Ամերիկայում որոշ եկեղեցիներ բացվել են և սկսել իրականացնել ծառայությունները «օֆլայն»
Միացյալ Նահանգներում հանգստյան օրերին շատ եկեղեցիներ վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ բացվեցին: Մարդկանց համար ինքնամեկուսացման այս շրջանում սա իսկապես երկար սպասված իրադարձություն էր, հայտնում է CBN NEWS-ը:
Ամերիկայի՝ Վիրջինիա նահանգի եկեղեցիներից մեկում մարդիկ ուրախ են նորից միասին երկրպագել Աստծուն: «Դա անհավատալի էր: Ժպիտը չէր լքում մարդկանց: Այդ ընթացքում նրանք, նույնիսկ, ինչ-որ ուրիշ կերպ էին շփվում միմյանց հետ», - ասաց եկեղեցու հովիվը:
«Ինձ համար դա շատ կարևոր է: Այն ամենից հետո, ինչ կատարվեց, մենք այլևս նույնը չենք լինի: Եվ մենք պարզապես ուզում ենք շնորհակալություն հայտնել Աստծուն, որ եկեղեցիները բացվել են այս օրերին: Սա շատ կարևոր է. շնորհակալ եմ, Նախագահ Թրամփ, որ ընդունեցիք այս որոշումը՝ Աստծուն երկրպագելու», - մեկնաբանեց Կալիֆորնիայում գտնվող եկեղեցու այցելուներից մեկը:
«Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի իրականացնենք այն, ինչ կառավարությունը խնդրել է մեզ անել», - ասաց Տեխասի՝ Պալմհուրստ քաղաքում գտնվող «Հավատ» մկրտական եկեղեցու հովվի օգնականը: «Բայց մենք նաև ցանկանում ենք օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որոնք այժմ բացվում են մեր առջև»:
Ինչպես տեղեկացրել էինք, օրեր առաջ նախագահ Թրամփը բոլոր նահանգապետներին կոչ արեց թույլ տալ, որ եկեղեցիները բացվեն երկրպագության համար, բայց շատ նահանգներ դեռևս սահմանափակում են եկեղեցական ծառայությունները:
Նախագահն ասել է, որ երկրպագությունը անհրաժեշտ է, և որ եկեղեցիներին պետք է վերաբերվել այնպես, ինչպես մյուս կարևոր կազմակերպություններին: Հակառակ դեպքում, նախագահը սպառնացել է հեռացնել բոլոր նրանց, ովքեր չեն հետևում այս հրամանին:
Թարգմանեց Անուշ Վարդումյանը