Թո՛ղ Քո կամքը լինի... և խնդրում եմ՝ ինձ սա տուր, դարձրու այսպիսին կամ այնպիսին, որ ես սա անեմ․ չէ՞ որ Դու բարի Աստված ես, ինչպե՞ս կարող ես չկամենալ պատասխանել իմ սուրբ և աստվածահաճո աղոթքներին։

Մենք մեր աղոթքում ամեն անգամ խնդրում ենք Աստծո կամքը, բայց սրտով ցանկանում ենք մեր աչքի տեսած, մեր սրտում բույն դրած բարիքները՝ ըստ մեր ճաշակի և կամքի: Աստված էլ անիրավ դատավոր չէ, որ մի բանն այդքան խնդրելուց հետո մեզ չշնորհի: Բայց մի՞թե կարիք կա այդքան երկար աղոթելու, խնդրելու և Աստծուն համոզելու, որ Նա կատարի Իր իսկ կամեցածը: Աստվածաշնչում կան բազում օրինակներ, երբ Աստված մարդուն տալիս է խոստում ու տարիներ շարունակ նրան պատրաստում՝ առանձնացնում, սրբում ու սովորեցնում: Այդ մարդիկ անցկացնում են իրենց տարիները լռության ու ինքնաքննության մեջ՝ փորձելով մնալ հավատարիմ իրենց կոչումին և աստվածային կանչին:

Պատրաստության վերջին փուլում շատերը Մովսեսի նման ծայրաստիճան խոնարհված իրենց արժանի չեն էլ համարում Աստծո ծառայության մեջ մտնելուն: Շատերը, Հակոբի նման շտապելով, փորձում են շրջանցել պատրաստության ընթացքը, բայց վերջին պահին իրենց ձախողումները տեսնելով՝ հասցնում են ապաշխարել ու Աստծո զորությանը հանձնվել: Շատերն էլ Դավիթի պես մինչև վերջ իրենց թուրը չեն արնոտում և սրբությամբ ու պատվով հանձն են առնում երկնքից իրենց շնորհված օծության գործը: Բայց կան մարդիկ, ովքեր իրենք որոշեցին, թե իրենց ինչ է պետք և աղոթքով, անդադար ծոմով կամ լացով ստացան՝ Սամուել մարգարե (Աննա), Սավուղ թագավոր (Իսրայելի ժողովուրդ), 15 տարի ավել կյանք (Եզեկիա թագավոր), կորցրած օծություն (Սամսոն):

Հրաշալի է այս մարդկանց կյանքն ու անցած ճանապարհը նայել Աստվածաշնչում և տեսնել, թե մարդիկ Աստծո հետ ինչպես են ուխտ կապում, թե ինչպես է Աստված մարդու հետ Իր ուխտը կապում, ինչ ընթացք և վերջաբան են ունենում նման պատմությունները:

Աստծուն հավատալը և Աստծո մեջ մնալը մի՞թե Աստծո հետ ուխտ կապելու և այն պահելու մեջ չէ: Եվ արդյո՞ք հենց այդ ուխտի կանոններով ապրելը Աստծո կամքը կատարելը չէ:

«Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի։ Ասում եմ ձեզ թէ Շուտով իրաւունք կ’անէ նորանց համար։ Սակայն մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ» /Ղուկաս 18.7-8/։

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.