Այսօր մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է շատ զգոն լինի, որպեսզի չընկնի անհոգության մեջ: Եթե մի փոքր անգամ անհոգ լինենք մեր առօրյայի նկատմամբ, կտեսնենք՝ ինչպես է մեր կյանքը պարզապես հոսում ու անցնում: Հակառակորդը ստեղծել է բազմաթիվ պայմաններ, և եթե մենք թույլ տանք, այդ ամենը հեշտությամբ կխլի մեր ժամանակը, այն թանկագին օրերը, րոպեները, որոնց համար Աստված հիանալի ծրագիր ունի: Սակայն երբ սկսենք նայել աշխարհին Տիրոջ աչքերով, կտեսնենք, որ մարդիկ ունեն մեր կարիքը, մեր սիրո, խնամքի և ծառայության կարիքը:

«Արդ, որդեակնե՛րս, անհոգություն մի՛ արեք, որովհետև Տերը ձեզ ընտրեց, որ Նրա առաջը կանգնեք՝ Նրան ծառայելու համար» (Բ Մնացորդաց 29.11):

Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում կարող է գալ այս անհոգության շրջանն անգամ այն ժամանակ, երբ նա շարունակում է անել այն, ինչ անում էր նախկինում, շարունակում է ծառայել նույն կերպ ՝ առանց հասկանալու, որ այդ ամենն անում է անհոգությամբ: Երբեմն մենք սկսում ենք անգամ մեր ծառայությունները դարձնել սովորական պարտականություններ, որ անում ենք, ինչպես մյուս աշխատանքները: Բայց թույլ մի՛ տուր Տիրոջը ծառայելը քեզ համար դառնա սովորական պարտականություն: Տերն ընտրել է քեզ ծառայելու համար, նայի՛ր շուրջդ. ընտանիքում, ընկերներիդ մեջ, ուսման և աշխատանքի վայրում որքան մարդիկ կան, որ քո ծառայության կարիքն ունեն: Մի՛ սպասիր, որ գա ծառայությանդ օրը և ժամը, դու այնքան բան կարող ես անել հենց այն վայրում, որտեղ կանչված ես, որտեղ այդ պահին գտնվում ես: Երբեք թույլ մի՛ տուր հակառակորդին խաբել քեզ և անհոգություն բերել, մի պահ մտածիր՝ կտեսնե՞ս քեզ հարազատ մարդկանց երկնքում, եթե Տերը հիմա վերադառնա. չէ՞ որ դու չգիտես ժամանակները, և ոչ ոք չգիտի:

Հակառակորդի ստերից մեկն էլ այն է, որ դու չունես բավարար կարողություն, գուցե գիտելիքներ, հավատք, խոսելու ունակություն: Այսպես կարող ենք շարունակել այս ցանկը: Բայց կանգ ա՛ռ և փակի՛ր ականջդ այս ստերի առջև, լսի՛ր, թե ի՞նչ է ասում Տերը, և սկսի՛ր գործել. «...Որովհետև մեկ հատ էր նա, որ Ես կանչեցի, բայց Ես նրան օրհնեցի և նրան բազմացրի» (Եսայի 51.2-3):

Գուցե, երբ Տերը մեզ կանչում է, մեր ունեցածը, մեր կարողությունը մեզ քիչ է թվում այդ կանչին արձագանքելու համար, բայց Տերն ասում է՝ մեկ հատ էր նրանը Իմ կանչելու ժամանակ, բայց Ես բազմացրի: Տիրոջը բավական է մեր մեկ հատ հոժարությունը, մեր փոքր կարողությունը, միայն թե արձագանքենք այդ կանչին, և Նա կօրհնի, կառաջնորդի ու կբազմացնի:

Օրերն անցնում են, մեր կյանքն անցնում է, ու Տիրոջ գալուստն օր օրի ավելի է մոտենում: Մի՛ մտիր անհոգության քնի մեջ, զարթնի՛ր, ո՛վ քրիստոնյա, դու կանչված ես, որ ծառայես, որ քո միջոցով փրկվեն մարդիկ, ու երկինքը ցնծա: Կյանքիդ նայի՛ր հավատքի աչքերով, Տերը շատ ավելին կարող է անել քո միջոցով, քան երբևէ կարող ես պատկերացնել, միայն թույլ տուր, որովհետև.«..քամիին մտիկ անողը, սերմը չի ցանիլ» (Ժողովող 11.4):

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.