Ամենամեծ օրհնությունը ձեր և այն մարդկանց համար, ովքեր ապրում են հարևանությամբ, աշխատում են ձեզ հետ կամ հանդիպում են ձեր ճանապարհին, խաղաղ փոխհարաբերությունները պահպանելն է: Օրհնություն է լինել խաղաղարար և ոչ թե խաղաղությունը խախտող: Տեր Հիսուսը Մատթեոս Ավետարանի 5.9 համարում ասում է.«Երանի՜ խաղաղություն անողներին, որովհետև նրանք Աստծո որդիներին պիտի կոչվեն»:

Խաղաղությունը կարող է կոտրվել նախանձից, հպարտությունից, անհամբերությունից, սիրո պակասից, անհասկացողություններից, չափազանց զգացմունքայնությունից և առավելապես չզսպված լեզվից:

Ե՛վ ձեզանից, և՛ ինձանից պահանջվում է շատ մեծ իմաստություն, որ պահպանենք լավ հարաբերություններ ուրիշների հետ և հաղթահարենք խնդիրները, որոնք խախտում են խաղաղությունն ու անդորրը:

Տեր Հիսուսը հստակ ասում է, որ Աստված ի վերուստ մեզ իմաստություն է տալիս՝ ի պատասխան մեր աղոթքի, և այդ իմաստությունը խաղարարար է և խաղաղություն է բերում (Հակ. 3.17): Հակոբոսը գրում է, որ այս իմաստությունը նաև սուրբ է, հեզ, հլու, ողորմությամբ և բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ և արդար: Նա նաև գրում է, որ դրա պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց մեջ, ովքեր խաղաղություն են պահպանում (Հակ. 3.18):

Կա մեկ ուրիշ «իմաստություն»՝ այս աշխարհի իմաստությունը, երկրային իմաստությունը (Հակ. 3.15), որը բերում է նախանձ, կռիվ, անկարգություն և ամեն չար բան՝ կործանելով խաղաղությունը: Այդ պատճառով մենք կարող ենք որոշել, թե որ իմաստությամբ ենք օժտված և առաջնորդվում՝ նայելով դրա պտուղներին: Վերին իմաստությունը խաղաղություն է բերում, իսկ երկրային իմաստությունը՝ անկարգություն ու կռիվ:

Մենք պետք է աղոթենք վերին իմաստության համար, որը խաղաղություն է բերում, և բոլոր միջոցներով ջանանք խուսափել երկրային իմաստությունից, որը կործանում է խաղաղությունը:

Աստված Իր Խոսքում հայտնում է, որ ապրենք ու աշխատենք Իր ու միմյանց հետ ներդաշնակության մեջ: Մենք կանչված ենք խաղաղության, ինչպես գրված է Կող. 3.15-ում. «Եվ Աստծո խաղաղությունը իշխի ձեր սրտերում, որի մեջ էլ կանչվեցաք մեկ մարմնով և գոհացող եղեք»:

Քրիստոսի խաղաղությունը պետք է թագավորի նախևառաջ մեր սրտերում: Բայց մենք միասին կազմում ենք մեկ Մարմին և պետք է օժանդակենք, որ այդ Մարմինը գտնվի խաղաղության ու հոգևոր միասնության մեջ:

Սեմ Դոհրթի «Երջանիկ նավարկություն առաջնորդության և փոխհարաբերությունների նավերով»

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.