Ինչպե՞ս կրել Աստծո սպառազինությունը
Մինչև չկրենք Աստծո սպառազինությունը, պատրաստ չենք լինի առջևում գտնվող հոգևոր պատերազմի համար:
Որպես քրիստոնյա՝ մենք պետք է պատրաստ լինենք հոգևոր պատերազմին: Խոսքն ասում է. «Որովհետև մենք մարմնի և արյան հետ չենք պատերազմում, այլ՝ իշխանությունների դեմ, զորությունների դեմ, այս աշխարհի խավարի իշխանների և բարձր տեղում եղող հոգևոր չարության դեմ» /Եփեսացիս 6.12/:
Որպես քրիստոնյա՝ մենք պետք է կռվենք թշնամու հետ՝ օգտագործելով Աստծո սպառազինությունը: Խոսքն ասում է. «Իսկ դու նեղությունների տոկա՛, ինչպես Հիսուս Քրիստոսի լավ զինվորը: Ոչ մի պատերազմող իրեն այս կյանքի գործերի մեջ չի խճճում, որպեսզի հաճելի լինի նրան, ով իրեն ըտրել է զինվոր լինելու» /Բ Տիմոթեոս 2.3-4/:
Փրկության սաղավարտ
Կրե՛ք փրկության ու հույսի սաղավարտը, որ նշանակում է ամուր պահել փրկության վստահությունը: Շատ կարևոր է պատերազմի ժամանակ հստակ գիտակցել, որ դու փրկված ես, հանդիսանում ես Աստծո զավակ և երկնային թագավորության անդամ: Սուրբ Գիրքն ասում է. «…պարծենում ենք նեղությունների մեջ, իմանալով, որ նեղությունը համբերություն է առաջ բերում, և համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Եվ հույսը ամոթով չի թողնում, քանի որ Աստծո սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ մեզ տրվեց» /Հռոմեացիս 5.3-5/:
Արդարության զրահ
Հաջորդ բանը, որ մենք ունենք, արդարության զրահն է: Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով մենք հիմա ունենք Աստծո արդարությունը, «Որովհետև Աստված Նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղք դարձրեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում» /Բ Կորնթացիս 5.21/: Հիսուսը մեկընդմիշտ վճարեց մեր արդարության գինը: Նրա զոհը միանգամայն կատարյալ է: Հրաշալի՜ է գիտակցելը, որ մենք Աստծով արդար ենք:
Ճշմարտության գոտի
Հիսուսը ճշմարտությունն է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»/Հովհաննես 14.6/: Հիսուսն է Խոսքը: Խոսքը ճշմարտությունն է: Շատ կարևոր է մեր անձերը լցնել Խոսքով և Նրա բազում խոստումներով: Առանց Խոսքի մենք չենք տեսնի ճիշտ ուղղությունն ու կմոռանանք Աստծուց մեզ տրված խոստումները: Սովորելով և օգտագործելով Խոսքը՝ մեր հոգևոր պատերազմի մեջ մենք մեծ զորություն կստանանք:
Հավատքի վահան
Շատ կարևոր է հավատքի վահանը ճիշտ օգտագործելը, քանի որ այն կարող է մեզ պաշտպանել թշնամու նետերից: Երբ մեր հավատքը կառուցված է Աստծո Խոսքի հիման վրա, ոչ մի սուտ կարողություն չի ունենա մեզ վնասել: Դա թշնամու հանդեպ ունեցած մեր հաջողությոան գրավականն է:
Խաղաղության Ավետարանի կոշիկներ
Մենք ողջ կյանքում Քրիստոսի զինվորները լինելու պարտականության մեջ ենք: Ավետարանի միջոցով խաղաղություն ունենալը նշանակում է մեր փրկության հարցում մենք ունենք հավատ և վստահություն, մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք Հիսուս Քրիստոսի կատարած գործի շնորհիվ:
Հոգու սուր
Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է, միշտ կենդանի է: Դա մեր զենքն է, որ կատարյալ ազդեցություն է ունենում թշնամու նկատմամբ: Մենք ամեն օր պետք է կրենք այն, ինչպես սպառազինության մյուս զրահները, որ կարողանանք հաջողություն ունենալ թշնամու նկատմամբ, ուղիղ կանգնել մեր տեղում և չընկնել:
Ամուր կառչի՛ր Աստծո խոստումներից և պատերազմդ պատերազմի՛ր Աստծո սպառազինությամբ և Աստծո խոսքով:
Աղբյուրը՝ whatchristianswanttoknow.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը