4 դաս կույր ընկերոջից
Ջորջ անունով մի լավ ընկեր ունեմ, ում ճանաչում եմ մոտավորապես 40 տարի։ Ես ու Ջորջը շատ ընդհանուր բաներ ունենք, բայց կա մի սարսափելի իրողություն, որով տարբերվում ենք՝ Ջորջը կույր է։
Որքան ավելի շատ ժամանակ եմ անցկացնում նրա հետ, այնքան շատ է Աստված օգտագործում այդ հարաբերությունները, որպեսզի բաց անի աչքերս և այս ընկած աշխարհում հայացքս ուղղի հոգևոր իրականության վրա։ Ես 4 բան եմ սովորել նրանից և ցանկանում եմ կիսվել ձեզ հետ.
1. Կույր մարդիկ գիտակցում են իրենց վիճակը
Ջորջը սկզբունքային և վճռական անձնավորություն է, ում կյանքի պատմությունը լի է համարձակությամբ և ձեռքբերումներով։ Դա պայմանավորված է նրանով, որ նա մերժողական կյանք չի ապրում։ Երիտասարդ հասակում նա պայքարում է այդ տխուր իրականության՝ կուրության դեմ և որոշում կայացնում լիարժեք ապրել՝ չնայելով այն հանգամանքին, որ չի կարողանում տեսնել։
Մյուս կողմից, հոգևորապես կույր մարդիկ չեն գիտակցում, չեն իմանում, որ կույր են կամ ապրում են՝ այդ ամենը ժխտելով։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե Ջորջը պնդեր, որ գերազանց տեսողություն ունի՝ անտեսելով իր գոյատևման համար անհրաժեշտ պարագաները։ Դա անիմաստ և անհեթեթ կլիներ։ Երբ մենք արհամարհում ենք կամ ժխտում մեր հոգևոր կուրությունը, հենց այսպես ենք վարվում։
2. Մենք երկու տեսակի աչքեր ունենք
Ֆիզիկական աչքերից ավելի կարևորն այն է, որ մենք ապրում ենք սրտի աչքերով։ Իմ ընկերը ֆիզիկապես կույր է, բայց հոգեպես շատ լավ տեսողություն ունի։ Ամեն օր Ջորջը վարժեցնում է այն հոգևոր ունակությունը, որն Աստված տալիս է իր զավակներին՝ տեսնել անտեսանելին։
Ես Ջորջից սովորել եմ, որ մեր կյանքը կախված է նրանից, թե ինչ են տեսնում մեր աչքերը։ Եթե դա ֆիզիկական աչքերի դեպքում է, ապա մի քանի անգամ ավելի՝ մեր սրտի աչքերի։ Ինչ որ դուք փնտրում եք ձեր սրտում կամ ինչին ձեր սրտի աչքերին թույլ եք տալիս նայել, արմատապես ազդում է ձեր ցանկությունների, ընտրությունների, խոսքերի և գործերի վրա։
3. Կույր մարդիկ ինքնուրույն չեն ապրում
Երբ Ջորջը հասկացավ, որ գործ ունի հաշմանդամության հետ, սիրով իր կյանքում ընդունեց մարդկանց, ովքեր ունեին գիտելիք, փորձառություն և կարող էին հոգ տանել իր մասին։ Հպարտ մեղավորների համար հեշտ չէ ապավինել ուրիշներին, բայց Ջորջը բաց արեց իրեն օգնության համար։
Հոգևորապես կույր մարդիկ նույնպես ունեն դրա կարիքը։ Իրականության լույսի ներքո ինքներս մեզ տեսնելը քրիստոնեական կյանքի պտուղն է։ Մեզ պետք են մարդիկ, ովքեր ոչ միայն կօգնեն տեսնել այն, ինչ ինքնուրույն չենք կարող տեսնել, այլև սիրո միջոցով կօգնեն հասկանալ, թե իրականում որքան կույր ենք։ Քանի դեռ մեղքը մնում է մեր կյանքում, մենք շարունակում ենք մնալ հոգևորապես կույրեր։
4. 100%-անոց տեսողությունը մոտ է
Եթե դուք գերազանց տեսողություն ունեք կամ ընդունելի (հաշվի առնելով ժամանակակից բժշկությունը), իսկապես չեք մտածում այն մասին, որ հավիտենությունը կարող է ազդել ֆիզիկական աչքերի վրա։ Բայց Ջորջը մտածում է։ Նա համբերատար սպասում է այն օրվան, երբ այլևս կույր չի լինի։
Միևնույն ժամանակ, պետք է հոգնել խաբեությունից և կուրության բերած կործանարար հետևանքներից։ Իմ ընկեր Ջորջի պես պետք է սպասենք այն օրվան, երբ մեր աչքերը 100%-անոց տեսողությամբ կզննեն Աստծո գեղեցկությունը։
Ես շատ բան եմ սովորել իմ կույր ընկերոջից և հույսով եմ, որ դուք նույնպես։ Ամենակարևորը, որ ես սովորել եմ, այն է, որ ես ավելի նման եմ նրան, քան կարծում էի, և դա փոխեց իմ կյանքը։
Աղբյուր՝ bogoblog.ru
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը