Վստահելով Աստծուն խավարի օրերին
«Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը, այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը և իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայի 55.8-9):
Աստված չի խոստացել պաշտպանել ձեզ ցանկացած տեսակի ցավից հիմա և այստեղ: Նա չափից շատ է սիրում ձեզ: Նա չափից շատ է հոգ տանում ձեր մասին, որ պահի ձեզ ամեն տեսակ ցավից ու փորձություններից: Նա ամեն ցավի մեջ, ամեն տառապանքի մեջ, ամեն դժվարության մեջ բացում է Իր նպատակները՝ հանուն ձեր հավիտենական բարօրության: Նա գործում է ամեն ինչում և անգամ տառապանքի մեջ՝ հանուն ձեր վերջնական ուրախության:
Մարդկային սպասումներ
Հիսուսը հարցնում է Իր աշակերտներին, թե մարդիկ ո՞վ են համարում Իրեն: Պատասխան ստանալուց հետո Նա նույն հարցն աշակերտներին է տալիս. «դո՞ւք ինձ համար ով եք ասում, թե լինեմ»: Հիսուսը վերադառնում էր Երուսաղեմ Իր կոչումը կատարելու համար, և ճանապարհին աշակերտներին պատրաստում էր սպասվող ցնցող ապագային:
Ի պատասխան՝ Պետրոսը առաջ է գալիս ու ասում բոլոր 12-ի կողմից. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին» (Մաթևոս 16.16): Նրա պատասխանը ճշմարիտ էր: Բայց դա նրա արժանիքը չէր, այլ Աստծո պարգևը. «… որովհետև մարմինը և արյունը չհայտնեց քեզ, բայց իմ Հայրը, որ երկնքումն է»,- ասում է Հիսուսը:
Ավելի ուշ Պետրոսը և մնացած աշակերտները հասկացան այդ ամենը, բայց ամեն դեպքում՝ նրանց առջև մեծ արգելք կար: Ամեն բան դեռ պետք էր շրջվեր գլխիվայր: Նրանք ունեին մարդկային սպասումներ այն մասին, որ Քրիստոսը կհաղթի թշնամիներին և կգա Իր փառքի մեջ: Այս պատճառով էր, որ Հիսուսը պետք է սկսեր խարխլել նրանց մարդկային ճանապարհներն ու մտքերը: Եվ Նա հայտարարում է, որ «պետք է նրան Երուսաղեմ գնալ և ծերերիցն ու քահանայապետներիցը և դպիրներիցը շատ չարչարանքով չարչարվել, սպանվել և երրորդ օրը հարություն առնել» (Մաթևոս 16.21):
Այդժամ Պետրոսը, հավանաբար, իր տված ճիշտ պատասխանից ու գովասանքից ստացած վստահությամբ լցված, Հիսուսին մի կողմ տանելով՝ նրան հանդիմանելով ասում է. «Քավ լիցի քեզ, Տե՛ր, այդ չլինի քեզ»: Հիսուսն էլ, Պետրոսին դառնալով, ասում է. «Հետս գնա, սատանա, դու գայթակղություն ես ինձ, որովհետև դու միտք չես անում Աստծո, այլ մարդկանց բաները»:
Բարձր են մեր խորհուրդներիցը
Պետրոսն ու աշակերտները, գուցե, ճիշտ ու հստակ ձևով ասում էին, որ Հիսուսը Քրիստոսն է, բայց նրանք դեռևս չէին հասկանում, թե ինչ է դա իրականում նշանակում Աստծո տեսանկյունից: Նրանք մարդկայնորեն էին խորհում, ոչ թե աստվածավայել ձևով: Հիսուսն իսկապես Քրիստոսն էր, բայց Նա խաչվելու էր: Նա հաղթելու և վերադառնալու էր Իր փառքով: Բայց հաղթանակի այդ ճանապարհին Նա թույլ պիտի տար դեռ հաղթել Իրեն: Նա դեռ պիտի անցներ տառապանքի ու ամոթի ճանապարհով:
Պետրոսի հասկացողությունը, որ հիմնվում է մարդկային հայացքի վրա, հետևյալն է. Հիսուսը՝ Քրիստոսն է, այդ պատճառով Նա չի մահանա, և մենք հաղթողներ կլինենք Նրա հետ միասին: Իսկ Հիսուսի խորհուրդները, որոնք էլ Նա քիչ-քիչ փորձում է բացել աշակերտներին, կենտրոնանում են աստվածայինի վրա:
Պետրոսը սխալ չէր վերջինի մասին իր պատկերացումներում (փառք ու պատիվ), բայց ճիշտ չէր դրանց հասնելու միջոցների վերաբերյալ: Նա դեռևս մարմնավոր ձևով էր մտածում: Նա իր միտքը մարդկայինի վրա էր կենտրոնացնում: Նա լի էր մարդկային սպասումներով: Եվ նույնը կատարվում է Աստծո ժողովրդի հետ սկզբում:
Ուրախություն դժվարություններում
Մարդկային սպասումները սահմանափակում են մեզ, մենք, ասես, գտնվենք թակարդի մեջ: Բայց Աստված դեռևս դարեր առաջ Եսայի մարգարեի միջոցով հռչակել է. «Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը, այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը և իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայի 55.8-9):
Մեր սեփական ճանապարհներին ու խորհուրդներին տրվելով՝ մենք երբեք չենք կարողանա մեր խավար օրերը ընկալել՝ որպես ժամանակ, որում կարող ենք լցված լինել խաղաղությամբ: Մենք երբեք չենք կարողանա տեսնել անապատը՝ որպես վայր, որում կարող ենք կյանք ստանալ: Մենք երբեք չենք կարող մեր դժվարությունների մեջ տեսնել հնարավորություն՝ գերբնական ուրախություն վերապրելու:
Բայց Աստծո ճանապարհները և խորհուրդները մեր խորհուրդներից բարձր են: Նա վերցնում է մեր ցավը և տառապանքները, որոնք մենք երբեք չենք ընտրում մեզ համար, և ոչ պարզապես դրանց հակառակ, այլ շնորհիվ դրանց՝ Նա մեզ դարձնում է ավելի նման Իր Որդուն, Ով ընդունել է իր ամենախավար օրը, անապատն ու տառապանքները Խաչի վրա՝ հանուն մեր հավիտենական փրկության:
Նշանակություն չունի, թե որքան թշնամիներ կան մեր շուրջը հիմա. հաստատ է, որ եթե մնանք Աստծո հետ ու հետևենք Նրան, մեկ օր կտեսնենք նրանց փախչելիս: Կարևոր չէ, թե որքան անխուսափելի է թվում պարտությունը, մենք կտեսնենք հաղթանակի գալը: Ահա թե ինչ մենք հաստատապես գիտենք. Աստծո ճանապարհները վեր են մեր ճանապարհներից, իսկ մեր ամենադժվար պահին՝ այստեղ և հիմա, Հիսուսը մեզ հուսախաբ չի անի:
Դեյվիդ Մեթիս