Աղոթքի միջոցը երբեք չի դադարում գործել
«Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտումը, Տերը չէր լսի ինձ» (Սաղմոս 66.18):
Արվեստի մարդկանց շրջանում մեկ օր քննարկվում է հարցն այն մասին, թե ինչպես արագորեն վերականգնել ստեղծագործական ուժերը անկման շրջանից կամ ծանր վերապրումներից հետո: Առաջարկվում են տարբեր մեթոդներ, բայց մեծն ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդնը ասում է. «Իմ տանը կա մի փոքրիկ մատուռ: Երբ հոգնում եմ իմ աշխատանքից, ապա գնում եմ այնտեղ և աղոթում եմ: Այս միջոցը երբեք չի դադարում գործել»…
Պատմում են նաև երկաթգծի կայարանում աշխատող մի մեքենավարի մասին, ով միշտ գնացքը վարում էր առանց տեխնիկական որևէ խնդիրներ առաջացնելու: Մեկ օր, երբ նրան շնորհակալություն են հայտնում իր փայլուն աշխատանքի համար, նա բոլորին պատվիրում է Աստծուց գոհանալ, քանզի Նա է պաշտպանում իր գնացքը. «Երբ գնացք եմ բարձրանում,- ասում է նա,- միշտ ասում եմ. «Տե՛ր, սա Քո գնացքն է, Քո գործը, իսկ ես ընդամենը Քո ծառան եմ, ով աշխատում է Քեզ համար: Իմ ուղևորները Քեզ են պատկանում: Օգնիր ինձ հոգ տանել նրանց մասին»»:
Ամեն բան հնարավոր է դառնում քրիստոնյայի կյանքում աղոթքով, բայց երբեմն աղոթքը ասես ապարդյուն լինի: Մարդկային սիրտը մխիթարելու համար բավարար չեն աղոթքները, որոնք զուտ պաշտոնական են:
Եթե քրիստոնյան թույլ չի տալիս աղոթքին՝ քշելու մեղքն իր կյանքից, ապա մեղքը կգրավի աղոթքի տեղը նրա կյանքում: Նման լույսի և խավարի՝ աղոթքն ու մեղքը չեն կարող միասին գոյություն ունենալ: Գիտակցաբար ապաստան տալ մեղքին նույնն է, ինչ կտրել հեռագրի լարը: Մեքենան կարող է ձայն հանել, բայց ոչ մի հաղորդագրություն չի հասնի մյուս ծայրին: Մեղքը քանդում է երկնքի հետ մեր կապը: Եթե ձեր աղոթքները անհասանելի են, ապա «նորոգեք» կապի գիծը, վերանայեք Աստծո հետ հարաբերությունները և խնդրեք. «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, Ով Աստված, և ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում»:
Աղոթքը երբեք չպետք է գրավի երկրորդական տեղ: Երբ այն երկրորդական է դառնում, ապա կորցնում է իր զորությունը: Աղոթքի մարդկանց համար աղոթքը օդի, կերակուրի, լույսի նման է: Այն նրանց առօրյա կյանքի մի մասն է:
Պատմության մեջ տեսնում ենք, թե ինչպես աղոթքը բացում է ծովը, ստիպում ջուր հոսել ժայռի միջից, փակում է առյուծների երախը, կերակրում է հազարավոր մարդկանց, բժշկում հիվանդներին և հարուցանում մեռածներին: Այն սանձում է մարդկային կրքերը, տղամարդկանց և կանանց Աստծուն դարձնում, մխիթարում կոտրված սրտերը և ոգեշնչում թուլացածներին, հուսահատներին էլ լցնում նոր հույսով:
Այն, ինչ Աստված անում էր նախկինում, անում է նաև հիմա: Աղոթքի մեջ է մեր զորության գաղտնիքը:
Ոչինչ մեզ չի տալիս այնքան հստակ պատկերացում մեր սեփական անձերի և Քրիստոսի մասին, որքան ծածուկ աղոթքը: Ծածուկ աղոթքի սենյակը վայր է, որտեղ միանում ենք Երկնքի զորության հետ, ստանում զորություն՝ ապրելու հաղթանակած մեղքի հանդեպ:
Ն. Վորոնինա