Յուրաքանչյուր քրիստոնյայի պարտականությունը. աղոթք երկրի համար
Աստվածաշնչում Աստծո բազում ծառաներն են աղոթել Իսրայելի ժողովրդի համար, այդ թվում՝ Մովսեսը, Դավիթը, Սողոմոնը, Դանիելը, Նեէմիան, Եզրասը, Պողոսը և այլ աստվածաշնչյան հերոսներ:
Հենց Աստվածաշունչն է բացահայտում մեզ համար սկզբունքներ՝ ինչպես պետք է բարեխոսենք մեր երկրի համար, որ մեր աղոթքը արդյունավետ լինի: Ահա մի քանիսը այդ աստվածաշնչյան սկզբունքներից.
- Աստծուն համագործակցող մարդիկ են անհրաժեշտ:
«Երկինքների երկինքը Տիրոջն է, և նա երկիրը մարդկանց որդիներին տվավ» (Սաղմոս 115.16):
«Եվ ես նրանցից մարդ որոնեցի պարիսպը շինող և խրամատության առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նրան չապականեմ. բայց չգտա» (Եզեկիել 22.30): Աստված կարող է չգտնել երկրի վրա Իր ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ մարդիկ: Այս մասին գրված է նաև Եսայի մարգարեի թղթում՝ «Եվ տեսավ, որ մարդ չկար, և զարմացավ որ միջնորդ չկար» (Եսայի 59.16):
Աստծո ծրագրերում մարդու կարևոր դերի մասին նաև մեզ ցույց է տալիս Ծննդոց գիրքը, երբ Աբրահամը բարեխոսում է Սոդոմի համար (Ծննդոց 18.23-32). «Եվ ասեց (Աբրահամը). Տերը չբարկանա, և միայն այս անգամ էլ խոսեմ. գուցե այնտեղ տասը գտնվեն։ Եվ ասեց (Աստված). այն տասնի համար էլ չեմ կորցնի»:
Աստվածաշնչյան այս սկզբունքը հայտնի է նաև սոցիոլոգիայի մեջ. հասարակության մեջ էական բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է մարդկանց նվազագույն քանակ, ովքեր գաղափարներ կրողներ կլինեն և կկարողանան փոխել հասարակությունը: Սոդոմը փրկելու համար Աստծուն քիչ քանակով մարդ էր հարկավոր, սակայն նա այդպես էլ չգտավ նրանց:
Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենան արդար մարդիկ, որ Աստված փրկի նրանց երկիրը: Նրանք պետք է իմանան Աստծո տեսիլքը իրենց երկրի համար, պատրաստ լինեն նվիրելու իրենց անձերը՝ այդ տեսիլքի իրականացման համար: Կա՞ն արդյոք այսօր այդ քչաթիվ մարդիկ՝ արդարները, Աստծո զավակները, ովքեր Աստծո տեսիլքի կրողներն են և ովքեր պատրաստ են տալու իրենց կյանքը, իրենց աշխատանքը, իրենց ուժերը՝ Աստծո երազանքի իրականացման համար:
2. Միաբանությունն աղոթքի մեջ՝ աղոթքի արդյունավետության երաշխիքն է:
«Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորիցը, որ երկնքումն է» (Մաթևոս 18.19):
Եկեղեցու աղոթքը զորություն ունի, երբ կատարվում է համաձայնության ու միաբանության մեջ:
3. Աղոթք՝ համաձայն Աստծո կամքի:
Աստծո առաջին պատվիրանները, որ Նա տալիս էր իր ժողովրդին, այսպես էին սկսվում. «Լսի՛ր Իսրայել…»:
Աղոթքի գլխավոր նպատակներից մեկը լսելն է, թե ինչպիսին է Աստծո կամքը: Քրիստոնեական աղոթքի նպատակն Աստծուն մի բանում համոզելու մեջ չէ: Մեր նպատակն է՝ փոխել ինքներս մեզ, ավելի ճիշտ գիտակցել Աստծո կամքը և հռչակել. «Թող քո կամքը լինի, ինչպես երկնքում՝ այնպես էլ երկրի վրա»:
Իսկ Նրա կամքը «խաղաղության խորհուրդներ»-ն են «…ոչ թե չարության», որ Նա «…տա մեզ ապագան և հույսը»:
Այն հավատքը, որ Աստված հավանել էր Աբրահամի մեջ («Եվ նա հավատաց Եհովային, և նա նրա համար արդարություն համարեց այս» (Ծննդոց 15.6)), ոչ թե պարզապես կամքի ուժն էր կամ կասկածների բացակայությունը Աստծո խոստման նկատմամբ, այլ Աբրահամի կողմից իր ցանկությունները Աստծո ցանկություններին նույնացնելն էր:
Աբրահամը երազում էր այն, ինչ վաղուց Աստված էր երազում՝ Ճշմարտության և արդարության սկզբունքներով ապրող ժողովուրդ: Աստված, վերջիվերջո, գտնում է մարդու, ով իր ցանկությամբ կյանքը նվիրում է Աստծո ցանկության իրականացմանը:
