Ի Տեր ննջեց «Վերնատուն» եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանը
2020 թվականի հունիսի 30-ին կյանքի 66-րդ տարում ի Տեր ննջեց Երևանի Ավետարանական «Վերնատուն» եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանը:
Հիրավի, խիստ մեծ է եղել Աստծո մեծ ծառայողի ազդեցությունը հայկական քրիստոնեական աշխարհում ու եկեղեցական կյանքում: Ավելի քան 40 տարվա ծառայողական կյանքի ընթացքում նրա միջոցով Ավետարանի Բարի լուրը լսել են հարյուր հազարավոր մարդիկ՝ Հայաստանում, Ջավախքում ու արտերկրում, հիմնադրվել հարյուրավոր տնային խմբեր ու եկեղեցիներ, նրա ձեռամբ, աղոթքով ու օծությամբ կարգվել հովիվներ ու առաջնորդներ:
«Մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո մեր սիրելի Նոդար հովվի սիրտը կանգ առավ, և Աստծո այդ մեծ մարդը գնաց՝ հավիտյան լինելու Իր Տիրոջ ու Փրկչի հետ, որին սիրում էր իր կյանքում ամեն բանից առավել: Հաշվի առնելով ներկա համաճարակային սահմանափակումները, հուղարկավորության արարողությունը կանցկացվի միայն ընտանիքի անդամների շրջանում: Խնդրում ենք շարունակել աղոթել Նոդար հովվի ընտանիքի անդամների մխիթարության համար, որպեսզի Աստծո զորությունով կարողանան հաղթահարել այս անժամանակյա ծանր հարվածը». գրում է «Վերնատուն» եկեղեցու ֆեյսբուքյան էջը:
Christians.am կայքի խմբագրությունն իր զորակցությունն է հայտնում Թադևոսյանների ընտանիքին ու «Վերնատուն» եկեղեցու սիրելի քույր-եղբայրներին: Աղոթում ենք, որ Ամենակարող Աստված իր Սուրբ Հոգով մխիթարի այս անժամանակ և շատ մեծ կորուստը: