Այսօրվանը՝ վաղվա համար
Հովսեփի կյանքում եկան առատության յոթ տարիներ և հետո սովի յոթ տարիներ: Պատահական չեն այս թվերը, ոչ էլ իրավիճակների հաջորդականությունը: Ինչպես Հովսեփին, այնպես էլ այսօր մեզ Աստված նախապես պատրաստում է մեր ապագային: Նա տալիս է մեզ Իր խոսքը, որ ամուր պահենք և հնարավորինս խորը քննենք, իսկ հետո թույլ է տալիս փորձություն, որ այդժամ էլ մեր սիրտը քննենք:
Երբ Աստծո խոսքը ցանվում է իմ սրտում, ինչպիսի՞ն է այդ հողը: Եթե չոր է, շուտով կմոռացվի, եթե քարքարոտ, այն երկար չի ապրի, թե փշոտ է, անպտուղ կմնա, բայց եթե պարարտ է, ժամանակի, փորձության և դժվարության ընթացքում պտուղ կտա և շատերի օրհնության պատճառ կդառնա:
Հովսեփն իր կյանքի զորության ու ապահովության տարիներին լավագույնս օգտվեց Աստծո ընձեռած բարիքներից, և դրանք տկարության ու սովի ժամանակներում բավարարեցին թե՛ իրեն, թե՛ իր ամբողջ երկրին ու շրջակա տարածքներին:
Այսօր ես կարող եմ ապրել ժամանակավոր հաճույքներով և Աստծո Խոսքը, որ լսում եմ, վաղը մոռանալ: Բայց նաև կարող եմ, ամեն օր սիրտս Աստծո առաջ մաքրելով, պարարտ հող պատրաստել, որ երբ էլ Խոսքը գա, իր տեղը գտնի ու արմատանա: Անդադար դրա շուրջ խորհրդածելով ու այն իմ սրտի մեջ պահելով՝ մի օր հրաշք տեղի կունենա և օրհնություն կդառնա թե՛ իմ, թե՛ ինձ ծանոթ-անծանոթ մարդկանց համար:
Լիլիթ Հարությունյան