Զգույշ կացեք ձեր անձերին և հոտին. Նախազգուշացումներ եկեղեցու համար
Երուսաղեմ գնալիս Պողոս առաքյալը կանգ առավ Եփեսոսում, որտեղ նա հանդիպում կազմակերպեց եկեղեցու բոլոր առաջնորդների հետ: Նա Եփեսոսի հավատացյալներին ասաց. «Եւ հիմա ահա ես գիտեմ, որ իմ երեսն այլ եւս չէք տեսնիլ դուք ամենքդ, որ ձեր մէջը ման եկայ Աստուծոյ արքայութիւնը քարոզելով»: Գործք 20.25։
Եփեսացիներին ուղղված իր վերջին նամակում Պողոսն, ըստ էության, ասաց. «Ես եղել եմ ձեր կողքին, և դուք գիտեք, թե Ում համար եմ գործում։ Ես ձեզ ծառայել եմ խոնարհությամբ և արցունքներով: Ես քարոզել եմ ձեր եկեղեցում և տնից տուն ՝ իրականացնելով այդ ամենը մեծ փորձություններով և հետապնդումներով: Եվ ես ձեզնից ոչինչ չեմ թաքցրել»:
Ապա արցունքներով նա նրանց փոխանցեց այս սթափեցնող նախազգուշացումը. «Սորա համար արթուն կացէք, յիշելով որ երեք տարի գիշեր եւ ցերեկ չ’դադարեցի ամեն մէկիդ արտասուքով խրատելու»: Գործք 20.31:
Ի՞նչ էր կանխատեսում Պողոսը: Կարճ ասած՝ նրա նախազգուշացումները եկեղեցու դռներից դուրս տեղի ունեցող քաոսի մասին չէին, այլ՝ Աստծո տանը հասնող արհավիրքի: Նա նախազգուշացրեց եփեսացիներին գալիք «հեղեղի» մասին, որը խաբեբաների ձեռքով հարվածելու էր ծառայությանը, հովիվներին։
«Արդ զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրաւ, որ արածեցնէք Աստուծոյ եկեղեցին, որ իր արիւնովն ստացաւ» (Գործք 20.28): Այլ կերպ ասած՝ «եպիսկոպոսները, երեցները, առաջնորդները կերակրում են ձեր հոտերին Աստծո զուլալ Խոսքով: Գայլերն ու խաբեբաները գալիս են հետապնդելու թույլ ոչխարներին»: Պողոսի սրտացավությունը հետևյալն էր. «Հովիվնե՛ր, զգույշ եղե՛ք: Հետևե՛ք ձեզ ու ձեր ժողովրդին»:
Պողոսն այս մարդկանց ասում է. «Որովհետեւ ես ետ չ’քաշուեցայ Աստուծոյ բոլոր կամքը ձեզ պատմելուց» (Գործք 20.27): Ո՞րն է Աստծո սրտի ողջ խորհուրդը: Կարճ ասած՝ այն իր մեջ ներառում է սուրբգրության ամբողջությունը և ոչ միայն օրհնությունները: Այն ներառում է մեղքի նկատմամբ աստվածային վշտի, ապաշխարության, ձեր՝ խաչը վերցնելու, ինքնազոհաբերման կյանքի և աշխարհից տարանջատման ուղերձը:
Սիրելինե՛ր, որպես մեկը ոչխարներից, վստահ եղե՛ք, որ դուք գտնվում եք իսկական հովվի «հոտի» մեջ, ոչ թե մեկի, ով պարզապես ցանկանում է, որ դուք ձեզ լավ զգաք: Ձեր սրտում փափագ ունեցե՛ք լինելու այնպիսի Աստծո ծառա, ով անվախ է, սուրբ և անձնուրաց՝ պատրաստ լինելու հաղթողների մարմնի մի մասնիկը, որ հարություն է առնելու վերջին օրերում:
Հեղինակ՝ Դեյվիդ Ուիլքերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը