Ապաշխարության կոչ-հորդոր Մայր թատրոնի բեմից
Վերջերս կայացավ երկար սպասված Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման առաջնախաղը:
Երկիր մոլորակին վտանգ է սպառնում. ամենուր քաոսն է տիրում: Աստծո պատկերով արարված մարդը օտարացել հեռացել է Աստծուց, դարձել մարդասպան գանգստեր, հանցագործ, անբարոյական, դավաճան, վախկոտ ու անտարբեր, խեղվել են մարդկային հարաբերությունները, ծաղկում է կոռուպցիան:
Եվ ահա Աստծո պատվիրաններից ու բարոյական չափանիշներից օտարացած ժողովրդից դուրս է գալիս եւ մի փոքր մարդ եւ սկսում է արագորեն աճել: Փոքր մարդ՝ Արթուրո Ուին (Տիգրան Ներսիսյան): Փառամոլության, իշխանատենչության մոլուցքը չնչին մարդուն բարձրացնում է կարիերայի բարձրակետին՝ միջոցների առաջ կանգ չառնելով: Կարող է ձևանալ դժբախտ, չհասկացված, չգնահատված, խեղճ է ու արհամարհված (ինչպե՜ս է խնդրում Դոգսբորոյին օգնել իրեն), կարող է սիրաշահել գեղեցկուհի տիկնոջը՝ Բեթի Դոլֆիթին (Աննա Էլբակյան), կարող է պերճախոս ճառել՝ հռչակելով իրեն փրկիչ՝ ձեզ կարող է փրկել միա՛յն Արթուրո Ուին: Բոլոր դեպքերում նա իր էությամբ գիշատիչ է, ֆաշիստ: Եվ դիակների կույտերի վրայով հասնում է կարիերայի բարձրակետին: Իհարկե՛, նրա վախճանը անփառունակ է: Բայց Բրեխտը հիշեցնում-զգուշացնում է, որ դեռ չի չորացել արգանդը չարի:
Իհարկե՛, այդ մարդկային կերպարը կորցրած չնչին մարդու կարիերան կարող էր կանխվել, բայց մարդիկ որդեգրել էին բարոյական այլ չափանիշներ՝ «ամենքը խոտորվեցան եւ ապականեցան» լույսը թողած՝ մարդը իր իսկ կամքով ընտրել է խավարը. «…շատացել է մարդկանց չարությունը երկրի վրա եւ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր» (Ծննդոց 6-5):
Չար ու դժնդակ ժամանակներում փոքրացել ու մանրացել է մարդկային հոգին, մարդը մարդուն է կուռք դարձնում, ֆաշիստը՝ կուռք, դա հենց մարդու թողտվության, վախկոտության, փողասիրության, փոքրոգության, անտարբերության, ագահության, անձնապաշտության պատճառով: Ահա բարի համբավ ունեցող Դոգսբորոն (Ալբերտ Սաֆարյան), նա չդիմանալով միլիոնների գայթակղությանը՝ դառնում է փոքր մարդու մեկենասը՝ ձեւավորում, հղկում է մինչեւ ուղնուծուծը ֆաշիստ Արթուրո Ուիին: Ընչասիրությունը, փողասիրությունը նրան տանում է կործանարար փորձության՝ դառնալով համախոհ-հանցակիցը:
Դարձյալ հիշենք Սուրբ գրքի խոսքը. «…բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ վրիպեցին հավատից եւ իրենց գցեցին բազում ցավերի մեջ» (Ա Տիմոթեոս 6․10):
Երեքժամյա այս ներկայացումը սթափեցնող մի զրույց- հաղորդագրություն է ուղղված համայն մարդկությանը՝ կանգ առնելու, ապաշխարելու՝ փորձել գտնել կուտակված հարցերի պատասխանները՝ ի վերջո որն է ապրելու նպատակը, ուր է տանում այս կործանարար «լայն ճանապարհը», ինչպես դուրս գալ քաոսային վիճակից, որ ամենուր է ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ աշխարհի ցանկացած անկյունում. երկիր մոլորակն է անդունդի եզրին. ինչպես դուրս գալ խավարից, փոխվել, վերստին ծնվել՝ հավատարիմ մնալ Աստծո պատվիրաններին, « …որովհետեւ (Աստված) չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարության հասնեն» (Բ Պետրոս 3․9):
Աղբյուրը՝ aravot.am