատելու, և մարդկային վերաբերմունքը, կարծիքն ու դատողությունները ինձ չեն սահմանափակում»:

Աղբյուրը՝ CrossNews.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.