ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ
Խանութի անկյունում վաղուց կարելի էր նկատել մի սպունգ, որ օրեր շարունակ անհամբեր սպասում էր, թե երբ է սկսելու պայքարել բակտերիաների և մանրէների դեմ, որոնց նա չէր սիրում: Մի օր խանութ մտավ մի կին, ով իր աղջկա` Անուշիկի համար գնեց սպունգը:
-Հազի~վ,- ցնծում էր սպունգը, ես նոր ընկեր ունեմ, ում կպաշտպանեմ բակտերիաներից և մանրէներից…
Սակայն հիմա էլ սպունգը կախված էր լոգարանում: Նա շատ տխուր էր, հարևանությամբ պառկած էր օճառը, որ անընդհատ շնչում էր` տարածելով բույրն ամբողջ լոգարանով: Նա բողոքում էր սպունգին.
-Ինձ չի' սիրում Անուշիկը, ինձ հետ ընկերություն չի անում, բակտերիաներն ու մանրէները նրա լավագույն ընկերներն են, նա չի հասկանում` որքան վտանգավոր են նրանք: Ես փորձում եմ իմ անուշահոտությամբ նրան գրավել, սակայն նա միայն թրջում է երեսն ու ձեռքերը ջրով ու հեռանում:
Հաջորդ օրն Անուշիկը վազեց լոգարան ու բացականչեց.
-Մայրի~կ, քոր է գալիս, էլ չեմ դիմանում:
-Ի՞նչ է պատահել,-վազեց մայրիկը` լսելով Անուշիկը լացը:
Մայրիկի հետևից եկավ հորեղբայրը, ով մասնագիտությամբ բժիշկ էր:
Հորեղբայրը նայեց ձեռք չտված օճառին և նոր սպունգին և ամեն բան հասկացավ:
-Անուշի'կ, դու գիտես, թե ինչ է անձնական հիգիենան:
-Հիգիենա՞: Դա այն է, երբ լողանում ես և մաքրում ատամները:
-Ո՛չ միայն, հունարենից թարգմանաբար «հիգիենա» նշանակում է առողջարար, առողջություն բերող: Ա'յ, օրինակ, օրվա ընթացքում քանի անգամ ես լվանում ատամներդ,-շարունակեց հորեղբայրը:
-Դե՜, առավոտյան ահա այսպես (Անուշիկը ցույց տվեց, թե ինչպես է լվանում ատամները):
-Ատամները պետք է լվանալ առավոտյան և երեկոյան, ցանկալի է նաև ուտելուց հետո: Դա հեռացնում է ատամներից ուտելիքի մնացորդները: Եվ սպունգով դու ոչ մի անգամ չես լողացել, Անուշի'կ:
-Այն շատ կոշտ է,-սեղմեց ատամներն Անուշիկը:
-Մեր մարմինը շնչում է, և եթե չլվանաս, ապա մարմինը խցանվում է կեղտով, որտեղ թաքնվում են մանրէներն ու բակտերիաները: Առանց սպունգի հնարավոր չէ: Այն հեռացնում է կեղտը և պայքարում բակտերիաների և մանրէների դեմ: Դրա համար այն անպայման պետք է լինի կոշտ, չոր:
Երջանիկ սպունգից լոգարանում հոսում էր ջուրը… Նրանք օճառի հետ միասին լավ աշխատեցին և ոչնչացրին բոլոր վնասակար մանրէներն Անուշիկի մարմնից: Եվ սպունգն ու օճառը դարձան փոքրիկ Անուշիկի լավագույն ընկերները:
Սիրելի՛ ընթերցող, մեզանից յուրաքանչյուրն էլ կարիք ունի անձնական հիգիենայի` մեր հոգիների անձնական հիգիենայի… Գուցե այսօր էլ դու սպունգի նման քո տանը՝ ինչ-որ անկյունում, շատ զգուշությամբ պահում ես Աստվածաշունչ, սակայն այն երբեք չես օգտագործում սեփական անձի մաքրության համար:
Հիշի՛ր, անկյունում դրված և երբեք չբացված ու չընթերցված Աստվածաշունչը չի կարող մաքրել քո հոգին մեղքից: Եթե ուզում ես լինել պաշտպանված ու մաքուր մեղքից, դու կարիք ունես ճանաչելու Հիսուս Քրիստոսին, որովհետև Աստծո Խոսքն ասում է. «Ապա եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար, որ մեր մեղքերը ների մեզ և մաքրի մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1.9):
«Սերմնացան» ամսագիր