«Աստծո համար ամեն բան կարելի է» Մատթեոս 19.26

Դժվար ժամանակներում մարդու բնական արձագանքն անհանգստությունն է։ Բայց Աստված ուզում է, որ մենք անհանգստանալու փոխարեն երկրպագենք իրեն։ Երկրպագելը նաև հավատալն է Աստծուն և այն ամենին, ինչ նա անում է։

Մնացորդաց երկրորդ գրքում Հովսափատ թագավորն ու Իսրայելը հայտնվել էին ծանր դրության մեջ։ Երեք թշնամի ազգերը պատերազմելու էին եկել նրանց դեմ։ Չնայած վախենում էր, բայց թագավորի առաջին քայլն եղավ իր ժողովրդին աղոթքի կանչելը։ Նա, ամբողջ ժողովրդի  առջև կանգնած, բարձրաձայն աղոթում էր՝ օգնություն խնդրելով Տիրոջից։

Նրա աղոթքը հիանալի օրինակ է, որը ցուց է տալիս մեզ՝ ինչպես կարելի է աղոթել լարված, ընկճված ժամանակ։

Աղոթելիս առաջին հերթին պետք է ինքներս մեզ հիշեցնենք, թե ով է Աստված։ Կենտրոնանանք նրա զորության, բնավորության, հնարավորության վրա։ Աստված կարող է ամեն ինչ կարգավորել, ներառյալ այն ամենն, ինչի միջով անցնում ենք այս պահին։

Մատթեոս 19.26-ում Հիսուսն ասում է. «Աստծո համար ամեն բան կարելի է»։

Հովսափատ թագավորը գիտեր, որ դա ճիշտ է։ Նա իր աղոթքում կարծես ինքն իրեն հիշեցնում էր. «Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, մի՞թե Դու չես Աստված երկնքում ու՝ չե՞ս տիրում բոլոր հեթանոսների թագավորությունների վրա, և մի՞թե Քո ձեռքում այնպիսի մի զորություն և ուժ չկա, որ ոչ մեկը չի կարող Քեզ դիմակայել» (Բ Մնացորդաց 20.6)։

Թագավորի թշնամին իր դեմ դուրս եկավ, բայց նա որոշեց հայացքը հեռացնել խնդրից և, դրա փոխարեն, կենտրոնացնել այն Աստծո զորության և կարողության վրա։

Երբ հիշեք, թե ով է Աստված, դրանից հետո հիշեք, թե ինչ է արել ձեզ համար։ Հիշեք, թե ինչպես է օգնել մյուսներին, ձեզ և վստահություն կունենաք, որ Աստված ցանկացած իրավիճակում ձեր կողքին է։

Երբ Հովսափատ թագավորը աղոթում էր. «Մի՞թե Դու, մեր Աստվածը չես, որ այս երկրի բնակիչներին Քո Իսրայել ժողովրդի առջևից վռնդեց...» (Բ Մնացորդաց 20.7), նա հիշում էր, որ Աստված Մովսեսի միջոցով իսրայելացիներին հանեց Եգիպտոսից և տարավ Խոստացված Երկիրը։ Հովսափատը հիշելով, որ Աստված օգնել էր Իսրայելին վռնդել իր թշնամիներին՝ վստահություն ունեցավ, որ Աստված դա նորից կանի։

Ինչի՞ համար եք դուք հիմա անհանգստանում։ Դրա փոխարեն ժամանակ անցկացրեք աղոթքի մեջ՝ հիշելով Աստծո զորավոր գործերը։ Եվ հավատացեք, որ Նրա համար անհնարին ոչինչ չկա։

Հեղինակ՝ Ռիկ Ուորեն
Աղբյուրը՝ ieshua.org

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.