Անհանգստությամբ եմ հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զինված բախումներին․ Հռոմի պապը լարվածության շուտափույթ հաղթահարման հույս է հայտնել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմամբ և լարվածության շուտափույթ հաղթահարման հույս է հայտնել:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը, այս հայտարարությամբ սրբազան քահանայապետը հանդես է եկել կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ:
«Անհանգստությամբ հետևում եմ Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զինված բախումներին: Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր կորցրել են կյանքը այդ միջադեպերի հետևանքով:
Հուսով եմ, որ միջազգային հանրության միջնորդությամբ, երկխոսության միջոցով և կողմերի բարի կամքի դրսևորմամբ՝ խաղաղությունը երաշխավորող լուծում կգտնվի հանուն այդ սիրելի ժողովուրդների բարօրության»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: