2019 թ.-ին ողջ աշխարհում բաշխվել է ավելի քան 300 միլիոն Աստվածաշունչ
Բաշխված Աստվածաշնչերի մեկ քառորդը թվային ձևաչափով էր: Ներբեռնված Սուրբ Գրություններն ամենաշատը եղել են իսպաներեն և պորտուգալերեն լեզուներով. հայտնում է evangelicalfocus.com-ը:
Համաձայն Սուրբ Գրքի Բաշխման զեկույցի՝ 2019 թվականին բաժանվել է 40 միլիոն ամբողջական Աստվածաշունչ, ինչը համարվում է ռեկորդ Աստվածաշնչի բաշխման պատմության մեջ:
Ավելին, բաշխված Նոր Կտակարանների քանակը հասել է 15 միլիոնի: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում բաժանվել է ավելի քան 315 միլիոն Սուրբ Գրություն։
2015 թվականից սկսած՝ աստվածաշնչյան ընկերությունները բաշխել են ընդհանուր 1,8 միլիարդ Սուրբ Գրություններ, այդ թվում ՝ 184 միլիոն ամբողջական Աստվածաշունչ:
«Հուսադրող է իմանալ, որ 2019 թ. դրությամբ միլիոնավոր մարդիկ կկարողանան ձեռք բերել Աստվածաշունչ այս տարի: Թող Աստծո Խոսքը հանգստություն և հույս ներշնչի այս դժվարին պահերին»,- ասաց աստվածաշնչյան ընկերությունների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Մայքլ Պերրոն:
3,7 միլիոնը բաժանվեց երեխաներին
Ըստ զեկույցի՝ 3,7 միլիոն Սուրբ Գիրք է բաշխվել ողջ աշխարհում՝ մշակված հատուկ երեխաների համար: Նրանց մեծ մասը (1,27) տարվել է Աֆրիկա, որտեղի բնակչության 40%-ը 15 տարեկանից ցածր է:
Աստվածաշնչյան ընկերությունները «նույնպես ջանքեր գործադրեցին Սուրբ Գիրքը ժեստերի լեզվով թարգմանելու և տարածելու համար: 2019 թ.-ին Սուրբ Գրային հատվածներ թարգմանվել են 29 ժեստերի լեզուներով, որոնք կիրառվում են 5,3 միլիոն համր մարդկանց կողմից»:
Թվային Աստվածաշնչերի ավելացում
Թվային Աստվածաշնչի ներբեռնումը երբևէ այսքան շատ չի եղել, որքան հիմա: 2019 թվականին բաշխված Աստվածաշնչի մեկ քառորդը թվային էր՝ համեմատած 2018 թվականի 17% -ի հետ:
Համացանցից ներբեռնվել է տաս միլիոն օրինակ: Ամենամեծ աճը տեղի է ունեցել Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:
Բացի այդ, ներբեռնված թվային Աստվածաշնչերի մեծ մասը իսպաներեն ու պորտուգալերեն լեզուներով էր: Առաջատարը Բրազիլիան է ՝ 1,8 միլիոն ներբեռնված Աստվածաշնչով:
2019 թվականին աստվածաշնչյան ընկերությունները անցկացրին դասընթացներ ավելի քան 20 երկրներում՝ 165,000 մարդկանց և բաժանեցին ավելի քան 4,5 միլիոն Սուրբ Գրային թռուցիկներ նոր ընթերցողների համար:
Այժմ աշխարհում 148 աստվածաշնչյան հասարակություն կա: Ըստ Գրությունների Բաշխման համաշխարհային վիճակագրության՝ հաշվի են առնվել միայն այն հրատարակիչների և կազմակերպությունների քանակը, որոնք պատկանում են համաշխարհային ասոցիացիային:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը