Հիսուսի հարությունը իմ փրկության տոնն է
Այսօր աշխարհում օրացույցի վրա կարմիրով նշվում է ընդամենը մեկ օր Հիսուսի փառավոր հարությունը հիշելու և տոնելու համար: Իհարկե՛, մենք շատ ուրախ ենք ու երջանիկ, որ հաղթեց արդարությունը, որ անմեղ արյուն թափվելուց հետո հարություն առավ Հիսուս Քրիստոսի մարմինը, վերափոխվեց, և հիմա հավիտյան Նա թագավորում է երկնքում: Բայց սա դեռ ամենը չէ՝ կապված Հարության տոնի հետ: Հիսուսի հարությունը նշելով՝ մենք տոնում ենք երկինք մտնելու մեր իրավունքը:
Հիսուսը եկավ լույս աշխարհ և ողջ կյանքի ընթացքում իր անձն ու մարմինը հետ պահեց ամեն տեսակ ապականությունից: Նա սուրբ ու թանկ պահեց իր կյանքը, որ կարողանա այն հանձնել իմ ու քո գործած մեղքերի անսահման բարձր վարձի դիմաց: Հիսուսը մինչև վերջ սիրեց ինձ, քեզ և ողջ մարդկությանը: Նա հիշեց մեզ և աղոթեց մեզ համար մինչև վերջ: Նա իր կյանքի մինչև վերջին վայրկյանն ապրեց մեզ համար: Փառք Աստուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իր կատարած մեծ զոհի և փրկչարար գործի համար:
Հիմա մեզ տրված է ժամանակ՝ մեր երկրային կյանքը, որ Հիսուսին տանք մեր պատասխանը՝ Իր կատարած սիրո առաջարկության վերաբերյալ: Ընդունելո՞ւ ես Նրա զոհը, դառնալո՞ւ ես Նրա հարս եկեղեցու մի մասը: Եթե այո, ուրեմն՝ դու արդեն նշանադրված ես և լինելու ես Երկնային խնջույքի պատվավոր անդամը: Շնորհավորո՜ւմ եմ: Հիմա Քո անձն այլևս միայն քոնը չէ․ դու այն հանձնեցիր Հիսուսին և պետք է փորձես ամեն կերպ հաճեցնել ու հնազանդվել Նրան՝ ամեն օր պատրաստվելով ձեր հանդիպմանը Երկնքում:
Լիլիթ Հարությունյան