Ցավոք, հիմա ավելի, քան Աստծո Խոսքը, մեզ ձևավորում է մշակույթը, որում ապրում ենք, և որը մտնում է ու հաստատուն տեղ գտնում մեր կյանքի ամեն բանգավառում:
Հիսուսի խոսքերը, որ մենք այս երկրից չենք, չեն նշանակում, որ մեզ պարզապես չեն հետաքրքրում երկրի գործերը, այլ այս խոսքն ավելի շատ մեր մտքին է վերաբերում, մեր տեսակետներին, մեր արժեքներին և առաջնահերթություններին: Ապրելով Աստծո Արքայության մեջ՝ հենց այդտեղից պետք է վերցնենք մեր չափանիշները մեր կյանքի տարբեր բնագավառների համար: Եվ չնայած, որ այս աշխարհից չենք, բայց ուղարկված ենք այս աշխարհ:
4. Աղոթքի մեջ պետք է նույնանանք մեր ժողովրդի հետ:
Քահանայի սկզբունքներից մեկն է միաժամանակ լինել Աստծո առջև իր ժողովրդի ներկայացուցիչը և ժողովրդի առջև Աստծո ներկայացուցիչը. «Մենք թագավորական քահանայություն ենք»:
Իրենց աղոթքներում Եզրասը, Նեէմիան և Դանիելը միշտ ցանկացած հանգամանքների դեպքում իրենց նույնացնում էին իրենց ժողովրդի հետ. «Եվ աղոթեցի իմ Տեր Աստծուն և խոստովանվեցա ու ասացի. օհ, Տեր, մեծ Աստված և ահավոր, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողներին և պատվիրանքներդ պահողներին:
Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք և ամբարիշտ եղանք ու ապստամբվեցինք և խոտորեցինք քո պատվիրանքներիցն ու իրավունքներիցը:
Եվ չլսեցինք քո ծառաներին՝ մարգարեներին, որոնք խոսեցին քո անունովը մեր թագավորների, մեր իշխանների և մեր հայրերի հետ և երկրի բոլոր ժողովրդի հետ» (Դանիել 9.4-6): Չնայած որ Դանիելն ինքը երբեք այս մեղքը չէր գործել, նա քահանային վայել կերպով աղոթքի մեջ Տիրոջ առջև է բերում իր ժողովրդին՝ չառանձնացնելով իրեն նրանցից: Նա նույնացնում է իրեն իր ժողովրդի հետ:
5. Իրերը պետք է իրենց անուններով կոչել:
Հիսուսի արյունը մաքրում է մեզ մեր մեղքերից միայն մեկ դեպքում՝ եթե մենք խոստովանում ենք մեր մեղքերը՝ (Հովհաննես 1.9):
Եթե եկել եք բժշկի մոտ և չեք ասում, թե որն է ձեր ցավոտ տեղը, նա չի կարող օգնել ձեզ: Պետք է խոստովանենք Աստծո առջև մեր ազգի մեղքերը, մեր բացթողումները և թուլությունները: Հանուն ճշմարտության անենք այս բանը, ոչ թե քննադատելով ու բացասական տրամադրվածությամբ լցված:
6. Ամեն ինչին պետք է նայենք Հիսուս Քրիստոսի արյան միջոցով:
«Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան: Եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան» (Եսայի 1.18): Հիսուս Քրիստոսի արյունը կարող է հրաշքներ գործել ոչ միայն անհատների կյանքերում, այլև ողջ ժողովրդի մեջ: Անեծքը կարող է օրհնության վերածվել: Եվ այդ զորությունը կա միայն Քրիստոսի արյան մեջ, Նրա զոհի մեջ և Նրա հարության մեջ:
Քրիստոնեական արթնությունների պատմությունները մեզ համար ոգեշնչող օրինակներ կարող են լինել: Այսպիսի մի օրինակ է Շվեյցարիան: Մինչև 16-րդ դարն այստեղ ապրում էր վարձու զինվորներից բաղկացած մի ժողովուրդ, որը հանուն փողի կռվում էր օտար հողերում և օտարի համար: Սա իրական անեծք էր, երբ մայրերը որդիներ էին ծնում, որ նրանք մահանային օտար երկրների պատերազմներում:
Սակայն ամեն բան փոխվեց 16-րդ դարում կատարված Ռեֆորմացիայից հետո: Հենց այս ժամանակ այս տարածաշրջանը մեծ արթնություն վերապրեց և դարձավ օրինակ ողջ աշխարհի համար: Շվեյցարիան մասնակցություն չի ունեցել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ համաշխարհային պատերազմներում:
7. Աղոթելիս պետք է պատրաստ լինենք գործելու:
Աղոթքը Տիրոջ առաջ զորավոր չի լինի, եթե մենք պատրաստ չլինենք գործելու՝ համապատասխան մեր աղոթքների: Աղոթքի մեջ ամենակարևորը լսելն է, թե որն է Աստծո կամքը, «ամեն» ասելը և պատրաստ լինելը գործելու:
Յարոսլավ Լուկասիկ