Ինչպիսի՞ «Ավետարան» է քարոզում քո կյանքը
«Ոչինչ ավելի շատ չի նյարդայնացնում, քան լավ օրինակը»։ Մարկ Տվեն
Մեզանից յուրաքանչյուրն օրինակ է ծառայում՝ կա՛մ լավ, կա՛մ վատ։ Դուր է գալիս մեզ, թե՝ ոչ, ամեն մեկս, ինչ որ առումով, օրինակ ենք հանդիսանում։ Կարծում եմ, որ եկեղեցում ևս կան մարդիկ, ովքեր ձևանում են այնպիսին, ինչպիսին իրականում չեն։ Այնուամենայնիվ, եթե դուք քրիստոնյա եք, հնարավոր է, որ հանդիսանաք միակ Աստվածաշունչը, որ երբևէ կկարդան շատերը։ Պարտադիր չէ, որ նրանք ձեր մեջ բառացիորեն կարդան «գրությունը», բայց նրանք հետևում են, թե ինչպես եք դուք ապրում, ինչպես եք վերաբերվում ձեր աշխատանքին և կատարում այն։ Նրանք հետևում են, թե ինչպես եք վարվում՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ և դրանից է կախված նրանց վերաբերմունքն Աստծո նկատմամբ։
Պողոս առաքյալը Կորնթոսի հավատացյալներին գրել է.
«Մեր թուղթը դուք եք՝ մեր սրտերում գրված, բոլոր մարդկանց կողմից ճանաչված և կարդացված» (2 Կորնթացիներին 3.2)։
Իսկ Փիլիպպեցիներին ուղղված թղթում Պողոսը ներկայցնում է քրիստոնեական կյանքի ամենահամառոտ և հիմնավոր ակնարկներից մեկը, որը ցույց է տալիս, թե իրականում ինչքան կարևոր է լավ օրինակը։ Նա գրում է.
«Հետևաբար, իմ սիրելինե՛ր, ինչպես միշտ հնազանդ եք եղել, ոչ միայն իմ ներկայությամբ, այլ առավել ևս հիմա՝ իմ բացակայությամբ, ահով ու դողով գործադրեք ձեր փրկությունը, որովհետև և՛ կամենալը, և՛ կատարելը Աստված Ինքն է, որ գործում է ձեր մեջ՝ Իր բարեհաճության համաձայն։ Ամեն ինչ արեք առանց տրտունջների և վիճաբանությունների, որ լինեք անարատ և անվնաս, Աստծո որդիներ, անմեղադրելի՝ այս ծուռ ու խոտորյալ սերնդի մեջ, որոնց մեջ լուսատուների պես փայլեցե՛ք աշխարհում, կյանքի Խոսքն ամուր պահելով, որպեսզի ես ուրախանամ Քրիստոսի օրը, որ իզուր չեմ վազել, ո՛չ էլ իզուր եմ աշխատել» (Փիլիպպեցիներին 2.12-16)։
Պողոս առաքյալի և այս եկեղեցու հավատացյալների միջև յուրահատուկ կապ կար։ Նա սիրում էր նրանց, և նրանք սիրում էին նրան։ Երբ Պողոսը գրում էր այս նամակը, նրանք, իսկապես, տառապում էին այն պատճառով, որ նա իրենց մեջ լինելու փոխարեն, բանտում էր գտնվում։ Այսպիսով, Պողոսը քաջալերում էր նրանց, որ անկախ իր բացակայությունից, նրանք շարունակեն իրենց գործը, չշեղվեն ճանապարհից և Աստծո հետ առաջ գնան։
