Որպես քրիստոնյա՝ ինչպիսին եմ ուզում լինել ես
«Ուստի ձեզ ասում եմ. Հոգով քայլեցե՛ք, և մարմնավորի ցանկությունը չեք կատարի» (Գաղատացիս 5.16)։
Պողոս առաքյալն այս նամակը գրում է Գաղատիայի եկեղեցուն իր 2-րդ միսիոներական ճանապարհորդության ընթացքում։ Նա բավականին հիասթափված էր, քանի որ շատ հավատացյալներ կաղում էին իրենց հավատքի մեջ։
Գաղատացիներին ուղղված 5-րդ գլխում նա հիշեցնում է, որ Քրիստոսը մահացավ, որ այդպիսով նրանք ազատ լինեն. ազատ լինեն ոչ թե մեղք գործելու մեջ, այլ՝ մեղք գործելուց։
Պողոսը խոսում է նաև հոգևոր պատերազմի մասին՝ մարմնավոր և հոգևոր ցանկությունների միջև։ Ինչպե՞ս քայլել հոգով և ոչ թե մարմնավոր ցանկություններով. «Որովհետև մարմնավոր բնույթը Հոգուն հակառակ է ցանկանում, Հոգին էլ՝ մարմնավորին, և սրանք միմյանց հակառակ են. Այնպես որ, չեք կարող անել այն, ինչ կցանկանայիք» (Գաղատացիս 5.17)։
Ես մարմանավորապես եմ քայլում, երբ մտածում եմ ավելի շատ՝ իմ, քան՝ մյուսների համար։ Երբ ցանկանում եմ լինել առաջինը, ամենալավը, ունենալ ամենաշատը, լինել ղեկավարը, ամենքին ասել, թե իրենց ինչպես պետք է դրսևորեն կամ պահանջել ականավոր դիրք սեփական անձի նկատմամբ։ Բայց կքայլեմ Հոգով, եթե խոնարհեցնեմ իմ անձն Աստծո առաջ, փնտրեմ նաև ուրիշների շահը, հարգեմ դիմացինին ավելի, քան իմ անձը, ծառայեմ ուրիշներին և կյանքս դնեմ հանուն Քրիստոսի ավետարանի։
Երբ ես քայլում եմ Հոգով, իմ կյանքը պետք է արտացոլի Հիսուսի հատկանիշները։ Դա հենց այն Ես-ն է, որ ուզում եմ լինել։ Ես կունենամ Նրա Հոգու պտուղները և կընտրեմ այնպիսի պատասխաններ, մտքեր ու մոտեցումներ, որ ցույց կտան Աստծո զորությունն ու գործն իմ կյանքում։
Պողոսը գրում է. «Եվ նրանք, որ Քրիսոսինն են, մարմնավորը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով մեկտեղ։ Եթե Հոգով ենք ապրում, եկե՛ք նույնպես և Հոգով քայլենք» (Գաղատացիս 5.24-25)։
Եթե ես ուզում եմ ունենալ Աստծո զորության լիությունը, կարիք ունեմ ապավինել Նրա Հոգուն՝ որպես իմ օգնական, մխիթարիչ և խորհրդատու, ով կառաջնորդի ինձ ճշմարտության մեջ։ «Արդ, հույսի Աստվածը թող ձեզ ամենայն բերկրությամբ ու խաղաղությամբ լցնի՝ ձեր հավատալով, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք» (Հռոմեացիս 15.13)։
Պատկերացրեք՝ ինչպիսին կլինեն մեր կյանքերը, ընտանիքները, եկեղեցիներն ու համայնքները, երբ ես և դու հրավիրենք Սուրբ Հոգուն մեր մեջ՝ պատրաստելու մեզ մեր ամենօրյա հոգևոր պատերազմին։ Այսպիսով, աշխարհն անկասկած կունենա գեղեցիկ, կենսունակ և զորավոր հավատքի պատկեր։
Գվեն Սմիթ
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը