Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս սատանային գողանալ, սպանել և կործանել
«Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան» (Հովհ. 10.10)։
Հիսուսի այս խոսքերը հնարավոր է ծանոթ լինեն քեզ։
Մենք ունենք հակառակորդ սատանային, ով շատ հաճախ Աստծո թողությամբ անում է այս կամ այն չարությունը։ Եվ հարց է ծագում, թե ինչու՞ է Աստված թույլ տալիս այդ ամենը։ Նմանատիպ հարցի մեջ կա թաքնված մեկ այլ հարց, որ սերունդներ շարունակ հետաքրքրել է մարդկանց. ինչու՞ է լավ մարդկանց հետ էլ վատ բաներ կատարվում։
Արդյոք Աստված բարի չէ՞։
Արդյոք Աստված առավել զորեղ չէ՞, քան սատանան։ Մի՞թե Նա չի կարող կանգնեցնել սատանային, երբ որ ցանկանա։
Նշված հարցերի պատասխաններն են` այո՛, այո՛ և այո՛։ Եթե պատասխանն «այո»-ն է, ինչո՞ւ Աստված չի վարվում հենց այդպես։
Եկեք ուսումնասիրենք այս մտքերը և տեսնենք, թե ինչեր կբացահայտենք։
Խորհրդավորությունն այն իրականությունն է, որին բոլորս ենք բախվում։
Կյանքի իրականությունն է` կլինեն հարցեր, որոնց պատասխանը չես ստանա։ Երանի այլ կերպ լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք։
1 Կոր. 13.9-10-ում. «Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։ Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կխափանուի»։
Սա իհարկե խնդրի լուծում չէ, սակայն այն տալիս է մեզ մի փոքր մտածելու հիմք, որ կյանքը միշտ ճշգրիտ կամ սև ու սպիտակ չէ։ Կան որոշ մոխրագույն հատվածներ ևս։ Այնուամենայնիվ, խնդիրը լավագույնս լուծելու համար՝ եկեք տեսնենք, թե ինչպե՞ս է սատանան գործում անհավատի, այնույետև՝ հավատացյալի կյանքում։
Սատանան և անհավատը
Անհավատ ասելով՝ կարելի է հասկանալ անպաշտպան մեկը։ Եթե մարդը չունի հավատք Քրիստոսի փրկարար լինելու մեջ, նա Աստծո պաշտպանության տակ չէ։ Աստծո խոստումները նրա համար չեն։ Արդյունքում, մնալով բոլորովին միայնակ, պատրաստ է ընտրվելու արդեն սատանայի կողմից՝ որպես զոհ։
«Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է, թէ որին կուլ տայ» (1Պետ. 5.8)։
Ովքե՞ր են, որ խոցելի են և կարող են հեշտությամբ կործանվել։ Նրանք, ովքեր Տիրոջ ծածկի տակ չեն, պաշտպանությունից դուրս են։ Նման մարդկանց կյանքում Սատանան ունի ազատ կառավարելու հնարավորություն և այս իրավիճակում միմիայն Աստծո ողորմությունը կօգնի։ Հիսուսին մերժելը նույնն է, ինչ մերժել այն Միակին, ով զորություն ունի կանգնեցնելու հակառակորդի գործերը մեր կյանքում։
Երբ մերժում ես Հիսուսին, սատանան ինքն իրեն շատ ավելին է թույլ տալիս անել, քանի որ չկա մեկը, ով կկառավարի վերջինիս գործողությունները։
Սատանան և Հավատացյալը։
«Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած՝ գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ, որ աշխարհքիս մէջ են, նոյն չարչարանքներն են քաշում»(1Պետ. 5.9)։
Եկեք հասկանանք ընթացքը։ Հակառակորդը ման է գալիս և որոնում, թե ում կործանի։ Պողոսն ասում է, որ պետք է հակառակ կենալ նրան։ Հիշենք որ այս խոսքերը գրված են քրիստոնյաներին։ Որպես հավատացյալների՝ սատանան իշխանություն չունի մեր կյանքերում. մենք զորություն ունենք ընդդիմանալու։
Հիշենք Հակոբոս 4.7-ը. «Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կփախչի ձեզանից»։
Հակառակորդը կհարձակվի. անկախ ամեն ինչից նա մեր հակառակորդն է։ Տարբերությունն այն է, որ մենք զորություն ունենք դեմ կանգնելու, ձերբազատվելու և հակահարված տալու։ Քրիստոսով մենք զոհեր չենք, այլ՝ հաղթողներ։ Սա չի նվազեցնում կյանքի մարտահրավերները` միայն օգնում է դրանց հետ պայքարում։
Այս կորսված աշխարհի կեղծ տիրակալը։
Երկու իրողություն ևս, որոնց բախվում ենք այս կյանքում և որոնք կրկին վեր են մեր հասկացողության սահմաններից.
1. Մենք ապրում ենք կորսված աշխարհում։ Երբ Ադամը կերավ պտուղը և չհնազանդվեց Աստծուն, մեղքը մտավ աշխարհ։ Այդ պահից ի վեր մենք ստիպված ենք ապրել վերջինիս որոշման հետևանքի հետ։ Նրա մեղքն աշխարհ բերեց հիվանդություն, ատելություն և մահ։ Աստված թույլ է տվել, որ այս ամենը շարունակվի և այն կշարուշնակվի մինչև Քրիստոսը կրկին կգա։
2. Սատանան այս աշխարհի աստվածն է։ Չնայած, որ Աստված, այնուամենայնիվ, ինքնիշխան է, մենք տեսնում ենք սատանայի ներգործության ազդեցությունն այս աշխարհում։
«Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։ Որոնցում այս աշխարհքի աստուածն այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է» ( 2 Կորնթ. 4.3-4)։
Եվ եթե անգամ ավետարանը ծածկված է, այն ծածկված է նրանց համար, ովքեր կորսված են։ Այս դարաշրջանի աստվածը կուրացրել է անհավատների մտքերն, որպեսզի նրանք չկարողանան տեսնել ավետարանի լույսը, որ ներկայացնում է Քրիստոսի փառքը։
Անհավատը պաշտպանված չլինելով՝ բաց է հակառակորդի ստերի համար։
Արդյո՞ք Աստված թույլ է տալիս Սատանային հարձակվել հոգևորների վրա։
«Որովհետեւ մեր պատերազմն արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնաւորների մէջ են» (Եփ 6.12)։
Այսպիսով, պատասխանն է` այո։
Հնարավոր է՝ ոչ միշտ ստանանք պատասխաններ այս կյանքում։ Սակայն մենք կարող ենք առերեսվել կյանքի դժվարին իրավիճակներին՝ գիտենալով, որ Աստված բարիին գործակից է անում ամեն բան, ինչպես խոստացել է։
«Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց, որ նախասահմանելովը կանչուած են» (Հռ. 8.28)։
Հնարավոր է, որ սատանան գա գողանա, կողոպտի և սպանի, բայց՝ որպես հավատացյալներ, մենք կարող ենք հակահարված տալ նրան, քանի որ ունենք զենքեր: Ինչպես նաև ունենք այն վստահությունն, որ Աստված միշտ մի քանի քայլ առաջ է` անկախ նրանից, թե ինչ կպատահի։ Եվ վերջապես, Նա ամեն բան բարիին գործակից կանի մեզ համար։
Հեղինակ՝ Կլարենս Հայնես
Աղբյուրը՝ crosswalk.com
Թարգմանեց Աննա Նիկողոսյանը