Աստվածաշունչը և վիրավոր զինվորը
Պատերազմի ժամանակ մի հովիվ-միսիոներ հայտնվում է մարտադաշտում, որտեղ նոր էր տեղի ունեցել կռիվը։ Նա տեսնում է գետնին ընկած վիրավոր զինվորի։
Ուղարկելով իր ուղեկցին օգնության՝ նա մնում է մենակ զինվորի հետ։
Միայն Աստվածաշունչ ունենալով ու ցանկանալով թեթևացնել նրա տառապանքները՝ նա դիմում է վիրավորին՝ առաջարկելով ընթերցել Աստվածաշնչից հատվածներ։
Բայց վերջինս միայն մեկ բան է շշնջում․ «Խմե՜լ»։
Հովիվը վազում է մոտակա առվակի մոտ, ջուր տալիս տառապողին, ապա նորից առաջարկում կարդալ Սուրբ Գիրքը։
Նա միայն պատասխանում է․«Մրսո՜ւմ եմ»։
Միսիոները հանում է վրայի հագուստը և ծածկում պառկածին՝ նորից պատրաստվելով ընթերցմանը։
-Չէիք կարո՞ղ գլուխս մի փոքր բարձրացնել,- նորից խնդրում է զինվորը։
Հովիվը հանում է վերնաշապիկը և փաթաթելով բարձ պատրաստում։
-Իսկ հիմա կարդացեք ինձ համար Ձեր Փրկչի մասին,- կամաց ժպտում է վիրավորը։