Որոշ մարդիկ հետաքրքրված են լինում Աստծո խոսքով, երբ գտնվում են օծյալ քրիստոնյաների մեջ։ Սակայն երբ հեռանում են քրիստոնյաների շրջանից, աշխարհն իսկույն քաշում է նրանց։ Այսպես լինում է, քանի որ նրանք չեն ունենում սեփական հիմքերն Աստծո մեջ։ Նրանք սնվում են ուրիշների՝ Աստծո հետ ունեցած հարաբերություններով։ Այսպիսի դրվագ նկարագրվում է Ծննդոց գրքում. Աբրահամը հզոր հավատք ուներ և քայլում էր Աստծո հետ, իսկ նրա եղբորորդի Ղովտը, կարելի է ասել, քայլում էր Աբրահամի հետ։ Աբրահամի կողքին Ղովտը զորավոր էր հավատքի մեջ, բայց Աբրահամից հեռանալուն պես, մոլորվում էր աշխարհի ճանապարհներում։ Ղովտի խնդիրը նրանում էր կայանում, որ նա անձնական փոխհարաբերություն չուներ Աստծո հետ։
Նույնը կարելի է ասել իսրայելացիների մասին, որոնք Մովսեսի բացակայության ժամանակ դիմեցին կռապաշտության։ Մովսեսի միջոցով նրանք ազատվեցին ստրկությունից, բայց երբ խոստացված երկիր գնալու ճանապարհին Աստված Մովսեսին հրամայեց պատվիրանները ստանալու համար Սինա լեռը բարձրանալ, մարդիկ գնացին Ահարոնի մոտ և ասացին, որ ցանկանում են ոսկե հորթ պատրաստել։ Զարմանալիորեն Աստծո տված պատվիրաններում գրված էր. «Բացի Ինձանից ուրիշ աստվածներ չունենաս։
Քեզ համար կուռք չշինես. ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, ո՛չ երկրի խորքերում՝ ջրերում եղած որևէ բանի նմանությամբ» (Ելից 20.3-4)։
Ես կարծում եմ, որ Մովսեսը նրանց առաջին կուռքն էր, իսկ ոսկե հորթն՝ երկրորդը։ Այլ կերպ ասած, երբ Մովսեսը նրանց հետ էր, նրանք քայլում էին Աստծո հետ։ Երբ Մովսեսը հեռացավ, իրենց հավատքի ուղղությունը փոխեցին։
Դուք կարող եք կուռք դարձնել ցանկացած մեկին, ում Աստված օգտագործում է ձեր կյանքում, և Աստծո հետ ձեր խոխհարաբերությունը կախված է նրանից, բայց դա մեծագույն սխալ է։ Աստված ցանկանում է, որ մենք կենտրոնանանք Իր վրա։ Մարդիկ կդավաճանեն, կհիասթափեցնեն։
Խոսելով Մովսեսի մասին՝ հատկանշական է, որ մեկ մարդու բարեպաշտ կյանքի և անձնական սկզբունքայնության շնորհիվ, 2.5 միլիոն մարդ հրաժարվեց կռապաշտությունից։ Սա լավ օրինակի վառ վկայություն է։
Ինչպիսի՞ օրինակ ես հանդիսանում դու։ Ի՞նչ ազդեցություն ես թողնում մարդկանց վրա։ Պողոսն ասում էր, որ ոչ միայն լավ մարդիկ պետք է լինենք, այլև մեր գործողություններով ուշադրություն դարձնենք շրջապատի մարդկանց։ Շատ քրիստոնյաներ կան, որոնք արժանի կյանք են ապրում, և Աստված օրհնում է նրանց, բայց նրանք չեն կիսվում իրենց հավատքով։ Կան նաև քրիստոնյաներ, ովքեր բաց դավանում են իրենց հավատքը, բայց չեն ապրում դրա համաձայն (այդ դեպքում ավելի լավ է լռեն)։ Մենք պետք է ճիշտ վարվենք նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ համար դժվար է լինում, և մարդիկ պետք է իմանան մեր քայլերի հիմքը։ Ինչպիսի՜ հզոր վկայություն է, երբ մենք քարոզում ենք Ավետարանը, որի իրավունքը վաստակել ենք աստվածապաշտ կյանք ապրելու շնորհիվ։ Ահա թե ինչու է կարևոր լավ օրինակ լինելը։
Հեղինակ՝ Գրեգ Լորի
Աղբյուրը՝ ieshua.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը