Անհաջողության 5 առավելությունները
Հաջողությունը հիասքանչ փորձ է: Մենք բոլորս ձգտում ենք դրան, բայց միշտ չէ, որ այն օգնում է մեզ կատարելագործվել ու զարգանալ: Երբեմն հաջողությունը կարող է անգամ արգելք հանդիսանալ դրան:
Հաջողություն վերապրելով՝ հեշտ է հավատալ սեփական նշանակալիությանը և սկսել մտածել, որ մենք ավելի լավն ենք, քան կանք իրականում: Բայց ճշմարտությունն այն է, որ մենք ավելի շատ դասեր ենք քաղում ձախողումներից, քան հաղթանակներից: Հենց սա է պատճառը, որ բոլոր հաջողակ մարդիկ մի ժամանակ անհաջողակներ են եղել՝ նախքան հաջողության ուղին բռնելը: Հաջողության մասին շատ գրքեր են գրված, բայց ի՞նչ օգուտ է բերում մեզ անհաջողությունը:
Առաջինը. Անհաջողություն կրելը հեշտ չէ, հատկապես առաջին անգամ: Մենք կարող ենք զգալ մեզ այնպես, ասես կյանքն ավարտվել է, ասես մեզ ինչ-որ ձևով նվաստացրել են: Բայց բացասական փորձ վերապրելով՝ մենք ավելի իմաստուն ու զորավոր ենք դառնում: Իրականում, մենք ավելի շուտ ոչ թե նվաստանում ենք, այլ հարստանում գիտելիքներով ու փորձով, որոնք նախկինում չունեինք:
Երկրորդը. Անհաջողությունը մեզ ավելի խոհեմ և կշռադատող է դարձնում: Դուք կարող եք հաջողությունն ընդունել առանց երկար-բարակ մտածելու, բայց անհաջողությունը գրեթե ամեն մեկին ստիպում է մտածել և վերաիմաստավորել ամեն բան: Իր բնույթով այն ստիպում է մեզ խորհել և հարցեր տալ ինքներս մեզ:
Երրորդ. Անհաջողությունը ավելի շատ, քան հաջողությունը, կարող է ջրի երես հանել մեր արժանիքները, ինչպես նաև բացթողումները: Անհաջողությունների մեջ ենք մենք սկսում գիտակցել, թե ինչ իսկապես կարող ենք ինքներս անել, և թե ինչում է մեզ անհրաժեշտ մարդկանց օգնությունը: Հաջողությունը պարզապես ստիպում է մեզ մտածել, որ մենք բավականաչափ լավն ենք ամեն ինչում, ինչը հեռու է ճշմարտությունից: Մենք ունենք մեր ուժեղ ու թույլ կողմերը: Անհաջողությունը օգնում է մեզ հասկանալ դա:
Չորրորդ. Պարտությունը դրդում է մեզ խոնարհվել, մինչդեռ հաջողությունը կարող է հպարտության առիթ դառնալ: Պարտություն վերապրելով՝ ես տեսնում եմ իմ սեփական հնարավորությունների սահմանները և պահանջը՝ նոր հնարավորությունների:
Հինգերորդ. Անհաջողությունները նպաստում են մեր աճին՝ այն պայմանով, որ մենք ցանկանանք իմանալ, թե ինչու մեր կյանքում եղավ այդ անհաջողությունը, և ինչպես կարող ենք խուսափել դրանից հետագայում: Եվ անհաջողությունները պատրաստում են մեզ հաջողությունների, օգնում են մեզ ճանաչել, թե ինչ է կատարվում հետնաբեմում՝ արտաքին փայլից այն կողմ:
Առաջնորդներից շատերը համարում են, որ հենց անհաջողություններն են, ոչ թե հաջողությունները, օգնում մեզ հասնելու որոշակի հաղթանակների: Հաջողությունը այնքան ուժեղ «թմրանյութ» է, որ որոշ առաջնորդներ, ովքեր անհաջողություն են կրում 50-60 տարեկանում, հետո չեն կարողանում կազդուրվել, որովհետև նման փորձ նախկինում չեն ունեցել: Գոհություն հայտնեք Աստծուն ձեր անհաջողությունների համար նույնքան, որքան հաջողությունների: Թույլ տվեք ձեր պարտություններին՝ օգնելու ձեզ աճել:
Թ. Ջ. Ադդինգտոն