Ինչպե՞ս է Հիսուսը սովորեցնում հավասարակշռել կյանքը
Կյանքում ամենադժվար բաներից մեկն օրվա գրաֆիկը ճիշտ դասավորելն է: Ժամանակը լցնելու համար շատ հրաշալի հնարավորություններ կան, բայց բոլորից միաժամանակ օգտվել չենք կարող: Հիսուսն ապրեց կատարյալ կյանք և համատեղեց հանգիստը, աշխատանքն ու հաճելի ժամանցը: Եկե՛ք հիմա միասին նայենք Հիսուսի կյանքին ու տեսնենք, թե Նա ինչպես կատարյալ կերպով կազմակերպեց իր ժամանակը:
1. Հիսուսն առանձնանում էր հանգստանալու համար և աղոթում էր։
Նա ուներ իր առաջնահերթությունները: Հիսուսը հանգստանում էր՝ մարդկանցից առանձնանալով և աղոթելով (Մատթ.14.23, Մարկոս 1.35, Ղուկաս 5.15-16): Ամեն քարոզից ու հրաշքից հետո և առաջ տեսնում ենք, որ Հիսուսն առանձնանում է Աստծո հետ: Նա հիանալի օրինակ է ծառայում մեզ․ ինչքան էլ շփվող ու ընկերասեր լինենք, միշտ ժամանակ տրամադրենք ինքներս մեզ՝ կտրվելու ամեն ինչից, Աստծուն հրավիրելու և Նրա հետ պլանավորելու մեր հետագա անելիքները:
2. Հիսուսը ջանասիրաբար էր աշխատում։
Հիսուսը երբեք չէր ծուլանում: Անգամ մինչ իր ծառայությունը սկսելը՝ մինչև երեսուն տարեկանը, տեսնում ենք, որ Նա ուներ մասնագիտություն: Նա բոլորին հայտնի էր որպես հյուսն ու Մարիամի որդի (Մարկոս 6.3): Մեզ նման Նա էլ էր աշխատում, բայց դա Նրա համար մոլուցք չէր դարձել։ Երբ եկավ ժամանակը,Նա սկսեց ծառայությունը՝ նվիրվելով հիվանդներին բժշկելուն, մարդկանց կարիքները հոգալուն: Մենք նույնպես պետք է ժամանակ հատկացնենք մարդկանց օգնելուն և նրանց կարիքները հոգալուն:
3. Հիսուսը գնահատում էր մարդկանց։
Հիսուսի կյանքում միշտ երևում է մարդկանց արժեքը: Նա սովորեցնում է ժամանակ տրամադրել սիրելիներին: Նա ընկերություն էր անում տասներկու աշակերտների (Մատթ. 10.2-3), Մարիամի, Մարթայի և Ղազարոսի հետ (Հովհ. 10.38), իր մոր՝ Մարիամի հետ (Հովհ. 2.2-12): Ընկերների և ընտանիքի հետ անցկացրած ժամանակը շատ կարևոր է:
Հիսուսը մեզ թողեց առողջ և հավասարակշռված կյանքի օրինակ, որը Սուրբ Հոգով առաջնորդված կյանքն է: Սուրբ Հոգու օգնությամբ և Աստծո Խոսքի առաջնորդությամբ մենք կարող ենք հավասարակշռված կյանք ապրել Հիսուս Քրիստոսում:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը