Տարիներ առաջ, երբ ճամփորդում էի Արևելյան Եվրոպայի երկրներից մեկով, հանդիպեցի տարիքով մի մարդու, ով տարիներ շարունակ հավատի համար ազատազրկված էր եղել:

Բանտից ազատվելուց հետո նրա կյանքը մշտապես վտանգի տակ էր իր ծառայության պատճառով: Թեև այդ մարդը միշտ կանգնած էր մահվան սպառնալիքի առջև, բայց մաքուր ու հավատարիմ էր մնում Հիսուսին:

Այդ մարդը հասկանում էր աղոթքի էությունը: Բանտում նա գիտեր, որ թեև իր որդիներն առաջադեմ աշակերտներ են, բայց նրանց թույլ չի տրվի ուսումը շարունակել համալսարանում: Դպրոցն ավարտելուց հետո նրա ավագ որդին սկսեց աշխատել գործարանում:

Հայրն աղոթում էր բանտում: Մի օր գործարանի կոմունիստական կուսակցության ղեկավարն ասում է այդ տղային. «Դու մեծ պոտենցիալ ունես: Կարող էիր ավելի օգտակար լինել մեր ազգին, եթե համալսարանում սովորեիր: Ես կմիջնորդեմ, որ քեզ թույլ տան այնտեղ սովորել»: Որդին ոչ միայն շարունակեց ուսումը, այլև սովորեց աշխարհի ամենահայտնի համալսարաններից մեկում: Ներկայումս նա իր ժողովրդի ամենաառաջատար գիտնականներից մեկն է, նաև նվիրված քրիստոնյա: Այդ տարիների ընթացքում, հոր շարունակական աղոթքի շնորհիվ, բոլոր որդիներն էլ համալսարան ընդունվեցին:

Զարմանալի է, թե այս մարդու աղոթքներն ինչպես ազդեցին կառավարության որոշումների վրա: Արցունքներն աչքերին՝ նա ասաց. «Շատերը գալիս են մեր երկիր և ուզում են մեծ կրակ բոցավառել Աստծո համար, իսկ ես ուզում եմ ճիշտ հակառակը՝ այրվել Նրա կրակով՝ մոխրանալու աստիճան: Երբ մոխիր ես դառնում, տեսնում ես Աստծո փառքը»:

Հետո ավելացրեց. «Երբ ամբողջությամբ այրվեմ Աստծո կրակով, կտեսնեմ Նրա փառքը, հասկանո՞ւմ եք»:

Ուզում էի ասել՝ այո, բայց, գիտեք, նա ինձնից առավել էր հասկանում Աստծո սրբությունը: Նա ապրել էր աղոթքի այնպիսի խորունկ կյանք, որին ես փափագում էի:

Այդ բարեպաշտ մարդուն հանդիպելուց հետո հասկացա մի մեծ ճշմարտություն աղոթքի մասին՝ սրտի սրբությունն ու աղոթքի զորությունն անբաժանելի են: Աղոթող կյանքը Աստծո կամքին անմնացորդ հանձնված կյանքն է: Դա այն կյանքն է, որ ճանաչում է Աստծո մեծափառությունը և ընդունում Նրա թագավորությունը:

Այդ կյանքը աղոթելու զորություն ու իշխանություն ունի:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.